«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԱՐԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԲՈՐՈԴԻՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Բորոդինի անվան պետական քառյակն իր 60-ամյակի շեմին համերգ տվեց Երեւանում։ Ինչպես եւ 3 տարի առաջ, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացած խմբիՙ Ռուսաստանի պարծանքի (2001 թ. դարձավ Պետական մրցանակի դափնեկիր) համերգը մարմնավորեց Արվեստը բառիս բարձրագույն իմաստով, առաջին հերթին որպես արարում, կերտվածք եւ հետո արդեն որպես վարպետություն եւ պրոֆեսիոնալ որակավորում։

Բորոդինի անվան քառյակի բարձրակարգ կոլեկտիվը միավորում է հրաշալի երաժիշտների. Ռուբեն Ահարոնյան (1-ին ջութակ), Անդրեյ Աբրամենկով (2-րդ ջութակ), Իգոր Նայդին (ալտ), Վալենտին Բեռլինսկի (թավջութակ)։ Նրանց ստեղծագործական կենսագրությունը եւ կատարողական փորձը որոշում են երաժշտության կատարման մակարդակը, որը Վ. Բեռլինսկու անփոփոխ գեղարվեստական ղեկավարման շնորհիվ պահպանում է ոճի անհատականությունը։

Այդ ոճի գծերն են կրում ոգու առանձնահատուկ արիստոկրատիզմը եւ հնչողության հղկվածությունը. հնչյունն ասես ապանյութականանում է, վերածվում զուտ հոգեւոր սուբստանցի եւ ստեղծում վերլուծության ոչ ենթակա աուրա։ Երաժիշտները որպես միասնական օրգանիզմ (միասնական սրտով, ռիթմով, բաբախյունով) կերտում են վերարտադրվող հնչյունը ոգու փոխակերպելու հրաշքը, եւ հնչյունի այդ յուրօրինակ էմանացիան (ճառագումը) հիպնոտիկ ազդեցություն է գործում ունկնդիրների վրա։ Հետաքրքրական է, որ ծրագրից դուրս կատարված Կոմիտաս-Ասլամազյանի պարային «Հաբրբան»-ը անգամ կրում էր հիշյալ ոճի կնիքը։

Համերգի ծրագրում ընդգրկված էին Նիկոլայ Մյասկովսկու 13-րդ Լարային կվարտետը, Դմիտրի Շոստակովիչի 8-րդ Լարային կվարտետը եւ Կլոդ Դեբյուսիի Լարային կվարտետը։ Արամ Խաչատրյանի հարյուրամյակին նվիրված գլխավոր հանդիսավոր երեկոյից առաջՙ դեկտեմբերի 9-ին կայացած համերգի ծրագրում Մյասկովսկու գործի առկայությունը բացատրվում է նախ ռուսական դասական երաժշտությանը բորոդինցիների հավատարմությամբ եւ ապա նրանով, որ Նիկոլայ Մյասկովսկին (1981-1950) հայ երեք հայտնի կոմպոզիտորներիՙ Գրիգոր Եղիազարյանի, Արամ Խաչատրյանի եւ մոսկվաբնակ Կարեն Խաչատրյանի մանկավարժն է եղել։

Ն. Մյասկովսկու 13-րդ Լարային կվարտետը (1949) մեծ տպավորություն գործեց քնարականությամբ, հուզական ապրումների նրբությամբ։ Բորոդինցիների շնորհիվ առաջին մասի խոստովանանքային քնարերգությունը եւ երրորդ մասի նոստալգիկ էլեգիան համահունչ դարձան ժամանակակից ընկալմանը։ Այդ ընկալմանը չխանգարեց նույնիսկ ավանդական պոլիֆոնիկ ֆակտուրան, որի ներսում երրորդ մասում «հոսում է» առաջին ջութակի մեղեդին։ Մյասկովսկու պետերբուրգյան արմատներին հոգեհարազատ երկրորդ մասի սկերցոն կամուրջ գցեց դեպի վերջնամաս, որտեղ տեմբրային եւ պատկերային յուրօրինակ գյուտերը վկայում էին, որ Մյասկովսկին ծանոթ է եղել Բ. Բարտոկի կվարտետներին։

Դանդաղ տեմպերի գերակշռությունը, որոնցով միշտ կարելի է դատել երաժշտի որակավորման մասին (Հ. ֆոն Կարայանն իզուր չէր ասում. «Դիրիժորին ստուգել դանդաղ տեմպերով»), Դ. Շոստակովիչի դո մինոր Կվարտետի (1960) կատարումը դարձրեց բառացիորեն խորհրդավոր։ «Ֆաշիզմի եւ պատերազմի զոհերի հիշատակին» հեղինակային վերնագիր ունեցող կվարտետը հնչեց որպես բռնությանն ուղղված լուռ նախատինք եւ անմեղ զոհերի վշտակցում։ Ամենադանդաղ երաժշտական տեմպովՙ Largo-ով ընթացող հինգ մասերից երեքն արտացոլեցին վշտի պահերի տարբեր կողմերը. առաջին մասըՙ որպես աստվածային օրհնություն, թանձր, ծորուն հնչողությամբ տպավորված երրորդ մասըՙ որպես խորացած էքսպրեսիա, հինգերորդ մասըՙ որպես թաղման բնույթի երաժշտություն։ Հնչյունային գունավորման մթնշաղային մթնոլորտը հիշողության մեջ արթնացրեց 2000 թ. ապրիլին Բորոդինի անվան քառյակի նվագած Շոստակովիչի 13-րդ եւ 14-րդ Լարային կվարտետների անջնջելի տպավորությունը։

Թիվ 8 Կվարտետում շատ է առաջին ջութակի մենանվագը։ Ջութակի հայկական (այժմ փաստորեն նաեւ ռուսական) դպրոցի փայլուն աստղ Ռուբեն Ահարոնյանը երկրորդ եւ երրորդ մասերի մենանվագներում ներառեց սեփական համերգային գործունեության փորձըՙ հարստացնելով տվյալ կվարտետի երաժշտության ոճական ընդգրկումը։ Կ. Դեբյուսիի Կվարտետի (1893) կատարումը բնութագրեցին մանրամասների նուրբ ներածումը, վիրտուոզ շտրիխային տեխնիկան, գույների լայն (թավշյա-անփայլից մինչեւ արեւաճաճանչը) ներկապնակը, տեմբրերի եւ ռիթմերի ազատ խաղը։ Ֆրանսիացի մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունը գրվել է այն թվականին, երբ նա աշխատում էր երկու գլուխգործոցներիՙ սիմֆոնիկ «Ֆավնի հետկեսօրեի հանգստի» եւ «Պելեաս եւ Մելիզանդ» օպերայի վրա։ Առնչվելով վերոնշյալ ստեղծագործությունների նորարարական ոգունՙ Դեբյուսիի Կվարտետը պարունակում է կատարողական զգալի դժվարություններ, ըստ որումՙ ոչ միայն տեխնիկական, այլեւ գաղափարային բնույթիՙ ուելսյան ռացիոնալ ոգու վերարտադրումից մինչեւ լուսաստվերներում փոփոխվող հնչյունային տարածքը։

Դեբյուսիին դիմելը վկայում էր, որ Ա. Բորոդինի անվան պետական քառյակը մտադրվել է ընդլայնել իր առանց այդ էլ վիթխարի նվագացանկի սահմանները։ Իրոք, բորոդինցիների հնարավորությունների դիապազոնը եւ անընդգրկելի ստեղծագործական ներուժն ապահովում են հանդիպումն ամեն մի դարաշրջանի, ոճի ու գեղագիտական մտադրությունների հետ եւ գուցե գա այն օրը, երբ լարային քառյակի համար հայ կոմպոզիտորի գրած ստեղծագործությունը նվեր կստանա Ռուսաստանի փառաբանված քառյակից։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4