Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարվա վերջին «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը լրագրողներին հրավիրում է տարվա ամփոփիչ ասուլիսի, որն այս անգամ կայացավ Մասիսում։ «Մասիս տաբակ» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Զարգարյանը լրագրողներին մանրամասն ներկայացրեց ընկերության արտադրամասերը, ուր մեկ տարվա ընթացքում տեղադրվել են «Այկեր» ֆիրմայի 6 հաստոցներ։ 2001 թ.-ին հիմնադրված «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը Հայաստանում ծխախոտագործության եւ սիգարետների արտադրության առաջատարներից է (երրորդ տեղում է, որի հիմնադիրն է հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը։ Վարդանյանի ու նրա անվան հետ է կապված Հայաստանում ծխախոտագործության վերածնունդը։
Այնուհետեւ պրն Հ. Վարդանյանը մանրամասն ներկայացրեց հոլդինգի բոլոր ձեռնարկությունների գործունեությունը։ «Մասիս տաբակ» ընկերության արտադրանքըՙ թե՛ վերամշակված ծխախոտի հումքը, թե՛ սիգարետները, հաջողություն ունեն միջազգային շուկայում։ Որակի միջազգային սերտիֆիկատՙ ISO ունեցող արտադրանքը 50 տոկոսով արտահանվում է Պարսկաստան, Ռուսաստան եւ ԱՄՆ։ Ընկերությունը Հայաստանի բնակլիմայական պայմաններում տեղայնացրել է միջազգային շուկայում պահանջարկ ունեցող ծխախոտի տեսակներՙ «Վիրջինիա», «Բեռլեյ», «Խանթերվիլ», նաեւ Հայաստանում ավանդական համարվող, որակյալ «Սամսուն» տեսակը։ Ընկերությունն ԱՊՀ տարածքում միակն է, որն ունի ծխախոտի տերեւի ջղազերծման եւ կոթունի պայթեցման հոսքագծեր։ Արտադրանքի որակի մասին է վկայում վերջերս սիգարետի արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկիՙ «Բրիտիշ Ամերիքըն տոբակոյի» հետ կնքած պայմանագիրը «Սամսուն-36» տեսակի ծխախոտահումք մատակարարելու մասին։
Մոտ 1000 աշխատատեղ ստեղծած ընկերությունը հոգացել է նաեւ աշխատողների սննդի հարցն ու գեղեցիկ, լուսավոր ճաշարանում նրանք գրեթե անվճար սնվում են։ 2004 թ. նախատեսվում են նոր հոսքագծեր, որոնց արդյունքում էլ կավելանա նոր աշխատատեղերի թիվը։ Ընկերության հետ համագործակցության շնորհիվ գյուղացիական տնտեսություններում ստեղծվել է մոտ 20.000 աշխատատեղ։ Ընկերությունը նպաստում է նաեւ Մասիս քաղաքի զարգացմանը եւ իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Շուտով կսկսվի քաղաքում միակ եկեղեցու կառուցումը, որի հովանավորությունն ստանձնել է «Մասիս տաբակը»։
Արդեն մեկ տարի է, ինչ ընկերությունն արտադրում է նաեւ սիգարետներ, որոնք նոր խոսք են, ինչպես նշեց պրն Վարդանյանը, Հայաստանի սիգարետների արտադրության բնագավառում եւ այդ շուկայում զիջում է «Գրանդ տոբակոյին» եւ «Սիգարոնին»։
Նոր տեխնոլոգիաներով, նոր սարքավորումներով սլիմ տեսակի սիգարետներըՙ «Արարատ», «Գլորիա», «Սուպեր», «Կիլիկիա», «Նյու» արժանացել են ծխողների բարձր գնահատականին։ Այսօր արդեն տեսականին հասել է 40-ի եւ Հայաստանում առաջին անգամ սկսել է արտադրվել սուպերսլիմ տեսակի սիգարետներ, որոնք արդեն մեծ հաջողություն ունեն շուկայում։
«Գրանդ քենդիին» անդրադառնալով, պրն Վարդանյանը նշեց, որ վերջին ժամանակներս ինչ-ինչ հրապարակումներ են եղել, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Որքան էլ որ կողքից մանր ու միջին հրուշակեղեն արտադրողներ են ստեղծվում, դրանք չեն հարվածում «Գրանդ քենդիի» արտադրանքի սպառմանը, քանզի այն մեր երեխաների ամենասիրելին է։
Որպես բիզնես, նշեց պրն Վարդանյանը, լամպերի գործարանը թեեւ չունի այն ծավալները, այն բիզնես ծրագրերը, որով սկսել ենք աշխատել, բայց կայացել է։ Եթե ի սկզբանե մշտապես ներդրումներ էին արվում գործարանում, ապա վերջին 6 ամսվա ընթացքում ընդհանրապես ներդրումներ չեն եղել եւ ինքն այս ամիս առաջին դիվիդենտն է ստացելՙ 100.000 ԱՄՆ դոլար։ Այժմ գործարանը առաջիկա 5 տարիների համար պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետՙ զինվորական բազաների համար լամպեր արտադրելու։ Շուտով Պարսկաստանի Թավրիզ քաղաքում կգործարկվի համատեղ գործարան, որի աշխատանքները կազմակերպելու եւ գործարկելու համար հայ լամպագործներն արդեն մի քանի ամիս է ինչ Թավրիզում են։ Համատեղ գործարանը հայկական լամպերի գործարանի կիսաֆաբրիկատի հիման վրա կարտադրի լամպեր Պարսկաստանում։ Պարսկաստանում լամպերի գործարանի թողարկմանը զուգահեռ, Ջուլֆայում տեղի կունենա սիգարետի գործարանի բացումը, որի ժապավենը կտրելու պատիվը նախատեսվել է երկու երկրների նախագահներին։
«Գրանդ տոբակոյին» անդրադառնալով Հ. Վարդանյանը նշեց, որ այն միշտ եղել ու լինելու է մեր շուկայում առաջատարը եւ համար առաջին հարկատուն։ 2003 թ. հոլդինգը պետբյուջե մուտք է արել (բոլոր տեսակի հարկերով) 30 մլն ԱՄՆ դոլար։
Պոնչիկանոցին անդրադառնալով պրն Վարդանյանը հավաստիացրեց, որ անկախ բոլոր տեսակի թանկացումներից, պոնչիկը չի թանկանա։ Անկախ ամեն ինչից իրենք իրենց սկզբունքներից չեն հրաժարվի ու 50 դրամը միշտ պաշտպանվելու է, քանի որ դա մեր երեխաների ուրախությունն է։
Հոլդինգն այս տարի բարեգործական նպատակներով ծախսել է իր հիմնադրամից 400.000 դոլար։ Հոլդինգն ունի առաջիկա ծրագրերի փաթեթ, որտեղ մշակվում են աշխատանքներՙ արեւային կայանի, Ալավերդու արհեստական մարմարի ու գրանիտի թափոններից խտացված սալիկների արտադրության, «Արզաքան» հանքային ջրի հոսքային գծի, սիգարի արտադրության եւ այլնի։
Ներկայումս հոլդինգի գործարաններում աշխատողների թիվն, ըստ սեզոնի, տատանվում է 3.500-4.000ՙ չհաշված ՀՀ տարածքով մեկ մասնագետներին, առեւտրական կազմակերպություններին եւ գրասենյակի աշխատողներին։
Իսկ հրաժեշտից առաջ պրն Վարդանյանը շնորհավորեց մեր ժողովրդի գալիք Սուրբ Ծնունդն ու Ամանորը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ