«Հայաստանում օրենքը չի գործում։ Դատական իշխանությունները բնավ էլ անկախ չեն, օրենքից ու ճշմարտությունից բարձր են դասում «մունդիրի պատիվը» եւ ինչպես ցանկանումՙ այնպես էլ ավարտին են հասցնում դատական գործերը»։ Սրանք խաղաղ բանակում ծառայակցի գնդակից զոհված գյումրեցի զինվորի հայր Հենրիկ Մալխասյանի խոսքերն ենՙ ասված ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում օրերս հրավիրած հերթական մամուլի ասուլիսում, ՀՀ վճռաբեկ դատարանում այս գործի քննության ավարտից հետո։ Արդեն մի քանի տարի Մալխասյանը հետամուտ է որդուՙ Կարեն Մալխասյանի սպանության բոլոր հանգամանքների ու մեղավորների բացահայտմանը, նաեւ սեփական նախաձեռնությամբ ձեռք բերած փորձագիտական նյութերի հիման վրա պնդելով, որ դա եղել է դիտավորյալ սպանություն, այն էլՙ ոչ մեկ գնդակով եւ ոչ մեկ մարդու կողմից, ինչպես ներկայացվում է։ Չնայած նրա պահանջով արված բազմակի փորձագիտական եզրակացություններին ու տարբեր դատական լսումներին, մինչեւ այժմ ոչինչ եւ որեւէ մեկը որդեկորույս հորը հիմնավորապես հակառակը չի համոզել ու չի հանգստացրել։ Ըստ նրաՙ վճռաբեկ դատարանն էլ 19 ամիս շարունակ, ավելի քան 50 նիստերի ընթացքում գործը քննելով որպես դիտավորյալ սպանություն, վերջում այնուամենայնիվ կայացրել է «այն վճիռը, որը թելադրված էր վերեւներից»։ Մալխասյանի պատմելովՙ նույնիսկ հանրապետության գլխավոր դատախազը, ընդունելով ու լսելով իրեն, անհաղորդ անտարբերությամբ ասել է. «Ի՞նչ տարբերությունՙ մեկ կրակոց է եղել, թե երկու», հետո ծնողի զայրալից արձագանքին ի պատասխան ավելացրել. «Մեկ միլիոն 200 հազար ընդդիմադիրները մեզ վրա չկարողացան, դու ի՞նչ պիտի կարողանաս»։
Չորս տարի շարունակվող դատական գործընթացների, երթեւեկի եւ նման ծախսերը շոշափելի ֆինանսական միջոցներ են պահանջել աշխատանք չունեցող Հենրիկ Մալխասյանից, եւ նա շնորհակալ է իր ընկերներից, տարբեր գործարարներից ու հասարակական կազմակերպություններից, որոնք իրեն այդ հարցում անշահախնդիր օգնություն են ցուցաբերել։ Անցնելով հանրապետության բոլոր դատական ատյաններով, խաղաղ բանակում զոհված զինվորի հայրն այժմ մտադիր է դիմել Ստրասբուրգի եվրոպական դատարան։
Գ. Մ.