«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ

Շուրջ մեկ ամիս Հայաստանում ավարտվել է ֆուտբոլային մրցաշրջանը։ Ամփոփվել են արդյունքները եւ ահա եկել է ժամանակը մեծարելու առաջնության մրցանակակիրներին։ Երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ մրցաշրջան-2003-ի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էր ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան։ Մինչ հանդիսության սկսվելը, ներկաներին հրամցվեց մրցաշրջան-2003-ի մրցանակակիրների մասնակցությամբ հանդիպումներից առավել հիշարժան դրվագներ։ Այնուհետեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկաներին շնորհավորեց ֆուտբոլային տարին ավարտվելու կապակցությամբ, թիմերի մարզիչներին եւ ֆուտբոլիստներին նորանոր հաջողություններ մաղթեց գալիք մրցաշրջանում։

Առաջինը պարգեւատրման հրավիրվեց առաջին խմբի մրցաշարի հաղթող Երեւանի «Կիլիկիան», որի մարզիչներն ու ֆուտբոլիստները պարգեւատրվեցին ոսկե փոքր մեդալներով, իսկ թիմին հանձնվեց փոխանցիկ գավաթը։ Առաջնության երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ Էջմիածնի «Վաղարշապատն» ու Երեւանի «Փյունիկ-2»-ը պարգեւատրվեցին երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներով։ «Կիլիկիայի» ֆուտբոլիստներին մեդալներ հանձնեց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, պրոֆ. Վահրամ Առաքելյանը։ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ անգամ մրցանակակիր դարձած «Շիրակի» ֆուտբոլիստների պարգեւատրությունը կատարեց ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, «Դինամո-2000» ակումբի նախագահ Լեւոն Հասրաթյանը։ Բրոնզե մեդալների արժանացան Ռայմոնդ Զադուրյանը, Գագիկ Մարգարյանը, Արտակ Ադամյանը, Արտաշես Անտոնյանը, Արման Տոնոյանը, Արարատ Հարությունյանը, Հովհաննես Թահմազյանը, Երվանդ Հակոբյանը, Վահե Դավթյանը, Վարդան Բիչախչյանը, Անդրանիկ Բարիկյանը, Հենրիկ Բատիկյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Ալեքսանյանը, Վահան Մառանջյանը, Կարեն Խաչատրյանը, Կարապետ Փարկիթյանը, Արմեն Տիգրանյանն ու Արտակ Գրիգորյանը։

Երկրորդ մրցանակակիր «Բանանցից» արծաթե մեդալներ հանձնվեցին Դմիտրի Վորոբյովին, Կարեն Բաբայանին, Հովհաննես Դեմիրճյանին, Կարեն Սիմոնյանին, Աշոտ Գրիգորյանին, Ալեքսանդր Կուչերին, Նիկոլայ Գիբալյուկին, Դմիտրի Կոնդրաշչենկոյին, Արտյոմ Պոդգայնին, Արշակ Ամիրյանին, Ռոմեո Ջենեբյանին, Սուրեն Սարգսյանին, Արարատ Առաքելյանին, Արամ եւ Արա Հակոբյաններին, Վահե Դավթյանին, Սուրեն Մելքոնյանին, Կարեն Բարսեղյանին։ Այնուհետեւ պարգեւատրման հրավիրվեց երկրի չեմպիոնը, որի կազմում ոսկե մեդալների արժանացան Ապուլա Բետեն, Արթուր եւ Աղվան Մկրտչյանները, Վարդան Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Գալուստ Պետրոսյանը, Էդգար Մանուչարյանը, Ռաֆայել Նազարյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Կառլ Լոմբեն, Խոսե Բիլիբիոն, Էդուարդ Պարցիկյանը, Լեւոն Փաչաջյանը, Մամադու Դիավարան, Նիկոլայ Սարգսյանը, Հովհաննես Անտոնյանը, Ժորա Հովհաննիսյանը, Նդումբուկ Բալեպ Բան, Մարիան Զեչիուն, Իսա Տրաորեն, Արկադի Չիլինգարյանն ու Տիգրան Դավթյանը։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն ռմբարկու Արա Հակոբյանը ֆեդերացիայի կողմից պարգեւատրվեց 800 դոլարով։ Այն ֆուտբոլիստին հանձնեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Արդար խաղի» մրցանակը, որը սովորաբար հանձնվում էր որեւէ ֆուտբոլիստի, այս անգամ հանձնվեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այն բանի համար, որ նա, իբր, բացահայտել էր Հունաստանի հավաքականի խաղի հետ կապված հանգամանքները։ «Վլադ» մարզական ապրանքների խանութի կողմից հատուկ մրցանակ հանձնվեց առաջնության հայտնություն «Փյունիկի» պատանի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանին։ Դրամական մրցանակներ հանձնվեցին նաեւ առաջնության լավագույն մրցավարներ Կարեն Նալբանդյանին, Գեւորգ Հովհաննիսյանին եւ Արարատ Ճաղարյանին, ինչպես նաեւ 5 հեռուստաընկերությունների ֆուտբոլային հաղորդումների հեղինակներին։

Հանդիսավոր արարողության մասնակիցներին ելույթներով ողջունեցին «Բեռնարդ շոու» հաղորդման հեղինակներ Արտյոմ Մարկոսյանն ու Արմեն Վարդանյանը, երգչուհիներ Կարինե Մովսիսյանը, Մայա Մարգարյանը եւ Օլգա Այվազյանը, ինչպես նաեւ պատանի 10-ամյա Վահեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4