Հայոց Մեծ եղեռնը XX դարի սկզբին ծանր փորձություն էր բազմադարյան պատմություն ունեցող հայ ժողովրդի համար, որը տարավ վիթխարի անդառնալի կորուստներՙ մարդկային, նյութական, հոգեւոր, իր պատմական հայրենիքում հայտնվելով ոչնչացման եզրին։
Այդ ճակատագրական պահին, երբ թուրքերին զոհ գնաց արեւմտահայության մեծ մասը, ամայացավ ողջ Արեւմտյան Հայաստանը, հայությունն, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ դիմակայելու արհավիրքին ոչ միայն ուժով, այլեւ հայ մտավորականների մի փայլուն համաստեղությամբՙ ի դեմս քաղաքական եւ հասարակական գործիչների, գրողների, գիտնականների, հրապարակախոսների։ Նրանք անշահախնդիր գործունեությամբ, նյութական միջոցներով, վառ խոսքերով դրսեւորեցին իրենց իբրեւ մեծ հայրենասերների։
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Ռուսաստանի հայերի միության ջանքերով վերջերս ռուսերեն լույս տեսավ բանասիրական գիտությունների թեկնածու Ռոբերտ Բաղդասարյանի «Ցեղասպանությունը եւ Ռուսաստանի հայ մտավորականությունը» աշխատությունը։
Չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ աշխատությունը հրատարակվել է ռուսերեն, քանզի առաջին հերթին ռուս հասարակայնությունն այդ աշխատանքի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալու XX դարի սկզբին Ռուսաստանում ապրող հայորդիների ծավալած գործունեությանն ի շահ հարազատ ժողովրդի, որն այդ ժամանակ ապրում էր իր պատմության ամենաողբերգական շրջանը։ Աշխատանքը հնարավորություն է տալիս մասնավորապես ռուս հասարակայնությանը համոզվելու, թե Ռուսաստանի հայկական համայնքը որքան համախմբված է եղել Հայոց ցեղասպանության տարիներին։ Այդ համախմբվածության ավանդույթը պահպանվել է նաեւ ներկայիս Ռուսաստանի հայկական համայնքումՙ շնորհիվ այդ երկրում գործող հայկական կառույցների եւ առաջին հերթին Ռուսաստանի հայերի միության։ Այդ համախմբվածությունը նպատակ ունի ոչ միայն ապահովել համայնքի ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը, այլեւ նախկինի պես ուղղված է հայրենիքին սատար կանգնելու եւ նրա հոգսերն ու խնդիրները հնարավորինս թեթեւացնելու կարեւոր գործին։
Աշխատության մեջ ներկայացված է առավել հայտնի ռուսահայ գործիչների հասարակական-քաղաքական եւ գրական-հրապարակախոսական գործունեությունը Ռուսաստանի հայտնի հայկական օջախներումՙ Մոսկվայում, Պետրոգրադում, Նոր Նախիջեւանում եւ այլուր։ Դրանց թվին են պատկանում Գրիգոր Ջանշյանը, Ալեքսեյ Ջիվելեգովը, Գրիգոր Չալխուշյանը, Միքայել Բաբաջանյանը, Հակոբ Զավարյանը, Կարեն Միքայելյանը։ Աշխատանքն, ըստ էության, ակնարկների շարք է նշված գործիչների մասին, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված է նրանց հայրենանվեր գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին։
Բաղդասարյանն ակնարկների շարքը սկսում է հայտնի գրական եւ հասարակական գործիչ, հրապարակախոս Գ. Ջանշյանի գործունեության լուսաբանումից, որը մեծ ավանդ է ունեցել հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ռուս հասարակությանը ներկայացնելու գործում։ Լինելով հեղինակավոր «Ռուսկիե վեդոմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիրներից մեկը, նա բազմաթիվ հոդվածներով եւ ակնարկներով հրավիրել է Ռուսաստանի առաջադեմ մտավորականության ուշադրությունն արեւմտահայերի ծանր կացության վրա։ «Դիեւ» ծածկանվան տակ Ջանշյանը գրել է «Հայկական հարցը Թուրքիայում» աշխատությունը, որը մտել է «Հայերի վիճակը Թուրքիայում...» 1896 թ. ռուսերեն լույս տեսած հայտնի ժողովածուի մեջ։ Նա կազմել եւ հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (Մոսկվա, 1897-1898) ստվարածավալ ժողովածուն, որը պարունակում է գիտական-գեղարվեստական, գիտական, փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը եւ մշակույթին վերաբերող կարեւոր նյութեր։
Անդրադառնալով հեղինակավոր պատմաբան, գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս Ա. Ջիվելեգովի գործունեությանը, աշխատության հեղինակն ընդգծում է, որ նա մշտապես հետեւել եւ ուշադրության կենտրոնում է պահել հայերի պատմական ճակատագրի հարցը։ Նրա գրչին են պատկանում «Հայերը Ռուսաստանում», «Թուրքահայաստանի ապագան» գործերը, Հայկական հարցին նվիրված բազմաթիվ հոդվածներ եւ ակնարկներ։ Լինելով մոսկովյան «Արմյանսկի վեստնիկ» շաբաթաթերթի նախաձեռնողներից եւ խմբագիրներից մեկը, Ջիվելեգովը Եղեռնի տարիներին տպագրում է նյութեր, որոնք անաչառորեն լուսաբանում են Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները Կովկասյան ճակատում եւ մասնավորապես Արեւմտյան Հայաստանում։
Բաղդասարյանն իր գրքում ուրույն տեղ է հատկացրել նշանավոր հասարակական գործիչ, իրավաբան, հրապարակախոս Գ. Չալխուշյանին, որը, սերտորեն կապված լինելով հարազատ ժողովրդի հետ, միշտ պաշտպան է կանգնել արեւմտահայությանն իր գործունեությամբ, գրական խոսքով։ Նրա գրչին են պատկանում այնպիսի հրատապ եւ կարեւոր գործեր, ինչպիսիք ենՙ «Մտքեր, խոհեր, դեմքեր», «Կարմիր գիրք», այլ աշխատություններ, որոնց մեջ արտացոլվում են հայ ժողովրդի նորագույն պատմության ողբերգական էջերը։
Ռուսաստանի չորրորդ Պետական դումայի հայազգի պատգամավոր Մ. Բաբաջանյանի անուրանալի գործունեություննՙ արեւմտահայ գաղթականության վիճակն Անդրկովկասում եւ Ռուսաստանի այլ վայրերում թեթեւացնելու ուղղությամբ, առանձնահատուկ ձեւով է շեշտադրվում Բաղդասարյանի աշխատության մեջ։ Հայ պատգամավորը Ռուսաստանի կառավարող շրջանների ուշադրությունն էր հրավիրում արեւմտահայերի ծանր, անտանելի վիճակի վրա Օսմանյան կայսրությունում։ Նա Պետական դումայում ունեցած բազմաթիվ ելույթներով լուսաբանում էր Կովկասյան ճակատում տիրող իրադրությունը, ներկայացնում հայերի դրությունն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Անդրկովկասում։ Բաբաջանյանի մի շարք նախաձեռնությունները (մասնավորապես Համահայկական համագումարի հրավիրումը Պետրոգրադում 1916 թ.) լայն համբավ եւ հեղինակություն բերեցին նրան ողջ հայության շրջանում։
Մեկ այլ նշանավոր ու եռանդուն հայ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ, Դաշնակցություն կուսակցության անդամ Հ. Զավարյանի գործունեությունը նույնպես չի վրիպել հեղինակի ուշադրությունից։ Բաղդասարյանը նշում է, որ Զավարյանը սերտ կապերի մեջ է եղել ռուսական եւ եվրոպական դիվանագիտական շրջանների հետ ու 1912-1918 թթ. հանդիպել է տարբեր բարձրաստիճան եւ հեղինակավոր պաշտոնյաների (Գիրս, Լեփսիուս, Մազոնով եւ ուրիշներ)ՙ ձգտելով հասնել Հայկական հարցի դրական լուծմանը։
Հեղինակն իր ակնարկների շարքն ավարտում է արձակագիր, գրական եւ հասարակական գործիչ Կ. Միքայելյանի գործունեության լուսաբանմամբ։ Բաղդասարյանն ընդգծում է, որ Միքայելյանն այն մտավորականներից էր, որ, ձգտելով օգնել իր ժողովրդին, Մոսկվայից մեկնեց Հայաստան, եղավ այն վայրերում, ուր ցաք ու ցրիվ եղած գոյատեւում էին արեւմտահայության խղճուկ բեկորներըՙ փորձելով իր ուժերի ներածին չափով օգտակար լինել տարաբախտ հայրենակիցներին։ 1916 թ. աշնանը Միքայելյանը շրջում էր որբանոցներով, որոնք Եղեռնից հետո սփռված էին ամբողջ Անդրկովկասում, գրի առնում հայ մանուկների պատմածները։ Ծնվում է «Հոշոտված Հայաստան» պատմվածքների շարքը, որի միայն մի չնչին մասն է 1917 թ. տպագրվում «Գործ» հանդեսի մի քանի համարներում։
Ռուսաստանի առաջադեմ հայ մտավորականությունն անում էր ամեն ինչ, որ այդ բարդ իրավիճակում ռուս եւ նրա միջոցով համաշխարհային, առաջին հերթին եվրոպական, հասարակական կարծիքի գիտակցությանը հասցնի թուրքական իշխանությունների, օսմանյան կառավարությանՙ հայ ժողովրդի դեմ վարած հանցավոր քաղաքականության հայահալած էությունը։
Ռ. Բաղդասարյանի աշխատությունը չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական տեսակետից եւ շատ արդիական է, քանզի Ռուսաստանում այժմ էլ մեծ ծավալի աշխատանք են կատարում նշանավոր հայորդիներըՙ փորձելով օգտակար լինել իրենց հարազատ ժողովրդին, օգտագործում են իրենց կապերն ու հնարավորությունները հայրենիքին ծառայելու համար։ Ռ. Բաղդասարյանի աշխատանքն արժեքավոր է նրանով, որ հայ ժողովուրդը չի մոռանում իր զավակներին, որոնք ուժ ու եռանդ չեն խնայել Հայաստանին օգնելու համար, եւ դրան զուգահեռ ժամանակի հեռավորությունից հարգանքի տուրք է մատուցվում Ռուսաստանում XIX դարի վերջին XX դարի սկզբին բուռն գործունեություն ծավալած այդ նշանավոր հայորդիներին։
Բաղդասարյանի աշխատանքից պարզորոշ երեւում է, որ Ռուսաստանը եղել է ու կա այն պետությունը, որը հայ համայնքի ու նրա ականավոր գործիչների համար ստեղծել եւ ներկայումս էլ ստեղծում է բարենպաստ պայմաններ, նախադրյալներ նրանց ակտիվ գործունեության համար ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի։
ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու