«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ՈՒՆԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ

Խանգարում են կոռուպցիոն խնդիրները

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ դեսպան Վլադիմիր Պրյախինը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ սա նրա առաջին հանդիպումն էր, որի ժամանակ ամփոփվեց անցնող տարվա գործունեությունը եւ ներկայացվեցին գալիք տարվա գլխավոր ծրագրերը։

Դեսպան Պրյախինը պարտավորությունները ստանձնել է հոկտեմբերի 20¬ից։ Նախիջեւանում ծնված, Բաքվում մեծացած, Ռուսաստանում կրթված եւ Աֆրիկայում հակամարտության խնդրին առնչված եւ վերջապես Վիեննայում եվրոպական երկրների համագործակցության հարցերով զբաղված պրն Պրյախինը բավականին ջերմ ու լավատեսական վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։ Նրա խոսքով, այսօր առկա են բոլոր հնարավորությունները Հայաստանում ներդրումային դաշտն ընդլայնելու համար, եւ իբրեւ ապացույց նշեց, որ մեր երկիրն Իսրայելից հետո երկրորդն է, որին Մ. Նահանգները զգալի օգնություն է հատկացնում։ Այլ խնդիր է, որ արձանագրված տնտեսական աճը առայժ չի մեղմացնում խորացող սոցիալական լարվածությունը, գրեթե չի նկատվում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում։ Հենց այս իրավիճակն էլ պարտադրում է լուրջ քայլեր մանր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար, որով միայն հնարավոր կլինի ձեւավորել Խորհրդային Միության փլուզումից հետո վերացած միջին խավը։ Նրա համոզմամբ, միջին խավի կորուստը ամենամեծ հարվածն էր ԱՊՀ երկրներին, եւ առ այսօր զգում ենք դրա պատճառած բացասական խորը ազդեցությունը։

Ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնային նախապայմանը նա համարեց հակակոռուպցիոն խիստ քաղաքականությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության առջեւ դրված է որպես առաջնային խնդիր, մշակվել է ազգային ռազմավարություն, որի հասարակական լայն քննարկումը առաջիկայում կկազմակերպվի գրասենյակի նախաձեռնությամբ։ Դեսպանն ընդգծեց, որ հանդես կգան փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերով, կօժանդակեն իշխանություններին դրանք իրականացնելու։ Հենց այդ նպատակով կստեղծվեն տեղեկատվական եւ վերլուծական կենտրոններ հանրապետության ողջ տարածքում։ «Հայաստանում մտավոր մեծ ներուժ կա, որն անպայման պիտի օգտագործվի», ասաց նա։ Այնպես որ, իրենք նախատեսում են իրականացնել տնտեսական, նաեւ էկոլոգիական լայնածավալ ծրագրեր։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ կարծիք ունի դեսպանը մեր երկրում խոսքի ազատության մասին։ Դեսպանը ժպիտով հիշեց, որ ինքն էլ է լրագրող եղել եւ մեզանում որեւէ արգելք չի տեսնում լրատվամիջոցների համար։ Իր տպավորությամբ, ամեն ոք ասում է այն, ինչ կամենում է, եւ որեւէ սահմանափակում կարծես չկա։ Իրենք հետեւում են հեռարձակման հաճախականությունների բաշխմանը, մասնավորապես Ա1+¬ի եւ «Նոյյան տապանի» հետ կապված դեպքերին։ Նախատեսվում է լրատվամիջոցների իրավիճակի մոնիտորինգ, սակայն խնդրի լուծման համար ամենից առաջ պետք է հաճախականություններ բաշխելու թափանցիկությունը ապահովող մեխանիզմներ մշակել։ Դեսպանի հավաստմամբ, գրասենյակը շարունակելու է իրականացնել նաեւ ընտրական բարեփոխումներ։ Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին ինտեգրվելուն, ապա մեր երկրում նա ոչ մի դժվարություն չի տեսնում, քանի որ աշխարհագրական դիրքով մոտ ենք Իրաքին, իսկ հոգեւոր մթնոլորտովՙ Փարիզին։ Ահա թե ինչու, հայերը ձգտում են դեպի Եվրոպա, վերջինս էլՙ դեպի նրանց։ Իսկ որ ընտրություններն անցան միջազգային չափանիշներին անհամապատասխան, դա այնքան էլ հուսահատեցնող չէ, որովհետեւ, ըստ դեսպանի, ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ։ Ի տարբերություն հարեւան երկրների, Հայաստանում պահպանվեց պետական կայունությունը, խաղաղ ճանապարհով կանխվեցին ամբողջատիրական ձգտումները։ Դեմոկրատացումն ընթանում է ճիշտ ճանապարհով, միայն անհրաժեշտ են սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ իր ուսումնասիրած հակամարտություններից վերջինս բավականին տարբեր է հատկապես հակադրություններով, եւ հենց դրանով են պայմանավորված խնդրի լուծման մեխանիզմները գտնելու դժվարությունները։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4