«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


«ՓՈՒՆՋ» ԵՎ «ԳԻՍԱՆԵ» ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Նոյեմբերին Հայկական մանկապատանեկան մշակութային միությունն ավարտեց այս տարվա միջոցառումների ծրագիրըՙ այս անգամ հնարավորություն ստեղծելով «Փունջ» (գեղարվեստական ղեկավարՙ Աշոտ Սարգսյան) եւ «Գիսանե» (գեղարվեստական ղեկավարՙ Գեւորգ Ալեքսանյան) մանկապատանեկան պարային խմբերին հանդես գալ Ֆրանսիայում եւ Իտալիայում։

Հոկտեմբերի 24-ին խմբերի առաջին ելույթը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վալանս քաղաքում, որտեղ տեղի հայ համայնքը մեծ ջերմությամբ ընդունեց հայ պատանիներին։ Համերգը կազմակերպել էր «Հայաստան» մշակութային միությունը (նախագահՙ Գրիգոր Ամիրզայան, փոխնախագահՙ Վարդան Բերտիզյան)։ Դահլիճում հավաքված թե՛ հայերը, թե՛ ֆրանսիացիները բարձր գնահատեցին հայ երեխաների ելույթներըՙ նշելով, որ երեխաները ոչ միայն յուրացրել են հայկական պարարվեստի նրբությունները, այլեւ վարպետորեն կարողանում են ներկայացնել հանդիսատեսին։ Երեխաները նույնպես ոգեւորված էին իրենց ելույթով, եւ հաջորդ համերգին, որ նշանակված էր Գրենոբլ քաղաքում, ավելի ոգեշնչված ելույթ ունեցան։ Համերգը կազմակերպել էին Հայ մշակույթի տունը (նախագահՙ Ալբերտ Քալաջյան, փոխնախագահՙ Ժան Ֆորեստիյե, տնօրենՙ Աշոտ Հակոբյան), Կապույտ խաչը (ներկայացուցիչՙ Նիկոլ Սափանջյան), Ֆրանսիա-Ռուսաստան եւ ԱՊՀ երկրների ընկերակցությունը (նախագահՙ Անտուան Սեգյուրա)։ Հայերից բացի, ներկա էին շատ ֆրանսիացիներ, այդ թվում նաեւ Իզերի գերագույն խորհրդի նախագահի եւ Գրենոբլի քաղաքապետի ներկայացուցիչ Քրիստին Քրիֆոն։

«Թե՛ «Փունջը» եւ թե՛ «Գիսանեն» իրոք արժանի են գովեստի խոսքերի», նշվեց համերգից հետո։ «Նրանք ջանք չխնայեցին հայկական հարուստ մշակույթը պատշաճ ներկայացնելու։ Մենք ուրախ ենք եւ երախտապարտ, որ Հայկական մանկապատանեկան մշակութային միությունըՙ Վ. Վարդանյանի գլխավորությամբ կարողանում է այս դժվարին պայմաններում կազմակերպել նման միջոցառումներ, եւ հայ պատանիներին հնարավորություն է տրվում ոչ միայն շրջագայելու ու ծանոթանալու եվրոպական երկրների մշակութային արժեքներին, այլեւ արժանապատվորեն ներկայացնելու հայ մշակույթը»։

Հոկտեմբերի 26-ին խմբերը ելույթ ունեցան Նիցցա քաղաքում, որտեղ արդեն մի քանի տարի ոչ մի մանկապատանեկան խումբ ելույթ չէր ունեցել։ Այդ էր պատճառը, որ խմբերին անհամբեր էին սպասում։ Ընդունելությունն ու համերգը կազմակերպել էին Հայկական մշակութային միությունը (ատենապետուհիՙ Աիդա Տանիկյան, Մագի Բոսնակյան), Կասպար Կայաջյանը եւ Պարսամյան դպրոցը (նախագահՙ Գրիգոր Աժդերանյան)։ Ելույթը, որ տեղի ունեցավ Պարսամյան դպրոցի նախասրահում, շատ ջերմ ընդունեցին ներկաները։

Դեկտեմբերի 27-ին խմբերը հյուրընկալվեցին Իտալիայումՙ Միլանի Հայ տանը (ատենապետուհիՙ Կեկել Խաչատուրյան)։ Միլանի Հայոց միությունը երկար տարիներ ցանկացել էր կազմակերպել միջոցառում հայ պատանիների մասնակցությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Միլանի փոքրաթիվ հայ համայնքը շատ լավ էր կազմակերպել խմբերի ընդունելությունը։ Այստեղ երեխաների ելույթներն ավելի անմիջական էին, եւ ավելի ջերմ էր կապը հանդիսատեսի հետ։ Երեխաները հաջորդ օրը Կեկել Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջեցին Միլանի տեսարժան վայրերումՙ Սան Սիրո մարզադաշտում եւ «Լա Սկալա» օպերային թատրոնում։

Երեխաների ելույթներն ամենուրեք բարձր գնահատեցին ընդունող կազմակերպությունները եւ հանդիսատեսը։ Ապացույցըՙ ինչպես «Փունջ» եւ «Գիսանե» խմբերին, այնպես էլ ՀՄՄ միությանը կազմակերպիչների տված դիպլոմներն էին։

Բացի ելույթներից, խմբերը ծանոթացան ֆրանսիական եւ իտալական մշակույթներին, եղան այդ երկրների տեսարժան վայրերում. ինչպես նաեւ անկրկնելի Սուրբ Ղազար կղզում, որտեղ նրանց ընդունեցին Մխիթարյան միաբանության հայրերը։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՄՄՄ նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4