«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԲԱՐԵՐԱՐ ԴԱՎԻԹ ԽԱԼՎԱՇԻ

Պարոն Դավիթ Խալվաշին ապրում է Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, սերում է հայտնի Խալվաշիների տոհմից։ Տասը տարուց ավելի աշխատում էր ինքնավար հանրապետության նախագահի աշխատակազմում։ Հիմա զբաղվում է բիզնեսով։ Վերջերս նա հյուրընկալվում էր Հայաստանում։ Հանդիպեցի, զրուցեցինք անցած օրերից, վերհիշեցինք ուրախ եւ տխուր միջադեպեր։ Որքա՜ն մարդկանց, այդ թվում նաեւ մեր հայրենակիցներին է օգնել Դավիթը։ Հարցրի Հայաստանի մասին, որտեղ նա լինում էր առաջին անգամ։

Հրաշալի երկիր է, - պատասխանեց, - հրաշալի մարդիկ։ Ես նոր չեմ ծանոթանում հայերի հետ, Բաթումում հայ ընկերներ շատ ունեմ։ Միակ դժգոհությունսՙ անչափ հյուրասեր են, չեն թողնում, որ մի րոպե ազատ լինեմ կամ մի օր էլ ես հյուրասիրեմ։

Հիշեցրի նրան, որ նույն ձեւով ինքն է վարվում, երբ հյուրընկալվում են Աջարիայում։ Ինչեւիցե։ Դավիթը մեկնեցՙ գոհ իր հայ բարեկամներից։

Անցան օրեր։ Ու մի օր էլ Բաթումի թիվ 6 դպրոցի հայկական մասնաճյուղի առաջինից մինչեւ տասնմեկերորդ դասարանների բոլոր աշակերտներն ստացան հայերեն անհրաժեշտ դասագրքեր եւ գրենական պիտույքներ։

Ուրախացան։ Ուզում էին շնորհակալություն հայտնել բարերարին։ Սկսեցին որոնել, թե ո՞վ է այս հայ հայրենասերը, որ չի մոռացել իրենցՙ դեսպա՞նն է, թե՞ համայնքի նախագահը, Երեւանում բնակվող մեծահարուստ հայրենակիցներից մե՞կն է, թե...

Ու միայն վերջերս Երեւան - Բաթում երթուղային տաքսու վարորդից իմացա, որ դասագրքերի եւ փոխադրման բոլոր ծախսերը հոգացել է Դավիթ Խալվաշինՙ մահմեդական, ազնվագույն Խալվաշի տոհմի ժառանգներից մեկը։ Իմացա ու հայտնում եմ բոլորին։ Ու նաեւ բոլորի կողմից շնորհակալություն եմ հայտնում նրան։

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4