Վրաստանն ունի իրական հնարավորություն լեգիտիմացնելու իշխանությունը
Նոյեմբերի 13-14-ը Վրաստանում Կովկասյան անվտանգության ինստիտուտի կազմակերպած հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հանդիպմանն էր մասնակցել Շավարշ Քոչարյանը։ Այդ հանդիպման, տարածաշրջանում տեղի ունեցող Հայաստանի համար կարեւոր իրադարձությունների, Ռուսաստանում կայացած ընտրությունների ու արդյունքների մասին էլ Շավարշ Քոչարյանը երեկ խոսեց լրագրողների հետ։
Նախ պրն Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպմանը հրավիրված էին նաեւ իշխանության ներկայացուցիչներՙ փորձագետի կարգավիճակով, որոնք չէին ներկայացել, մինչդեռ վրացական կողմից ներկա էին արտգործնախարարության, խորհրդարանի, նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ։
Հայաստանյան իշխանություններիՙ նման հանդիպմանը չմասնակցելու հանգամանքը Շավարշ Քոչարյանը համարեց հարեւան Վրաստանի նկատմամբ «արհամարհելու, հարաբերություններ չպաշտպանելու նման մոտեցում»։ Ապա խոսելով Վրաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններից, Քոչարյանը նշեց, որ տարածաշրջանում մինչ այդ իրադարձությունները երեք երկրները գնում էին ավտորիտար զարգացման ճանապարհովՙ նմանակելով եվրոպական արժեքները։
Առաջինը Վրաստանն էր, որ ընտրությունների արդյունքում ստեղծեց իրական հնարավորություն իրավական, ժողովրդավար պետություն կայացնելու համար։ Որպես փորձագետ Կովկասյան անվտանգության ինստիտուտից հրավիրված Շավարշ Քոչարյանի կարծիքով, դա չի կարող չազդել տարածաշրջանի վրա, հատկապես եթե տարածաշրջանում առկա է զարգացումների երկու վեկտոր։ Առաջինը եվրոպականը կամ արեւմտյանն էՙ ունենալ իրավական, ժողովրդավար երկիր, թափանցիկ իշխանություն, արդար ընտրություններ եւ այլն։
Մյուս վեկտորը ռուսականն է։ Քոչարյանի ներկայացմամբ, Ռուսաստանը շահագրգռված է իր ազդեցության գոտում պահել ԱՊՀ պետությունները, որպես լծակ տեսնելով ժողովրդի համար անընդունելի ռեժիմները։ Ժողովրդին հակադրելով իշխանության եկած ավտորիտար ղեկավարներին, Ռուսաստանի համար ավելի հեշտ է վերահսկել, քանի որ նրանք կախյալ վիճակում են հենց Ռուսաստանից։
Ներկայումս տարածաշրջանում առաջացել է այնպիսի վիճակ, որի դեպքում եթե Վրաստանին հաջողվի լեգիտիմացնել իշխանությունը, ապա Վրաստանը լուրջ աջակցություն կստանա ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։
Շավարշ Քոչարյանը նշեց, որ հենց այս կապակցությամբ քննարկվում են «ապշեցուցիչ գումարներ», որոնք պետք է ներդրվեն Վրաստանի տնտեսությունում։ Արդյունքում բյուջեների մակարդակով ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ադրբեջանի բյուջեները էապես մեծ կլինեն Հայաստանի համեմատ։
Հայաստանում չկա որեւէ հետեւողական ծրագիր, որի շնորհիվ, ըստ Շավարշ Քոչարյանի, տարածաշրջանում արտամրցակցային պայմաններում Հայաստանը կարողանա դիմակայել։ Այսինքն, մեր բյուջեն լուծում է միայն հարկահավաքի հարցը։
Ասուլիսում Շավարշ Քոչարյանը կարեւորեց, որ Հայաստանը տարածաշրջանում մեկուսանում է։ Մի կողմից դա արվում է միտումնավոր Ադրբեջանի կողմիցՙ Թուրքիայի օժանդակությամբ։ Ադրբեջանին հաջողվել է սուտն անընդհատ կրկնելով արմատավորել, նման մոտեցումը հրամցնել Եվրոպային։ Ուստի քաղաքական հարցում էլ, ըստ Քոչարյանի, Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ։
«Անընդհատ շեշտվում է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն չէ, լծակ է Ռուսաստանի ձեռքին, որը կոչված է ապակայունացնելու տարածաշրջանը», ասաց Քոչարյանը։ Նա նշեց նաեւ, որ ռազմական բազաների մասին խոսելիս Հայաստանում դրանց ամենակարեւոր հանգամանքը դրոշն էՙ անվտանգության առումով, մինչդեռ ռազմական առումով Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանն ավելի մեծ ստրատեգիական նշանակություն ունի, քան բոլոր բազաները Հայաստանում։
Հայաստանի մեկուսացումը, ըստ Շավարշ Քոչարյանի, վտանգավոր դեր կունենա ԼՂ կարգավորման հարցում։
Վրաստանում հանդիպման ժամանակ քննարկվել են հայության եւ հայ համայնքի խնդիրները։ Շավարշ Քոչարյանը նշեց մի շարք խնդիրներ, մասնավորապես Կենտրոնական Վրաստանում հողերը սեփականաշնորհում են, Ջավախքումՙ ոչ։ 200 հոգանոց վրացական գյուղը համարվում է համայնք եւ ունի ներկայացուցիչ կառավարման ավելի բարձր օղակում, հայկական մի քանի գյուղերն են համարվում համայնքՙ ունենալով մեկ ներկայացուցիչ։
Առկա է Հայաստան-Ջավախք կապի խնդիր, ոստիկանությունը թալանում եւ կեղեքում է։
Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Վրաստանն ամեն դեպքում հարեւան է, եւ մենք պետք է համագործակցենք։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ