«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Ադրբեջանում գործում են տասից ավելի ծայրահեղական կազմակերպություններ

Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների Տարածաշրջանային օպերատիվ շտաբը (ՏՕՇ) դեկտեմբերի 19-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի Բաքվում գործում է «Աս սալամ» (արաբերենից թարգմանաբարՙ խաղաղություն) իսլամական հիմնադրամը, որը ֆինանսավորում է Չեչնիայի Նոժայ-Յուրտի եւ Վեդենոյի շրջաններում գործող մի քանի ավազակային խմբավորումների, օգնություն ցույց տալիս Բաքվում ժամանակավորապես ապրող եւ ապաքինվող գրոհայիններին։

«Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա դա ինձ համար կլինի անակնկալ», հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը։

Բաքվի «Էխո» թերթը Ադրբեջանի արդարադատության նախարարության պաշտոնյաներից Ֆազիլ Մամեդովից ճշտել է, որ Ադրբեջանում «Ասսալամ» անունով հիմնադրամ գոյություն չունի։ «2000 թ. այդ հիմնադրամի ներկայացուցիչները գրանցվելու նպատակով դիմեցին նախարարություն, բայց մենք մերժեցինք», ասել է Մամեդովը։

Միջազգային ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպություններն Ադրբեջանում գործում են 1980-ական թթ. վերջերից։ Ըստ ամերիկյան անկախ լրատվական «Վաշինգտոն պրոֆայլ» կենտրոնիՙ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը 80-ական թթ. վերջերին իր գրասենյակն է հիմնել Բաքվում եւ ադրբեջանցիներին աջակցություն ցուցաբերել Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմում։

«1993 թ. սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանում 1.500 աֆղան մոջահեդներ, 1994 թ. ամռանը նրանց թիվը հասել է 2.500-ի», նշում է «Վաշինգտոն պրոֆայլ»-ը։

Հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը 1993 թ. ժողովրդավարական ճանապարհով նախագահ ընտրված Աբուլֆազ Էլչիբեյին տապալելուց հետո երկկողմ հարաբերությունները ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպությունների հետ բարձրացնում է նոր մակարդակի։

«Բոստոն գլոբը» 1993 թ. նոյեմբերի 8-ի համարում գրում է. «1500 մոջահեդներ Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդդին Հեքմաթիարի կարգադրությամբ ուղարկվել են հայ-ադրբեջանական ճակատ։ Ալիեւը գաղտնի կերպով Աֆղանստան ուղարկեց ՆԳ նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին, վերջինս հանդիպեց վարչապետ եւ «Հըզբ է էսլամի» կազմակերպության ղեկավար Հեքմաթիարին, եւ մոջահեդներին Ադրբեջան ուղարկելու պայմանավորվածություն կայացավ։ Մոջահեդները տեղավորվեցին Ջեբրայիլում եւ Մինգեչաուրում։ Օգոստոսի 21-ին մոջահեդների հարձակումը հետ մղվեց, ինչը եւ պատճառ դարձավ 60 հազար ադրբեջանցիների փախուստի»։

Ադրբեջանը, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հայտնվեց Ուսամա բեն Լադենի «Ալ Ղաիդա» կազմակերպության հետ կապեր ունեցող 34 երկրների ցուցակում, պատրաստակամություն հայտնեց օժանդակել Վաշինգտոնինՙ չեզոքացնելու ահաբեկչական խմբավորումները։

2002 թ. հուլիսի 10-ին ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլ» պարբերականը գրեց «Ալ Ղաիդայի» կարեւորագույն թեւը համարվող եգիպտական «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ, աշխարհի թիվ 2 ահաբեկիչ Այմար ալ Զաուահիրիի Բաքվի գործունեության մասին։

Բաքվում լույս տեսնող «Հյուրիեթ» թերթի տվյալներովՙ Կովկասում գործում են 7 ահաբեկչական կազմակերպություններ, որոնք բոլորն էլ իրենց բջիջներն ունեն Ադրբեջանում, դրանցից մի քանիսը սերտ կապերի մեջ են բեն Լադենի հետ։

Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիա-Կովկաս հաստատության հուլիսի 12-ի հրապարակման մեջ նշվում է, որ 80-ական թթ. վերջերից Ադրբեջանում իրենց մասնաճյուղերն են բացել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից «Ալ Ղաիդան», «Հզբոլլահը», «Մուսուլման եղբայրները»։ «Հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական բարենպաստ դիրքը, «Ալ Ղաիդան» նույնպես բացեց իր մասնաճյուղը եւ ծրագրեց Բաքվում ԱՄՆ դեսպանատան շենքի պայթեցումը», գրվում է հրապարակման մեջ։

Ինչ վերաբերում է «Աս սալամ» իսլամական հիմնադրամին, ապա այն չի դասվում ԱՄՆ պետքարտուղարությանՙ ահաբեկչական կազմակերպությունների շարքը։ «Աս սալամը» իսլամի վահաբական ուղղությունը քարոզող կազմակերպություն է, Դաղստանում տպագրում է «Աս սալամ» ռուսալեզու ամսագիրը, բջիջներ ունի Ադրբեջանի մի շարք շրջաններում։

2002 թ. Ադրբեջանում գործող ծայրահեղական կազմակերպություններից արգելվեց «Միջազգային բարեգործական հիմնադրամի» գործունեությունը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջինիս որակեց «Ալ Ղաիդայի» քույր կազմակերպություն, որը ֆինանսավորում է միջազգային ահաբեկչությանը։

Երեկ երեկոյան Նամիկ Աբբասովը հայտարարեց, թե Ադրբեջանում չկա «Աս սալամ» կազմակերպություն։ «Այդ կազմակերպությունն Ադրբեջանում չի գործել եւ չի գործում։ Բոլոր անձինք, ովքեր կապեր ունեին «Աս սալամի» հետ, 2000 թ. հոկտեմբերին վտարվել են երկրից», Ինտերֆաքսը մեջբերում է Աբբասովի խոսքերը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4