Նշեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը
Կառավարության հաստատած ադամանդագործության 2004-2006 թթ. զարգացման ծրագիրը երեկ ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նշեց, որ ծրագրի մշակումն ու ընդունումը պայմանավորված են երկու հանգամանքով։ Առաջինը, որ այս ոլորտը 1997 թ.-ից ի վեր մեծ զարգացում է ապրել, երկրորդը, որ համաշխարհային շուկայում մեծ փոփոխություններ են արձանագրվել։ Այսինքն, առաջացել են լուծման կարիք ունեցող խնդիրներ։
Այնուհետեւ Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց ոլորտում վերջին 5 տարիների վիճակը եւ առաջիկա տարիներին նախատեսվող ցուցանիշները։ 1997 թ.-ին ադամանդագործական արտադրանքի արտահանումը կազմել է մոտ 24 մլն դոլար, 2002 թ.-ին ավելի քան 200 մլն դոլար։ Այսինքն 9 անգամ ավելի։ Զբաղվածության ցուցանիշը 1300 աշխատատեղից հասել է 7000-ի։ Հայաստանն այս ոլորտում աշխարհի 9-րդ երկիրն է։ Ձեռնարկությունների թիվը 1997 թ.-ին եղել է 5-ը, ներկայումս հասել է 50-ի։
Ծրագրվում է արտադրողականությունը հասցնել 500 մլն դոլարի /400 մլն դոլարը ադամանդագործության, 100 մլն դոլարը ոսկերչության բնագավառներում/, աշխատակիցների թիվը ավելացնել 10 հազարով, միջին աշխատավարձը հասցնել 200 դոլարի։
Ինչպես նշեց նախարարը, համաշխարհային շուկայում առկա է ադամանդագործական արտադրանքի պահանջարկի ավելացման միտումը, եւ Հայաստանը կարող է ընդլայնել իր տեղն այստեղ։ «Ազգի» հարցնՙ ուղղված Կարեն Ճշմարիտյանին, առնչվում էր ոլորտում միջին աշխատավարձի ներկա չափին եւ պետության կողմից այս հարցում ազդելու հնարավորությանը։ Օրինակ, Թալինի «Դայմոթեք» ընկերությունում աշխատավարձի չափը չի գերազանցում 20-25 հզ. դրամը։ Նախարարը պատասխանեց, որ միջին աշխատավարձը ներկայումս կազմում է 70-75 հզ. դրամ, իսկ պետությունը դրա բարձրացմանը նպաստելու է աշխատողների որակավորման բարձրացման եւ այլ միջոցառումներով։ «Խնդիրը որակյալ մասնագետների քանակի ավելացումն է», նշեց նա։ Սակայն կարեւոր մեկ հանգամանքի նախարարը «մոռացավ» անդրադառնալ։ Մինչ ձեռնարկության մասնավորեցումը, դրա ներկայիս սեփականատեր ընկերությունը որոշակի պարտավորություններ էր ստանձնում այդ թվում նաեւ միջին աշխատավարձի չափի վերաբերյալ։ Մասնավորապես խոսքը Նոր Հաճընի «Շողակն» ձեռնարկության մասին է, որտեղ, սակայն, կոնկրետ աշխատավարձի գծով պարտավորությունները իրականություն չեն դարձել։ Կառավարության պարտականությունն է դրանց կատարմանը հետեւելը։
Ոլորտի զարգացման եւս մեկ կարեւոր դրույթին անդրադարձավ նախարարության ադամանդագործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը։ Նա հայտնեց, որ նպատակ է դրված բարձրացնել ավելացված արժեքի չափը, որը ներկայումս կազմում է 10-12 տոկոս։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ