Մոտ երկու ամիս առաջ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պայմանագիր էր կնքել հայկական երեք բանկերի հետ, համաձայն որի ամերիկյան կողմն ստանձնում էր այս բանկերի տրամադրած վարկերի ռիսկի 50 տոկոսը։ Քանի որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար լուրջ խնդիր է վարկի դիմաց համապատասխան գրավ գտնելը, ապա այս ծրագրով հիշյալ հարցը կարգավորվում է։ Երեք բանկերից յուրաքանչյուրին USAID-ն տալիս է շուրջ 1,5-ական մլն դոլարի երաշխիք։
Երեկ վերոնշյալ բանկերից «Կոնվերս բանկն» արդեն ներկայացրեց ծրագրի կոնկրետ արդյունքները։ Ինչպես տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը, երկու ձեռնարկություններՙ «Գեղարդ» մսամթերքի արտադրությունը եւ «Սկիպ էնտերպրայզը», որը սննդամթերքի փաթեթավորման պարկեր է արտադրելու, վարկային պայմանագրեր են կնքել բանկի հետ։ Համաձայն այդ պայմանագրի, առաջինը կստանա 50 մլն դրամ, երկրորդըՙ 110 հզ. դոլար վարկ 1 տարի ժամկետով եւ 20 տոկոսով։ Բանկի գլխավոր տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում առաջիկայում վարկեր կստանան եւս 2 ընկերություններՙ Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան եւ «Եվրոթերմ» հյութերի արտադրության ձեռնարկությունը։
Միջոցառմանը ներկա USAID-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Քիթ Սիմոնսը հայտնեց, որ «Կոնվերս բանկից» բացի մեկ վարկային պայմանագիր է կնքել նաեւ «Անելիք» բանկը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը այս վարկային ծրագիրը համարեց փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու առաջին քայլը։ Նշելով, որ յուրաքանչյուր տնտեսության շարժիչ ուժը փոքր եւ միջին բիզնեսն է, դեսպանն ասաց, որ այս ոլորտի ներկայացուցիչները իր հետ հանդիպումների ժամանակ իրենց դժգոհությունն էին հայտնում վարկեր ստանալու խոչընդոտներից։ Տվյալ ծրագիրը ուղղված է այդ դժվարությունները հաղթահարելուն։
Ա. Մ