«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՓԵՐՈՎ

Այսպես են սովորեցնում Վրաստանի դպրոցներում

Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003 թ. հայերենով հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների համար։ Դասագրքերը թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից։

Դասագրքի հեղինակներ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին եւ Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել եւսՙ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս անաչառ լինել, երբեմն շրջանցելով դրանք։

Մեկ հարցում վրաց պատմագրությունը անզուսպ է եղել. հայ-վրացական սահմանն իբր անցել է Սեւանա լճի հյուսիսային ափերով, այսինքն Տաշիրը, Լոռին (վրացական աղբյուրների Գոգարենեն, հայկական աղբյուրների Գուգարքը), Ուտիքը, Գեղարքունիքի մի մասը բնիկ վրացական հողեր են։ Դասագրքերում տպագրված վեց քարտեզներից հինգում նշվում է, որ սահմանն անցնում է Սեւանա լճի հյուսիսային ափերով, ընդ որում երեք դեպքում Սեւանի համար օգտագործվում է վրացականացված կամ մուսուլմանական տարբերակՙ «Գելաքունիս տբա», «Գոգչիս տբա»։

Հայ-վրացական վիճահարույց խնդիրներում դասագրքի հեղինակները զուսպ են գտնվել։ Այսպես, 608 թ. տեղի ունեցած եկեղեցական պառակտումը հայերի եւ վրացիների միջեւ ներկայացվում է հետեւյալ կերպ. «Այն ժամանակ, երբ Քարթլիում եւ Բյուզանդիայում հաղթանակեց երկաբնակությունը, Հայաստանի եկեղեցին պաշտպանեց միաբնակությունը։ 7-րդ դարի սկզբներին բավականին սրվեցին հարաբերությունները Վրաստանի եւ Հայաստանի եկեղեցու միջեւ։ 608թ. հայոց կաթողիկոս Աբրահամը հրապարակեց հատուկ կոնդակ, որով էլ վերջնականապես խզվեցին Վրաստանի եւ Հայաստանի եկեղեցական կապերը»։ Մինչդեռ Վրաստանում վերջին տարիներին լույս տեսնող պատմական աշխատություններում հայ-վրացական եկեղեցական վեճերը ներկայացվում են որպես Հայ առաքելական եկեղեցու ոտնձգություններ, բռնություններ վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ։

1918 թ. դեկտեմբերի երկշաբաթյա վրաց-հայկական պատերազմի մասին գրված է. «1918 թ. դեկտեմբերին տարածքային տարաձայնությունների հիման վրա ռազմական ընդհարումներ եղան Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության եւ Հայաստանի միջեւ, որոնք, բարեբախտաբար, կարճ ժամանակամիջոցում կարգավորվեցին»։ Նկատենք, որ գիրքը գրված է անգրագետ հայերենով։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4