«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ՀԱՅ ԱՐԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ

Խմբագրությունը հրատարակության խնդրանքով երեկ ստացավ Հայ արիական միաբանության գերագույն խորհրդի կոչ-հայտարարությունը, որի հիմնական բովանդակությունըՙ ստորեւ։

Գնալով ուժգնանում է Արցախի խնդիրը ստիպողաբար լուծելու եվրապահանջը։ Դավադիր բանակցությունների մեջ է «բարեկամական» Ռուսաստանը։ Այս հարցում քաղաքական խեղկատակություններ են անում նաեւ արեւմտամետ հայ քաղաքական գործիչները։ Ամեն տեսակի հայրիկյաններ փորձում են Արցախի ու անկախության խնդիրները հակադրել միմյանց։ ԻՄ-ի ղեկավարը նշում է, թե Վրաստանն իր անկախությունը նախընտրելովՙ «զոհաբերեց» Աբխազիան, Օսիան, նույնիսկ Աջարիան։ Մեր կողմից ավելացնենք, որ վատ չէր լինի, եթե հանուն անկախության «զոհաբերեր» նաեւ Ջավախքը։ Սույն պարոնը Արցախը համարում է «հողակտոր», որի «ճորտն ենք դարձել ազգովինՙ չունենալով պետականություն»։ Այս եւ նմանատիպ գործիչները պետականությունը կամ անկախությունը պատկերացնում են կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի «տակը պառկելով»։ Սրանք պատրաստ են զիջել Հայաստանի յուրաքանչյուր «հողակտոր»ՙ իրենց տերերի շոյանքն ստանալու համար։

Արցախը մեր անկախության առաջին պտուղն է։ Ազգի համար արժեքը հայրենիքն է, անկախությունն ու պետականությունը միջոցներ են մեր ազգային խնդիրները լուծելու համար, եւ մենք մի խնդիր արդեն լուծել ենք. ազատագրել ենք մեր պատմական հողերի մի մասը։

Տարիներ առաջ Էլչիբեյ կոչվածը խոստանում էր ոտքերը լվանալ «իր նախնիների» Սեւանա լճում, եւ արդեն գծվել էր համապատասխան աշխարհագրական քարտեզ, որն ուսուցանվում էր ադրբեջանական դպրոցներում... Այժմ էլ Վրաստանի դպրոցներում են սովորեցնում, թե Լոռին, Տավուշը, Ուտիքը, մինչեւ Սեւանի ափերը վրացական հողեր են...

Կոչ ենք անում ՀՀ իշխանության, ընդդիմության, համայն հայության, դեռեւս հայ մնացած ուժերինՙ համախմբվելու եւ ամեն կերպ դադարեցնելու այս հակահայ քաղաքականությունն ու ծրագիրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4