ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող մի շարք ՀՀ այլազգի քաղաքացիների դեմ գործով դեկտեմբերի 19-ի դատական նիստին պաշտպանական ճառերով հանդես եկած ամբաստանյալները հրաժարվեցին իրենց նախկին ցուցմունքներից, այդ թվումՙ դատաքննական։
Գլխավոր ամբաստանյալ Նինա Շիլինայի ամուսինըՙ ամբաստանյալ Էդգար Ֆիլկովը, հրաժարվելով իրեն ներկայացված մեղադրանքից, հայտարարեց, որ իրեն կարող էր ներկայացվել իմանալ-չհայտնելու մեղադրանք, ինչի իրավունքն ինքն ունի, քանի որ պարտավոր չէ ցուցմունքներ տալ կնոջ դեմ. «Եթե մեղավոր եմ, որ սիրել եմ այդ կնոջը, եթե կա նման մեղադրանք, պատրաստ եմ ընդունել այն եւ պատիժ կրել»։
Ֆիլկովի եղբայրըՙ Ալեքսանդր Գասպարյանը նույնպես ընտրել էր ոչ թե մեղադրանքից պաշտպանվելու, այլ մեղադրող կողմից ապացույցներ պահանջելու մարտավարություն։ Մասնավորապես, նա պահանջեց ապացույց, թե իր իսկ ցուցմունքները ճիշտ են, եւ պնդեց, որ Շիլինայի ցուցմունքներն անարժանահավատ են, որովհետեւ ինքը Շիլինայի խոսքերին չի հավատում։ Ըստ ամբաստանյալի, քննությունը կատարվել է ոչ լրիվ եւ միակողմանի։ Նա միջնորդեց, որպեսզի գործն ուղարկվի լրացուցիչ նախաքննության։
Ամբաստանյալների զարմուհի Իվետա Ֆիլկովան հայտարարեց, թե իր անկեղծ խոստովանությունն օգտագործվել է իր դեմ, այդ պատճառով ինքը հրաժարվում է իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներից։ Նա հայտարարեց, որ անձինք, որոնց հետ շփվել է Վրաստանում, որեւէ առնչություն չունեն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, իսկ այդ անձանցից Գիվին իրեն գումար եւ նվերներ տվել է ոչ թե որպես վարձատրություն, այլ այն պատճառով, որ անձնական հարաբերություններ ուներ իր հետ։ Զինվորական մասում աշխատանքի անցնելը Գիվիի առաջադրանքը չէր, հայտնաբերված թղթի կտորըՙ զինմասի տվյալներով, նույնպես, ըստ ամբաստանյալի, որեւէ առնչություն չունի իր ծանոթությունների հետ, այն ոչ թե ինչ-որ մեկին փոխանցելու նպատակով էր գրված, այլ անհրաժեշտ էր աշխատանքի առումով։ Ֆիլկովան նույնպես հայտարարեց, որ Շիլինան իր վերաբերյալ ցուցմունքներ տալով կարող էր պատճառներ ունենալ, պարզապես զրպարտել է իրեն։
Դատարանը բավարարեց ռազմական գաղտնիք հրապարակելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Արթուր Օգանեզովի խնդրանքը եւ նրա պաշտպանական ճառը լսեց դռնփակ նիստում։
Նշենք, որ ամբաստանյալները իրենց դատաքննական ցուցմունքներում ընդունել էին իրենց մեղադրանքը, եւ նրանց մարտավարությունը շրջադարձ է կատարել մեղադրական ճառից հետո, երբ մեղադրող կողմը միջնորդել է Իվետա Ֆիլկովային եւ Ալեքսանդր Գասպարյանին 11-ական եւ Էդգար Ֆիլկովին 13 տարվա ազատազրկման դատապարտել։
Դեկտեմբերի 22-ի նիստին պաշտպանական ճառով հանդես կգա Նինա Շիլինան, ամբաստանյալները հանդես կգան վերջին խոսքով։