Ադրբեջանում հայտնի քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազովը, մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը, կասկած է հայտնել, որ հակամարտության կարգավորման դեպքում կարող է պահպանվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նամազովը հիշեցրել է իր եւ համախոհների մշակած խարտիան, որը ստորագրել են Ադրբեջանի ավելի քան 400 քաղաքական, հասարակական կազմակերպություններ, բացի կառավարությունից։ Նամազովն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հիշեցրել է այդ խարտիայի երեք հիմնական սկզբունքներըՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում, փախստականների վերադարձ մշտական բնակավայրեր եւ Ադրբեջանի սահմաններում ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ։
Հիշեցնենք, որ Էլդար Նամազովը, նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական Վաֆա Գուլուզադեն եւ նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը զբաղեցրած պաշտոններից հրաժարական տվեցին 1999 թ. հոկտեմբերինՙ իրենց հրաժարականները պատճառաբանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի միակողմանի հավանական զիջումներով։
Թ. Հ.