«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ԵՐԵՎԱՆ-ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ ՉՎԵՐԹՈՎ «ԹՌՉՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐ»

Յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ իրականացվում են Երեւան-Եկատերինբուրգ չվերթեր։ Դրանցից մեկն իրականացնում է ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։ Ընկերության աշխատանքները Երեւանում իրականացնում են տեղացի մասնագետները։ Եվ ինչպես սպասելի է, իրականացնում են յուրովի մոտեցումներով։

Հինգշաբթի օրերին Երեւան-Եկատերինբուրգ չվերթով, ինչպես որ կարգն է, բոլոր ուղեւորները գրանցվում են, կշռում ուղեբեռը եւ 20 կգ-ից ավելի ունենալու դեպքում վճարում են ավելորդ կիլոգրամների համար։ Հենց այստեղ էլ «Ուրալյան ավիաուղիների» հայաստանյան աշխատակիցները յուրօրինակ մոտեցում են դրսեւորել։ Նրանք նախընտրում են ավելորդ կիլոգրամների դիմաց վճարվող գումարները դնել սեփական գրպանը, իսկ ուղեւորին չեն տալիս որեւէ ստացական կատարված վճարման մասին։

Վերջերս թռչում էի Եկատերինբուրգ։ Ուշադրություն գրավեց, որ ուղեւորներն իրենց ուղեբեռի ավելորդ կիլոգրամների համար համաձայնության էին գալիս «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության տեղացի աշխատողների հետ եւ, ասենք, վճարում պահանջվելիք գումարի կեսը։

Սա հասկանալի մոտեցում է, բայց, ինչպես պարզվեց արդեն Եկատերինբուրգում, ոչ շահավետ։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, անսպասելիորեն արդեն օդանավակայանի տեղացի աշխատակիցները սկսեցին նորից կշռել ուղեբեռները։ Ինչպես եւ պարզ է, ի հայտ եկան «ավելորդ կիլոգրամներ», որոնց համար Երեւանում կիսատ վճարած ուղեւորները ստիպված վճարեցին եւս մեկ անգամՙ արդեն ոչ պահանջվող գումարը։

Իմ այն հարցին, թե ինչով են պայմանավորված նման ստուգումները, Եկատերինբուրգի օդանավակայանի աշխատակիցները բացատրեցին, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանից թռչող ինքնաթիռով ընկերությանը չվճարված «կիլոգրամներ» են թռչում։

Պատահածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ անօրինական ճանապարհով ոչնչի չես հասնի, միեւնույն ժամանակ պարզ է, որ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Երեւանում գտնվող աշխատակիցներն աշխատում են տարածված մեթոդներովՙ հաշվի չառնելով ոչ ընկերության անվանը հասցվող վնասը եւ ոչ էլ ուղեւորներին դժվարին կացության մեջ դնելու հանգամանքը։

Հնարավո՞ր է արդյոք, որ երբեւէ մեր օդանավակայանից թռչելիս տարատեսակ խնդիրների չհանդիպենք։ Կամՙ կլինի՞ երբեւէ այնպիսի ժամանակ, երբ մեր բնակչությունը կնախընտրի օրինական ճանապարհները, որպեսզի ստիպված չլինի վճարել շատ ավելին, քան օրինական պահանջն է։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4