Դեկտեմբերի 14-ին Կիպրոսի Հյուսիսայինՙ օկուպացված թուրքական հատվածում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ընդդիմադիր Թուրքական հանրապետական կուսակցությունն ու Խաղաղության եւ ժողովրդավարության շարժումը պատգամավորական 25 տեղեր ստացան, նույնքան էլՙ իշխող Ազգային միասնություն եւ Ժողովրդավարական կուսակցությունները։ Քանի որ Կիպրոսի թուրքական հատվածի խորհրդարանը 50 տեղանոց է, ուրեմն պատգամավորական տեղերը իշխանության եւ ընդդիմության միջեւ հավասարապես են բաշխված։
Թեեւ հունական կողմն ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատելիս արդյունքների առնչությամբ զուսպ է արտահայտվել, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն նպաստում ոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Ռաուֆ Դենքթաշի տապալմանը, ոչ էլ նրա թիկունքում կանգնած Թուրքիայի մեկուսացմանը։ Սա նշանակում է, որ մինչեւ մայիսի 1-ը, այսինքնՙ Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը, կղզին չի միավորվի, ոչ էլ կսկսվեն վերամիավորման բանակցությունները։
Բանակցությունների առումով թերեւս պատահական չէր գարնանը թուրքական հատվածում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Դենքթաշի պատրաստակամությունը։ Ակնհայտ է, որ վաղաժամկետ ընտրությունների դեպքում Կիպրոսը ԵՄ-ին կանդամակցի առանց թուրքական հատվածի։ Թեեւ դա բացասաբար կանդրադառնա ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա, բայց եւ այնպես շրջանառությունից դուրս կմղվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի նախաձեռնությունը, իսկ դա էլ ավելի կխորացնի Կիպրոսի մասնատվածությունը։
Հաշվի առնելով Անանի նախաձեռնության նկատմամբ պաշտոնական Անկարայի բացասական դիրքորոշումը, որը բխում է Կիպրոսի մասնատման ռազմավարությունից, ապա կարելի է փաստել, որ ընտրություններում, ի տարբերություն կիպրացի թուրքերի, Թուրքիան, այնուամենայնիվ, հաղթել է։ Ուրեմն ամենեւին չի կարող պատահական լինել Կիպրոսի հարցը Թուրքիայի, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության մասնակցությամբ քառակողմ հանդիպումներում քննարկելու Անկարայի առաջարկությունը։
Հատկանշական է, որ այս առաջարկն արվում է հենց ընտրություններից հետո, երբ դրանց արդյունքներն անորոշ իրավիճակ են ստեղծում Կիպրոսի թուրքական հատվածում։ Ուրեմն ընտրություններում պատգամավորական տեղերի հավասար բաշխումը որոշակիորեն ընդլայնել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» քաղաքական զարգացումներին միջամտելու Անկարայի հնարավորությունները։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Կիպրոսի թուրքական հատվածում մեկուսացման ենթակա են հենց Դենքթաշի ընդդիմադիրները, այլ ոչ թե Թուրքիան։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա պետք է ասել, որ Կիպրոսում նախաձեռնությանը տիրանալու համար եվրոպական այս կառույցը մրցակցում է ԱՄՆ-ի հետ։ Մրցակցության առկայությամբ կողմերի համար որպես կանոն քաղաքական նախաձեռնությունն անհամեմատ կարեւորվում է, քան հիմնահարցի լուծումը։
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Որովհետեւ կիպրական հիմնահարցի պարագայում ԵՄ-ի նպատակը Կիպրոսի տարածքից Արեւելյան Միջերկրականը վերահսկելն է, ինչպես նաեւ հետագա ներթափանցման հաշվարկներով հնարավորինս մոտենալն ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Մերձավոր եւ Միջին Արեւելքին։ Այլ կերպՙ Կիպրոսն այն ցատկահարթակն է, որը տարածաշրջան դուրս գալու հնարավորություններ է տալիս ԵՄ-ին։ Դրանց սահմանափակման հրամայականը, կարծում ենք, ԱՄՆ-ի համար ընդունելի կդարձնի Կիպրոսում թուրքական հատվածի գոյությունը։ Դա ակնհայտ կդառնա հատկապես այն դեպքում, երբ Կիպրոսի Հանրապետությունն անդամակցի ԵՄ-ին։ Քանի որ թուրքական հատվածը Կիպրոսի մասնատվածության արդյունք է, ուստի այս հատվածի հետ ընդունելի կլինի նաեւ կղզու մասնատվածությունը։
Այս պայմաններում կասկածից վեր է, որ Թուրքիան հաջողությամբ կխուսանավի Կիպրոսում հանուն նախաձեռնության միմյանց հետ մրցակցող ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ։ Ավելինՙ թուրք-ամերիկյան տարաձայնությունների ներկա փուլում թուրքերը հնարավորություն կստանան Մերձավոր եւ Միջին Արեւելք դուրս գալու համար ԵՄ-ին առաջարկելու Թուրքիային, թերեւս դրանով էլ ԱՄՆ-ի դեմ հակակշիռ ձեռք կբերեն։
Պաշտոնական Անկարան քաջատեղյակ է այս ամենին, որ Իրաքի հարցում տարաձայնությունների մեջ լինելով ԱՄՆ-ի հետ, Կիպրոսի առնչությամբ հակադրվում է ԵՄ-ին եւ քառակողմ հանդիպման առաջարկով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը մերժելուց բացի, միաժամանակ մերժում է նաեւ Կիպրոսի հիմնահարցի կարգավորմանը միջազգային ատյանների մասնակցությունը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ