Երկու օր է արդեն, որ հանրապետության դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները փակել են իրենց դռները գրիպի պատճառով։ Ու թեեւ տակավին համաճարակ չի հայտարարված, սակայն ձեռնարկություններում, հաստատություններում ու գրասենյակներում միեւնույն պատճառով բացակայողների թիվը (միայն «Ազգի» խմբագրությունում գրիպով վարակված է 3 լրագրող), հուշում է համաճարակի մասին։ Դա են վկայում նաեւ 1-03 ծառայությունից մեր ստացած երեկվա տվյալները։
Դեկտեմբերի 18-ին, ինչպես հաղորդեց «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, սպասարկվել է 746 կանչ, այնինչ սովորաբար օրական միջինը կազմում է 350-370 կանչ։ Սա նոր ցուցանիշ է, որն աճման միտում ունի։ Աճի դինամիկան հետեւյալ պատկերն ունի. դեկտեմբերի 1-ին կանչերի թիվը եղել է 418, 6-ինՙ 493, 12-ինՙ 580, 13-ինՙ 677, 14-ինՙ 685, 15-ինՙ 688, 16-ինՙ 704։ Իսկ 18-ին, ինչպես ասվեց, 746։ Անշուշտ, այս բոլորը գրիպի կանչեր չեն, սակայն մեծամասնությունն այդ հիվանդությանն է առնչվածՙ ջերմություն, ուժեղ հազ, շնչառական դժվարություններ եւ այլ բարդություններ։ Դեկտեմբերի 18-ին կանչերից 256-ն ուղղակի առնչվել են գրիպին։ Հիվանդներից 5-ին կարիք է զգացվել տեղափոխելու հիվանդանոց։ Զուգահեռաբար, գրիպային կանչերին գումարվել են սեզոնային խրոնիկ հիվանդությունների սրացումները (սիրտ-անոթային եւ շնչառական)։
Ենթադրվում է, ինչպես ասվեց վերեւում, որ գրիպի դեպքերը կաճեն առաջիկա օրերին։ Դրան կնպաստի արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վերադարձը տոնական օրերի առթիվ։ Նրանք իրենց հետ կբերեն Ռուսաստանում այս օրերին շատ տարածված գրիպի նոր վարակներ։ Կա նաեւ տոնական օրերի շփումների, ալկոհոլային թունավորումների պարագան։
Պրն Արտյոմ Պետրոսյանը մեր ընթերցողներին խորհուրդ տվեց օգտագործել շատ հեղուկներ, իսկ հարկ եղած դեպքում անպայման դիմել բժշկի։
Մեր հերթին ավելացնենքՙ շատ սխտոր օգտագործեք, այս օրերին դադարեցրեք ծխելը։