ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մենք ունենք զինդատախազության հանցավոր գործունեությունը հաստատող անհերքելի փաստեր, որոնց անհրաժեշտ է ընթացք տալ եւ քրեական գործեր հարուցել զինդատախազությունում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ», հայտարարեցին խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները «Սահմանադրական իրավունք» միության «Ազդակ» ակումբում դեկտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը։ Նրանք նշեցին, որ այդ խնդրի լուծման համար փորձել են հանդիպել Ազգային ժողովի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ, սակայն բոլորն էլ խուսափել են հանդիպումից։
Սպանված զինծառայողների հարազատների շահերի ներկայացուցիչ, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի արտակարգ պատահարների բաժնի ղեկավար Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2001թ. հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանին է ներկայացրել 18 սպանությունների գործերի փաստաթղթեր, սակայն մեղավորներն այդպես էլ չեն պատժվել։ 2002 թ. նա դիմել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխտնօրեն Էլեն Կոնկեւիչին։ Վերջինս Ռուբեն Մարտիրոսյանին հավաստիացրել է, որ մեղավորների հանցանքն ապացուցող փաստեր ներկայացնելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Մարտիրոսյանի խոսքերով, ինքը 20 սպանությունների գործերի վերաբերյալ ներկայացրել է փաստաթղթեր, սակայն գրասենյակից պատասխանել են, որ բողոքն առնչվում է Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններին եւ երեւանյան գրասենյակը չի կարող միջամտել։ Իրավապաշտպանի հավաստմամբ, ներկայացված 20 դեպքերի կեսն է կատարվել Լեռնային Ղարաբաղում, մյուսները կատարվել են Հայաստանում։
Սպանված զինծառայողների հարազատները հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահից, ՀՀ գլխավոր դատախազից եւ պաշտպանության նախարարից պահանջում են պաշտպանության նախարարության համակարգից անհապաղ հեռացնել բոլոր այն զորամասերի հրամանատարներին, որոնցում 1 տարվա ընթացքում մահացել են 2 եւ ավելի զինվորներ։ Նրանք նաեւ պահանջում են ԱԺ-ում կամ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի իրենց ներկայացրած գործերով նախաքննության եւ դատաքննության օրինականությունը։