«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ

Նախնական դիտարկումներով Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտումը կայուն օրգանական աղտոտիչներով առավել քան մտահոգիչ է։ Տասնամյակներ շարունակ գյուղատնտեսության մեջ նորմայի զգալի գերազանցումով օգտագործվել են կայուն քլորօրգանական պեստիցիդներ։ Գյուղական շրջանների բնակչության մեջ նկատվում են միջավայրում պեստիցիդների առկայության հետեւանքով առաջացած շեղումներ։ Դրանք առանձնակի արտահայտված են երեխաների մեջ (քաշի, հասակի, շնչառական ակտի ծավալի շեղումներ եւ այլն)։ Առ այսօր կերակրող մայրերի կաթի մեջ հայտնաբերվում են քլորօրգանական թունաքիմիկատներ։

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Կայուն օրգանական աղտոտիչների» գործողությունների ազգային ծրագիրը» նպատակ ունի բացահայտել թունավոր նյութերի պարունակությունը շրջակա միջավայրում, սննդամթերքում ու մարդու օրգանիզմում, միաժամանակ կհաշվառվեն նման աղտոտիչներ պարունակող թափոնների քանակները, կմշակվեն վտանգավոր այդ նյութերի էկոլոգիապես անվտանգ վնասազերծման եղանակները։

Ազգային ծրագրի նպատակներից է նաեւ կայուն օրգանական աղտոտիչների հիմնախնդիրների վերաբերյալ հասարակայնության, այդ թվումՙ դպրոցականների, իրազեկության բարձրացումը։ Այս վերջին խնդիրը լուծելու նպատակով ծրագիրը բացատրական աշխատանք է տարել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում։ «Հրազդան» հյուրանոցի դահլիճում կայացավ նշյալ հիմնախնդիրներին նվիրված դպրոցականների մրցույթ-ցուցահանդես, որի ժամանակ աշակերտները նկարների, բեմականացված ելույթների միջոցով ներկայացրին վտանգավոր այդ նյութերի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա։

Հաղթող ճանաչվեց թիվ 65 դպրոցի թիմը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4