1952-ին Զեյթունի Կամարակ փողոցի 2-րդ նրբանցքի հարեւանությամբ, Երքաղգործկոմիՙ 7.05.52թ. թիվ 8/459 որոշմամբ քսանվեց հազար քառ. մետր է հատկացվում կաթի գործարանի շինարարության համար։ Գործարանը կառուցվում է հինգ տարվա ընթացքում։ Երբ 57-ին շահագործման է հանձնվում, կից տարածքում ապրող զեյթունցիներից եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ «տանը կպած աշխատանք» ապահովող գործարանը, տարիներ անց իրենց գլխին պատուհաս է դառնալու։ Քննադատության «թիրախ» խորհրդային տարիներին, սակայն, գործի կազմակերպիչները հրաշալի գիտեին եւ պահպանում էին պահանջները, որոնց համաձայն «կոմպրեսորնին» բաց տարածքում արգելվում էր աշխատեցնել եւ գործարանային սարքավորումները պետք է տեղադրվեին բնակելի տներից 50-70 մետր հեռու։ Մի խոսքով, խորհրդային «տխրահռչակ» տարիներին աղմուկն այդ թաղամասից «յոթը սարի այն կողմ էր», չնայած կաթի գործարանը մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը աշխատել է ողջ հզորությամբ, եւ շրջապատի բնակիչները վայելել են Երեւանի ամենաթարմ ու համեղ կաթն ու մածունը։
Ամեն ինչ սկսվել է 99-ին, երբ գործարանը փոխել է իր կառուցվածքըՙ պետական ձեռնարկության կարգավիճակից անցնելով բաժնետիրական ընկերության, մասնավորեցվել։ Որոշ ժամանակ անց «Աշտարակ-կաթ» ընկերությունն է գործարանը գնել։ Նոր տերերը. պահպանում են նախկին անունըՙ «Երեւանի կաթի քաղաքային գործարան։ Նոր սարքավորումների համար գործարանի շենքը «փոքր է գալիս», ուստի հարցը լուծվում է ձեռնարկությանը կից բացօթյա տարածքների հաշվին. բակում տեղադրում են գերհզոր գեներատոր։
«Անիծվի էդ սհաթը»
Խոսքը 99-ի մասին է, երբ վերագործարկվում է կոմբինատը։ Այդ օրվանից մինչեւ օրս սկսվել եւ չի ավարտվումՙ «Աշտարակ-կաթ» ընկերությանՙ Զեյթունի Կամարակ փողոցի 2-րդ նրբանցքի եւ թիվ 16 փողոցի բնակիչներին «պարգեւած» աղմկային սիմֆոնիան։
Բնակիչների առաջին խմբի բանակցությունը, ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Ադիլխանյանի հետ, կարծես թե, ստացվում է. տնօրենը խոստանում է երեք ամսից գեներատորը փակ շինություն տեղափոխել։ Ի դեպ, ըստ չափորոշիչների, նման սարքավորումները պետք է ոչ միայն փակ, այլեւ լուսամուտներ չունեցող տարածքում տեղադրվեն։
Երեք ամիս սպասելու խնդրանքը, սակայն, ձգվում է մինչեւ այսօր, դեռ ավելինՙ գերհզոր գեներատորի աղմուկին հավելվում է 12 օդափոխիչների դժոխային ձայնը։
2001-ից սկսած բնակիչները ծեծել են տարբեր ատյանների դռներ, խնդրելով հարգել սեփական բնակարանում հանգիստ ապրելու մարդկային իրենց տարրական իրավունքը։ Նրանք 2001 թ. նոյեմբերի 16-ին գրավոր դիմում են ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին։ Վերջինիս միջամտությամբ Քանաքեռ- Զեյթուն համայնքի ղեկավար Ռ. Սինոյանը հանձնարարական է իջեցնում թաղապետարանի համապատասխան ստորաբաժանմանըՙ զբաղվելու այս խնդրով։
Մեջբերումՙ հանձնարարականից. «Չնայած գործարանը չի աշխատում ս/թ նոյեմբերի 15-ից (խոսքը 2001 թ. մասին է-խմբ.) եւ մեր այցի օրը նույնպես չէր աշխատում, բայց հանձնաժողովը համոզվեց, որ նշված սարքերի շահագործումը կատարվում է տեխնիկական կանոնների խախտման անթույլատրելի պայմաններում։ Սեղմած օդի հին սարքավորումները շենքի ներսից ապամոնտաժվել են (դրանք պետք է լինեն անպայման փակ տարածքում) եւ նոր, գերմանական արտադրության, 12 մթնոլորտային հզորության օդի սեղմիչ սարքերը տեղադրվել են բացօթյա տարածքումՙ առանց խլացուցիչ ռետինե բարձիկների եւ զսպանակների։ Սարքավորումները տեղադրվել են մետաղական հիմքի վրա, ինչը շահագործման ընթացքում մեծ աղմուկ է առաջացնում։
Մթնոլորտային արտանետումները կատարվում են ձգող օդամղիչ հարմարանքների միջոցով, որոնք չունեն զտիչ հարմարանքներ։ Արտանետումն իրականացվում է տեխնիկական նորմաների խախտմամբ, որի արդյունքում մթնոլորտ է նետվում կաթի փոշի պարունակող աղտոտված օդ»։
Այն, ինչ արձանագրել է թաղապետարանի նշանակած հանձնաժողովը, փոքր-ինչ փոփոխությամբ կա նաեւ այսօր։ Չնայած Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանի լավատեսությանըՙ «...2002 թ. գարնանը նախատեսված վերագործարկման նախապատրաստական փուլում համապատասխան միջոցառումներ կիրականացվեն աղմուկի, մթնոլորտ կատարվող արտանետումների նվազեցման ուղղությամբ», մինչեւ օրս Կամարակի 2-րդ նրբանցքի եւ 16-րդ փողոցի մեկ տասնյակից ավելի տների բնակիչները պառկում են քնելու ականջները բամբակ խրած։
Բանակցային «Գողգոթա»
Այն սկսվել է, ինչպես ներկայացրինք, 2001-ից։ Բարեբախտաբար, զեյթունցիների թաղապետ պրն Սինոյանը «թասիբով թաղապետ» է այս պատմության մեջ, մի պաշտոնյա, որը համբերատար, աննկուն, քայլ առ քայլ առաջանում է դեպի հանգուցալուծումը։ Իհարկե, «մեծ կոմբինատորները» նրա գլխի տակ էլ փորձել են փափուկ բարձ դնել. «...Կատարվել են աղմուկի մակարդակի համապատասխան չափումներ... եւ օգոստոսի 24-ին, հաշվարկների հիման վրա ընտրվել է ձայնամեկուսացման տարբերակներից էֆեկտիվ նախագիծը...
...Ընկերությունը ծրագրում է ձայնամեկուսացման աշխատանքներն ավարտել ս/թ հոկտեմբեր ամսին։
19.09.02թ. գործադիր տնօրեն Հ. Ադիլխանյան»։
Ռուբեն Սինոյանը պաշտոնական գրություններով դիմել է ՀՀ առողջապահության փոխնախարար, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վ. Դավիդյանցին, Խորհրդային շրջանի հիգիենիկ, հակահամաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժիշկ Ս. Ղուկասյանին, բազմիցսՙ «Երեւանի քաղաքային կաթի գործարանի» տնօրինությանը։
Գործարանի աշխատանքային բեռնվածության տարբեր պահերին կատարվում են մի քանի փորձաքննություններ, արձանագրվում է աղմուկի թույլատրելի նորմաների գերազանցում։
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռ. Սինոյանին հասցեագրված հերթական պատասխաններից մեկում (03.06.02թ.), արդարացնելով խոստացված միջոցառումների ձգձգումը, նաեւ պատճառներ են հորինվում. «...կոմպրեսորային արտադրամասի տեղափոխում կամ շենքի կառուցում պահանջը ի սկզբանե անընդունելի է, քանի որ տեղափոխումը նշանակում է այս տարի կաթի մթերման եւ մշակման դադարեցում...»։ Փոխարենը գրության հեղինակ Հրանտ Ադիլխանյանը բացահայտում է. «...տասնյակ տարիների ընթացքում նախկին շրջգործկոմները, խախտելով շինարարական նորմերով սահմանված գործարանի պարսպից 50 մ սանիտարական գոտու հեռավորությունը, այն ժամանակ գոյություն ունեցող մի քանի շենքերի բնակիչների տեղափոխման փոխարեն, ցավոք, թույլատրել են պարսպից մի քանի մետր հեռավորության վրա կառուցել մեծ չափերի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքեր, նույնիսկ կառույցը հասցնելով մինչեւ պարիսպը։
Հուսով ենք, որ Ձեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ իրական փաստերը տասնյակ անգամներ աղավաղող պատասխանատու աշխատողների նկատմամբՙ հետագայում նմանօրինակ իրավիճակները կանխելու համար»։
Ոչ ավել, ոչ պակաս, մեղավոր են զեյթունցիները, որ իրենց տները կառուցել են կաթի գործարանի հարեւանությամբ։ Դե քանի որ «մեղավոր են», ուրեմն սուսուփուս պիտի կրեն իրենց «խաչը»։
Դատարանում
Երբ սպառվում են բանակցային փուլի բոլոր հնարավորությունները, Կամարակ փողոցի 2-րդ նրբանցքի, թիվ16 փողոցի բնակիչները «Աշտարակ-կաթ» ԲԲԸ-իՙ կոմպրեսորային սարքավորումները նախագծով նախատեսված փակ տարածք տեղափոխել եւ կաթի գործարանի արտադրամասի արտանետումները կանխել պարտավորեցնելու պահանջների մասին» հայցով այս տարվա աշնանը դիմում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան։
Հայցադիմումն ավարտվում է այսպես. «Խնդրում ենքՙ գործարանի սարքավորումներըՙ օդափոխիչները իրենց ձայնամեկուսիչներով բաց տարածքից վերատեղադրել փակ շենքումՙ ապահովելով բնակիչների բնականոն կյանքը եւ համապատասխանեցնել գործող սանէպիդ նորմերին»։
Դժոխային աղմուկի պայմաններում ապրելու դատապարտված զեյթունցիներն ընդամենը... խնդրում են, չեն պահանջում։ Խնդրածն էլ այս տարիների ընթացքում իրենց առողջությանը պատճառած վնասի դրամական փոխհատուցում չէ, այլՙ լռություն, անդորր, որն այսօր, նրանց գնահատմամբ, հավասարարժեք է Շվեյցարիայի առողջարաններում բուժվելուն։
Ապշել կարելի է. մի՞թե երեք տարվա ընթացքում հնարավոր չէր բավարարել հարյուրավոր մարդկանց այս փոքր խնդրանքը, եւ սա այն դեպքում, երբ գործարանի հարեւանությամբ, անասելի աղմուկի պայմաններում ապրելով բնակիչներից մի քանիսը «վաստակել են» սրտանոթային եւ նյարդային հիվանդություններ։ «Աշտարակ-կաթի» ղեկավարությունը հայցվորների պահանջը բավարարելու փոխարենՙ դատարանին ներկայացնում է «մեղմացուցիչ դեպք հանցանաց», որ աղմուկը թույլատրելի նորմաները տեղ-տեղ գերազանցում է 1 եւ 2 դեցիբելերով։
Երբ զրուցում էի բնակիչների հետ, նկատեցի, որ բոլորն էլ սովորականից բարձր են խոսում, նյարդային են, ձգված, հայացքի խորքում նույնիսկ ծվարած ագրեսիվություն կար։
Սակայն, երբ ժամը 16.00-ին դադարեց աղմուկը (սկսվել էր առավոտյան 9-ից), ինձ շրջապատող մարդիկ, ասես հրահանգով, միաձայն բղավեցին. «Օդափոխիչներն անջատեցին, մնաց ներսի հովացուցիչը»։ Կարլեն Հարությունյանն էլ բացականչեցՙ Շվեյցարիա է, Շվեյցարիա... Շուրջն անդորր էր, ասես աղմուկ չէր էլ եղել, մարդիկ կերպարանափոխվել էին։ Զեյթունի Կամարակ փողոցի 2-րդ նրբանցքի աղմկահալած մի բնակիչ էլ ընկավ անցյալի երանավետ նիրվանայի մեջՙ հիշելով, թե ինչպես. «Կոմունիստների ժամանակ կաթի փոշին դրսից էր բերվում։ Հիմնական շենքի հարակից փակ տարածքում էին գործում օդափոխիչ-հովացուցիչները։ Նրանց ձայնը տներում չէր լսվում, որովհետեւ հովացումը կատարվում էր բնական ճանապարհովՙ շատրվանների օգնությամբ։ Երեւանյան ճռճռան շոգերին շատրվանների զովացնող ջրի ցայտերն այսօր էլ երանությամբ ենք հիշում»։
ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ