Դեռեւս չնչին
Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ քննարկեց փոխկապակցված 3 օրենսդրական նախաձեռնություն։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին Զինծառայողների, նրանց ընտանիքների սոցիալական ապահովության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքներին։ Այս նախաձեռնությունները քննարկումների տեղիք տվեցինՙ ի տարբերություն նախորդ «անհարց», «անելույթ» քննարկումների։
Այս փաթեթով առաջարկվում է զինծառայողների, վետերանների, հաշմանդամների համար որոշ արտոնությունների գումարային փոխհատուցումներ մտցնել։ Մասնավորապես մի շարք կոմունալ ծառայությունների գծով դրամական օգնությունը կկազմի ամսական 3 հազար դրամ, զոհված զինծառայողների ընտանիքներինՙ 5 հազար դրամ։ Հաշմանդամ վետերանների դեպքում կտրվի գազա եւ ջերմամատակարարման համար նախկին 2500 դրամի փոխարեն 3500 դրամ։ Ընդհանուր առմամբ կպահպանվեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, ասենք, տրանսպորտից օգտվելու 50 տոկոսի կապակցությամբ։
Այս փոփոխություններով բյուջեում կառաջանան 943 մլն դրամի ծախսեր։ Իսկ թե 1 անձի հաշվով ի վերջո որքան կկազմեն արտոնությունների միջոցով անցնող ծախսերըՙ խորհրդարանին այդպես էլ չներկայացվեն։ Ավելինՙ օրենսդրական նախաձեռնությունները խորհրդարանին ներկայացնող սոցապ նախարարության ներկայացուցիչն օգնությունը, փոխհատուցումը համարեց համադրելի։ Նման դեպքում հարցական է մնում, թե ինչպես նշված կատեգորիայի անձինք կարող են փակել իրենց կոմունալ ծախսերը, քանի որ անգամ որոշակի առումով «մեծացած օգնությունը» դեռեւս չնչին գումար է։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ