Գուլագի արդարամիտներին նվիրված միջազգային կոնգրես Միլանում
Մարդկության պատմությունը, ցավոք, ուղեկցվել է բռնություններով, այդ թվում եւ զանգվածային բռնաճնշումներով, որի դեմ պայքարը դարձել է ժամանակակից ամենաարդիական խնդիրներից մեկը։ 20-րդ դարը եւս զերծ չմնաց այդպիսի երեւույթներիցՙ դարասկզբին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ապաՙ հրեաներինը, արյունալի սպանդը Պոլ Պոտի կողմից եւ այլն։ Նախկին խորհրդային երկրում իրենց սեւ հետքը թողեցին զանգվածային բռնաճնշումները, որոնցից զգալիորեն տուժեց նաեւ հայ ժողովուրդը։
Դեկտեմբերի 9-11-ը Միլանում տեղի ունեցավ միջազգային կոնգրես, որը նվիրված էր Գուլագի արդարամիտներին։ Այն կազմակերպվել էր Միլանի համալսարանի, Իտալա-ռուսական հարաբերությունների զարգացման կենտրոնի, Լոմբարդիայի տարածաշրջանային ղեկավարության, Միլանի մունիցիպալիտետի եւ նրա խորհրդի նախագահության հովանավորությամբ։ Նրա աշխատանքներին օժանդակում էր նաեւ Իտալիայի հայերի միությունը, որի նախագահ Պետրոս (Պիետրո) Քուչուքյանը նախագահության կազմում էր։ Կոնգրեսի մասնակիցներն էին Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ռուսաստանի ճանաչված գիտնականներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ (պրոֆ. Վիտտերո Ստրադա, Սերժո Ռապետտի, Ջովանի Գուաիտի, Նիկիտա Ստրուվե, Ելենա Բոներ-Սախարովա, Ալեքսանդր Դանիել, Վլ. Տոյլց, Սերգեյ Կովալյով, Արսենի Ռոգինսկի, Անատոլի Ռազումով եւ ուրիշներ)։
Հայաստանից հրավիրվել էին պատմական գիտությունների դոկտոր Արմենակ Մանուկյանը եւ Ամատուն Վիրաբյանը, որոնց զեկուցումների թեմաներն էինՙ «Ստալինյան բռնությունների դիմադրության փորձերը Հայաստանում (1930-ական թթ.)» եւ «Դիմադրության դրվագներ եւ ազգային ինքնության պաշտպանությունըՙ ստալինյան բռնաճնշումները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթած հայերի նկատմամբ (1946-1950 թթ.)»։ Կոնգրեսի աշխատանքների օրերին Միլանի քաղաքային պուրակում գտնվող «Արդարամիտների այգում» Ել. Բոներն իր ձեռքով ծառ տնկեց եւ դրեց Անդրեյ Սախարովի հուշաքարը։
Բարձր պատվի է արժանացել նաեւ մեր հայրենակից Պետրոս Քուչուքյանըՙ Հայ դատի, Հայոց ցեղասպանության խնդիրներին անմնացորդ նվիրվածության համար։ Նրա հեղինակությամբ եւ ջանքերով լույս են տեսել բազում գրքեր, փաստաթղթերՙ նվիրված այդ հարցերին։ Անգնահատելի է նրա դերն Իտալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաեւ նրա եւ կնոջՙ Աննա-Մարիա Քուչուքյանի բարեգործական գործունեությունը Հայաստանում (Սպիտակում) եւ այլն։
Օգտագործելով կոնգրեսի նկատմամբ հասարակության որոշակի հետաքրքրությունը, այնտեղ մեկ անգամ եւս հնչեց Հայոց ցեղասպանության հարցը, իսկ «Կոլոն» թատրոնի սպասասրահում հաջողությամբ վաճառվում էր Պ. Քուչուքյանի ջանքերով հրապարակված գիրքը, որտեղ զուգահեռներ էին անցկացված հրեաների եւ հայերի ցեղասպանությունների միջեւ։
Հայ գիտնականների ելույթները եւս արժանացան մասնակիցների, տեղի մամուլի եւ հեռուստատեսության ուշադրությանը, մասնավորապես Ա. Մանուկյանի զեկուցման նախաբանում հնչած «Հիշում ենք, ուրեմն ապրում ենք» խոսքերը դարձան կոնգրեսը լուսաբանող որոշ հոդվածների եւ հեռուստահաղորդումների բնաբաններ։ Կոնգրեսում հնչած զեկուցումները հրապարակվելու են առանձին գրքով, իտալերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն։ Նրա աշխատանքները կրկին ցույց տվեցին, որ քաղաքական բռնությունների դեմ պայքարը մնում է արդիական խնդիր, իսկ նման միջոցառումներին հայ գիտնականների մասնակցությունը կարող է նպաստել Հայ դատի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտ գործին։
Ս. Մ.