«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱԷԿ-ԻՆ

Արտահերթ նստաշրջանի բազմաթիվ օրինագծերից մեկը վերաբերում էր ՀԱԷԿ-ին, Երեւանի ՋԷԿ-ին, Որոտանի ՀԷԿ-երի համալիրին, բարձրավոլտ էլցանցերին հարկային արտոնություններ տրամադրելուն։

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի դեբիտորական պարտքը կազմում է շուրջ 58 մլրդ դրամ, որի պատճառով կայանը չի կարողանում կատարել իր բյուջետային պարտավորությունը։ Ընդ որում, այդ գումարի 23 մլրդ գումարը էլեկտրակայանին պարտք է բնակչությունը, եւ այդ պարտքերը կուտակվել են դեռեւս 1996 թ.-ին։

Նախարարն առաջարկեց օրինագծի տեսքով ՀԱԷԿ-ին տրամադրել հարկային արտոնություններ, 15,8 մլրդ դրամի չափով։ Արտոնել նաեւ ՀԱԷԿ-ի տույժ-տուգանքներըՙ 2,6 մլրդ դրամ, ինչպես նաեւ բյուջետային պարտավորություններըՙ 2,7 մլրդ։

Արմեն Մովսիսյանի խոսքերով, այս արտոնությունները չտրամադրելու դեպքում կբարձրացվեն սակագները, ուստի պետք է այս օրինագիծն ընդունելՙ տրամադրելով հարկային արտոնությունները։

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրինագծի կապակցությամբ նշեց, որ լավ օրից չէ, որ ճիշտ վարչարարության դեպքում պարտքեր չէին կուտակվի։ ԱԺ նախագահը նշեց, որ պետք է զիջել նաեւ բնակչության 23 մլրդ դրամի պարտքը։ «Առաջիկայում պետք է նման գործընթացները բացառվեն, դրա համար գողի ձեռքը բռնել է պետք», ասաց Արթուր Բաղդասարյաննՙ անդրադառնալով էներգետիկայի ոլորտի գերկորուստներ-գողություններին։

Չնայած ասվածին, էներգետիկայի նախարարը բնակչության պարտքերի զիջումը համարեց ոչ իրական, այլ էմոցիոնալ մոտեցում, որը ներառված չէ օրինագծում։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4