Մահվան առաջին տարելիցի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի մահվան առաջին տարելիցի օրը, հանրապետության գրական հասարակայնությունն այցելեց Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում ամփոփվածՙ հայ գրականության դասական դարձած ներկայացուցչի շիրիմին։
Արարատյան հայրապետական թեմի քահանայից խմբի կատարած հոգեհանգստյան արարողությունից հետո, ներկաների առջեւ հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որի խոսքերը հնչեցին իբրեւ մենախոսությունՙ ուղղված նշանավոր արձակագրին ու գրողների միության նախկին նախագահին. «Դու եկար, ինչպես ինքդ Էիր ասում, «կրկնելու Օհաննեսի փորձը գրականության մեջ», բայց քո համարձակությունն ապրեցիր, եկար ապրելու մահկանացուի քո կյանքը, սակայն քեզնով ուրիշներին ապրեցրիր...Քո ստեղծագործություններում բախվեցին ու հայի աչքով չափանշվեցին բազմազգ մշակույթները, եւ տարբեր լեզուներով խոսեց քո գրականությունը իբրեւ մեր բազմադարյա մշակույթի հավասարարժեք վկայաբանող»։
Հրանտ Մաթեւոսյանի մասին խոսք ասացին բանասիրության դոկտոր, արձակագիր Նորայր Ադալյանը, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, արձակագիր Արտակ Վարդազարյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որը կերտել Է Հրանտ Մաթեւոսյանի շիրմաքանդակը (պատվանդանըՙ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի)։ Բազալտե մահարձանը, որ մարմարյա պատվանդանին է տեղադրվել մի քանի օր առաջ, ունի մոտ 3 մետր բարձրություն։
Հրանտ Մաթեւոսյանը ծնվել Է 1935 թվականին, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում, բարձրագույն կրթություն Է ստացել Երեւանում, սցենարիստի ուսում Է առել Մոսկվայում։ Երեւանում աշխատել Է որպես տպարանի վարպետ-լինոտիպիստ, սրբագրիչ։ Ընթերցողին հայտնի են նրա «Ահնիձոր» վիպակը, «Օգոստոս», «Մենք ենք, մեր սարերը», «Ծառերը», «Տերը» եւ այլ ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել եւ բեմադրվել են կինոնկարներ եւ թատերական ներկայացումներ։
Հ. Մաթեւոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, մոլդավերեն, Էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, գերմաներեն, ուկրաիներեն, չեխերեն, անգլերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն եւ աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Նա ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Էր, ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։