«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ՆԻՆՈՆ ՉՀԱՄՈԶԵՑ ԱԲԱՇԻՁԵԻՆ, ՄԱՅԼՍՆ Է ՓՈՐՁՈՒՄ

Վրաստանի կենտրոնական իշխանությունների եւ Աջարիայի ինքնավարության առաջնորդ Ասլան Աբաշիձեի միջեւ առկա ճգնաժամը հաղթահարելուն ձեռնամուխ է եղել Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը։ Սա, անշուշտ, Վրաստանի նման երկրի համար անբնական երեւույթ չէ։ Մայլսը կարեւոր դերակատարություն է ունեցել Էդուարդ Շեւարդնաձեին իշխանությունից հեռացնելու գործընթացում, եւ պետական հեղաշրջում իրականացրած եռյակըՙ Նինո Բուրջանաձեն, Միխայիլ Սաակաշվիլին եւ Զուրաբ Ժվանիան, ստիպված կլինեն անգամ ներքաղաքական հարցերում հաշվի առնել ամերիկացիների խորհուրդները։ «Վերջին տարիներին Վրաստանի եւ Աջարիայի հարաբերությունները բնական չէին։ Այժմ կան որոշ ակնկալիքներ եւ հնարավորություններ կարգավորելու դրանք», Բաթումում Աբաշիձեի հետ բանակցություններից հետո ասել է Մայլսը։ ԱՄՆ դեսպանը Բաթում էր մեկնել Աբաշիձեին համոզելու, որպեսզի վերջինս չբոյկոտի հունվարի 4-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։ Մեկ շաբաթ առաջ նմանօրինակ առաքելությամբ Բաթում էր մեկնել գործող նախագահ Բուրջանաձեն։ Տիկին Նինոն մոտ 6 ժամ բանակցել էր Աբաշիձեի հետ, սակայն վերջինս չէր համոզվել։ Երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Մայլսին եւս չի հաջողվել համոզել Աբաշիձեին։ Վերջինս այսօր պետք է մեկնի Ստրասբուրգՙ Եվրախորհուրդ։ Այցի բուն մանրամասները դեռեւս հայտնի չեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4