ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանում գրիպի համաճարակ չկա, սակայն նախահամաճարակային իրավիճակ առկա է, քանի որ դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում նկատվել է հիվանդացության աճ մոտ 1,5 անգամ։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Թագուհի Հակոբյանը։ Նա նշեց, որ ներկայումս բոլոր դպրոցներում անցկացվում է մոնիտորինգ, եւ անհրաժեշտության դեպքում առողջապահության նախարարությունը քաղաքապետարանների հետ համատեղ կարող է որոշում կայացնել որոշ դպրոցների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Ըստ Թագուհի Հակոբյանի, որոշ դպրոցներում գրիպով հիվանդ երեխաների քանակը կազմում է 20%։