Մարդկանց անօրինական փոխադրումները, առք ու վաճառքը դարձել են գլոբալ հիմնահարց, որի թիրախ են դառնում մի շարք զարգացող եւ տարանցիկ երկրներՙ վերածվելով ապօրինի փոխադրումների ելքի երկրների։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ։ Առաջնորդվելով կանանց, երեխաների եւ միգրանտների իրավունքների խախտումը կասեցնելու մտահոգությամբ, ՄՄԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբՙ ՀՀ կառավարության հետ համագործակցելով վեր հանել մարդկանց անօրինական փոխադրումների ցավոտ հարցը եւ պարզել դրանց պատճառները։
Անկանոն միգրացիայի տեսանկյունից Հայաստանը ելքի, որոշ չափով էլ տարանցիկ երկիր է։ 1991 թ. ի վեր մոտավոր հաշվարկներով Հայաստանից արտագաղթել է 800 հազարից 1 մլն մարդՙ ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի ճանապարհներով։ Հիմնականում դրդող գործոններ են դարձել աղքատության կտրուկ աճը (հատկապես քաղաքային բնակավայրերում), սոցիալական ոլորտի ծախսումների կտրուկ նվազումը, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզմանը հետեւած ելքի վերահսկման թուլացումը։
Նշեմ մարդկանց անօրինական փոխադրումները սահմանող համակցված բաղադրատարրերըՙ միգրացիա-տեղաշարժ պետական սահմաններով կամ դրանց ներսում, միջնորդներՙ ներքաշված են գործընթացում հարկադրանքով, խաբեությամբ կամ ապօրինի ձեւերով շահույթ ստանալու նպատակով, տուժածներ-շահագործվողներ, մարդու իրավունքի ոտնահարումներ...
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ապօրինաբար փոխադրված անձանց 65 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, 2 անչափահաս, 73 տոկոսըՙ զոհ, 28 կանանց մղել են մարմնավաճառության, 10 կանայք մեկնելիս գիտակցել են, որ մեկնում են վճարովի սեռական աշխատանքի, այսուհանդերձ, արտերկրում նրանք հայտնվել են ծանր վիճակում...
Ապօրինի փոխադրումների ենթարկված անձինք, որոնք կախման մեջ են գործակալներից ու գործարարներից, անծանոթ միջավայրում հայտնվում են ծայրահեղ անպաշտպան վիճակում եւ նյութականի կարիք են զգումՙ ջանալով գոյատեւել եւ օգնել հայրենիքում մնացած ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ վերադարձնել միջնորդներին վճարվելիք կուտակված պարտքերը։ Դրա արդյունքում հաճախ տուժածները («զոհերը») ստիպված են լինում տաժանակիր աշխատանք կատարել գործարաններում կամ ձկնորսանավերում, ներքաշվել քրեական խմբավորումներում, մուրալ, բռնի «սեռական աշխատանք» կատարել կամ զբաղվել այլ տեսակի հարկադիր աշխատանքով։ Նման իրավիճակում նրանք ոչ միայն տնտեսապես են շահագործվում, այլեւ ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները։ Մարդիկ անկարող են փախչել պարտային կախվածության, անձնագրերի եւ ճամփորդական փաստաթղթերի առգրավման, պահակների առկայության, բռնության կամ բռնության սպառնալիքների պատճառով։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մարդկանց ապօրինի փոխադրում են հիմնականում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններՙ սեռական առեւտրի նպատակով, իսկ Թուրքիա, Հունաստան եւ այլ երկրներ ինչպես սեռական առեւտրի, այնպես էլ աշխատանքային շահագործման։
Իսկ ինչպե՞ս են հավաքագրվում ապագա «զոհերը» եւ ո՞ւմ կողմից...
Հետազոտություններն ու մասնավոր դեպքերի վերլուծությունները ցույց են տալիս, որ տրաֆիքինգի հավաքագրումը որոշակի մոդելով է կատարվում։ Շղթայի առաջին օղակը հաճախ հարեւանն է, ընկերը կամ ծանոթը, որ տեղացի հավաքագրողն է։ Նա սերտ կապված է արտերկրում գտնվող գործատուի կամ կավատի հետ կամ էլ հենց ինքն է արտերկրում զբաղվել կամ շարունակում է զբաղվել մարմնավաճառությամբ։
Հաջորդըՙ հատուկ սցենարով գործող միջնորդները, օրինակ, թուրքական տուրիստական ավտոբուսի ղեկավարը, արտասահմանում աշխատանքի տեղավորմամբ զբաղվող անձը, կավատները, որոնք ունեն օտարերկրյա գործընկերներ։ Տրաֆիքինգի ենթարկված կանանց առջեւ կանգնած հիմնախնդիրներն ենՙ պարտքը, ունեցվածքի վաճառքը, մեկուսացումը եւ տեղաշարժի սահմանափակումը, ֆինանսական շահագործումը, բռնությունը, կանանց վաճառքը եւ կյանքը վտանգող առողջական խնդիրների մեջ ներքաշվելը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավագույն դեպքում կանանց մեծ մասը կարողացել է տնօրինել մարմնավաճառությունից ստացված հասույթի 25 տոկոսը միայն։ Մարմնավաճառության նպատակով կամ օրգանների վաճառքի համար փոխադրվողների շարքում կան անչափահասներ, թափառաշրջիկներ, ծնողազուրկ երեխաներՙ հավաքագրված փողոցներից, մանկատներից ու գիշերօթիկ դպրոցներից։ Կան նաեւ դեպքեր, երբ Հայաստանից որդեգրված երեխաները տրաֆիքինգի զոհ են դառնում։ Թեեւ օրինական որդեգրման ընթացակարգը բավական խիստ է, սակայն պետական պաշտոնյաների կոռումպացվածությունը համակարգը բացում է չարաշահումների առջեւ։ Երեխաների անօրինական փոխադրումը կատարվում է մանկական մարմնավաճառության, կեղծ ամուսնության, անօրինական որդեգրման եւ աշխատանքի նպատակներով։
Ենթադրվում է, որ աշխարհում մարմնավաճառության, պոռնոգրաֆիայի եւ սեռական այլ նպատակների անօրինական փոխադրումների մեջ 16 տարին չբոլորած մոտ 2 միլիոն երեխա կա։ Դրանց մեծ մասն աղջիկներ են։ ԴԱՎ-ով վարակվելու վախը հաճախորդների շրջանում մեծացրել է կույսերի պահանջարկը։ Պարսից ծոցի հարուստ երկրներում մի գիշերվա համար կույսերի մատակարարողներն ահռելի գումարներ են ստանում։ Առաջին հաճախորդին ընդունելուց հետո, երբ երեխան այլեւս կույս չէ, վարձատրությունը կտրուկ նվազում է։ Սովորաբար երեխան ստանում է մի մասն այն գումարի, որի դիմաց ինքը վաճառվել է։ Սակայն գրեթե բոլոր դեպքերում կավատն այդ գումարն էլ է խլում։
Այսուհանդերձ, թեման կարիք ունի հետագա լուրջ ուսումնասիրության, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, պարզ դառնա արտերկիր միտված ապօրինի որդեգրումների ծավալը, եւ արդյոք այդ երեւույթն ապօրինի փոխադրման (երեխաների շահագործման) քողարկված ձե՞ւ է, թե՞ «պարզապես» ապօրինի սահմանահատում։
Հավաքագրման օղակներից են նաեւ աշխատանքի տեղավորման գրասենյակները, ճամփորդական գործակալությունները, ամուսնական ծառայություններ առաջարկող ընկերություններն ու ինտերնետային տարբեր սայթերը, որոնք հեշտությամբ խայծ են դառնում անտեղյակների համար։ Իսկ պարային խմբերից ու մանեկեններից ընտրված աղջիկները ամենաթանկ վճարվողներն են տրաֆիքինգում։ Այդ մասին տեղեկացրեց կավատ մի կին, որն ամեն թռիչքին 5 կին է ուղարկել Դուբայ։ Նրա անունը չեմ նշում, բայց նա ոստիկանության հսկողության տակ է եւ, ըստ իրեն, այլեւս չի զբաղվում այդ գործով (իր պատիժը կրելուց հետո)։ Մեր անկեղծ զրույցի ընթացքում Ս.-ն նկարագրում էր, որ Դուբայում գործում է, այսպես կոչված, «կոնվեյերի» սիստեմը։ Մինչեւ նոր հավաքագրված խումբը չի հասնում տեղ ու անցնում հատուկ «մշակման», նախորդներից արդեն ոչ պիտանիներինՙ մեծ գումարային պարտքեր շալակած, կամ վաճառում են այլ կավատների, կամ անձնագրերը տալովՙ թողնում ճակատագրի հույսին, օտար երկրում առանց օթեւանի... Ըստ նրա, ապօրինի փոխադրումների համար միշտ չէ, որ ընտրվում է ամենակարճ երթուղին։ Ի պատասխան օրենսդրական եւ օրենքի կիրարկման միջոցառումներիՙ ապօրինի փոխադրումների, մեթոդների փոփոխումն անչափ կարեւոր է տրաֆիքինգով զբաղվող կազմակերպությունների կենսունակությունը պահելու համար։ Այդ կազմակերպությունները հաճախ շեղվում են բուն ուղուցՙ մի քանի տարանցիկ երկրներով անցնելով, օգտվելով սահմանային հսկողության բացերից, կաշառելով մաքսավորներին, հեշտացնում են սահմանահատումը։
Տեղաշարժը հսկելու գործում կավատին հաճախ օգնում են հյուրանոցների աշխատողները եւ ապօրինի փոխադրումների ենթարկված այլ կանայք։ Տրաֆիքինգը հայտնի է որպես լավ կազմակերպված հանցավոր գործունեություն, որից շահույթ են ստանում նրանք, ովքեր մասնակցում են կանանց շահագործմանը։ Սովորական բան է նաեւ տուժածների շրջանում դավաճանությունն ու միմյանցից տեղեկություններ կորզելը։ Իսկ մահափորձերը, փախուստը կամ դրամի մի մասը թաքցնելը պատժվում են խստորենՙ ծեծ, կտտանք, անարգանք, սով եւ այլն։ Ինչպես կազմակերպված հանցավոր կամ մաֆիոզ խմբավորումներում, տրաֆիքինգի ցանցը նույնպես մի ընտանիք է, որի անդամներից յուրաքանչյուրը վախենում է սեփական կաշվի համար եւ ակամա ստեղծվում է կասկածի ու կավատին ենթարկվելու մթնոլորտ։
2000 թ. նոյեմբերի 15-ին ավելի քան 80 պետությունների ղեկավարներ Պալերմոյում ստորագրեցին արձանագրություններՙ ընդդեմ մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների տրաֆիքինգի եւ միգրանտների մաքսանենգության։ Հայաստանը Պալերմոյի արձանագրություններն ընդունել է որպես իր ստորագրած ՄԱԿ-ի միջազգային հանցագործության դեմ կոնվենցիաների հավելված։ Սա նշանակում է, որ բոլոր հնարավոր արգելող ու կանխող փաստաթղթերն ընդունվել են, մնում է պետությունը դրանք իրականացնի։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ