Սույնով Ձեզ տեղեկացնում ենք, որ ս. թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նիստում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարտինի Այվազյանիՙ դոկտորական ատենախոսության պաշտպանության կանխորոշված եւ կազմակերպված տապալումը։
«Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» թեմայով գրված դոկտորական ատենախոսությունը հաստատված է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այն գրված է աղբյուրների մանրակրկիտ քննության հիման վրա։ Նոր մոտեցում է ցուցաբերված հայոց եկեղեցուՙ հայ ազատագրական շարժումների գաղափարախոսական ու կազմակերպչական խնդիրներին մասնակցություն բերելու վերաբերյալ։
Ելնելով ուսումնասիրվող նյութի բարդությունից, հեղինակը դիմել է խնդիրների համալիր քննությանը, ճշտելով բազմաթիվ մինչ այժմ մութ մնացած պատմական իրողություններ։ XVII-XVIII դարերում տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադարձությունների վերլուծությունը զանազան թելերով շաղկապվում է աշխատության հիմնական առանցքումՙ XVII դարի առաջին քառասնամյակում ու հատկապես 1720-1730-ական թթ. հայոց եկեղեցուՙ ազատագրական շարժումների հետ փոխառնչություններում եւ փոխազդեցություններում։
Աշխատությունն ունի յուրօրինակ ու շահեկան շարադրանք եւ ոճ, որով պատմական բարդ նյութի ընթերցումն ու ընկալումը դառնում է դյուրամատչելի։
Ա. Այվազյանի աշխատությունն անցել է փորձաքննության բոլոր փուլերով, այն գրված է գիտական բարձր մակարդակով եւ Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտխորհրդի համոզմամբ համապատասխանում է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու պահանջներին։ Մաշտոցի անվան Մատենադարանում վստահ են Ա. Այվազյանի կատարած աշխատանքի բարձր արժեք ունենալու մասին։
Սակայն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործողՙ ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ այն, ինչն արդեն հայտնի էր գրեթե բոլորին եւ սպասվում էր։
5 ժամից ավելի տեւած օրինակելի եւ փայլուն պաշտպանությունից հետոՙ 7 կողմ, 8 դեմ եւ 3 (!) անվավեր քվեներով Ա. Այվազյանի ատենախոսությունը տապալվեց։
Ակնհայտ էր պաշտպանության բուն ընթացքը վարողների բացահայտ եւ անթաքույց անբարյացակամությունն ատենախոսի նկատմամբ.
ա) մասնագիտացված խորհրդի նախագահ ակադ. Վ. Բարխուդարյանը պարբերաբար անտեղի դիտողություններով փորձում էր շփոթեցնել ատենախոսին։
բ) Վ. Բարխուդարյանը ձայնի իրավունք այդպես էլ չտվեց մասնագիտացված խորհրդի անդամ, Մատենադարանի գիտական խորհրդի նախագահ, փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանին, որը XVIII դարի ճանաչված մասնագետներից է։
գ) Մասնագիտական խորհրդի գիտքարտուղարի պատասխանատու պաշտոնին անհարիրՙ ագրեսիվ վարքագիծ դրսեւորեց Կարեն Խաչատրյանը։ Ի դեպ, նրա ընդգրկումը հաշվիչ հանձնաժողովի կազմի մեջ կասկածներ է հարուցում նաեւ քվեարկությունից հետո հրապարակված արդյունքների, մասնավորապես 3 անվավեր քվեների աննախադեպ փաստի վերաբերյալ։
դ) Ա. Այվազյանի պաշտպանական ելույթները սկզբունքային էին եւ հանգամանալից. պատահական չէ, որ նրա բերած փաստերին եւ փաստարկներին որեւէ հակադարձություն չեղավ։
Բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչն էր պատճառը Ա. Այվազյանի ատենախոսության նկատմամբ այսօրինակ արտառոց վերաբերմունքի։ Բանն այն է, որ 1998 թ. Ա. Այվազյանը հրապարակեց «Հայաստանի պատմության լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ։ Քննական տեսություն» աշխատությունը, որի մեջ արդարացիորեն քննադատության էր ենթարկել մի շարք ամերիկյան հայագետների, որոնք ձգտելով հաճոյանալ թուրքական պատմագրությանը, հետեւողականորեն աղավաղում եւ ֆալսիֆիկացիայի են ենթարկում հայոց պատմության բազմաթիվ հիմնախնդիրներ։ Փաստորեն, Ա. Այվազյանից վրեժ է լուծվում նրա հայրենասիրական, սկզբունքային դիրքավորման համար։
Մաշտոցի անվան Մատենադարանի գիտխորհուրդը խորապես վրդովված է Ա. Այվազյանի գիտական բարձր արժանիքներով աչքի ընկնող դոկտորական ատենախոսության տապալման փաստով։
Ըստ այդմՙ խնդրում ենք Ձեզ չեղյալ հայտարարել պատմության ինստիտուտում գործող մասնագիտացված խորհրդի ս. թ. դեկտեմբերի 9-ի նիստը, վերանայել նրա որոշումը, ինչպես նաեւ կազմակերպել Ա. Այվազյանի ատենախոսության պաշտպանությունն այլ ձեւով։
Հարգանքներով
Տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսՙ ՍԵՆ Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մատենադարանի գիտական խորհրդի նախագահ ՎԱՐԴԱՆ Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրերս հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից տեղեկացանք, որ երիտասարդ գիտնական Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսությունը մերժել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը։
Արմեն Այվազյան անունը հայտնի է մեզ մի շարք ուշագրավ եւ, ըստ մեզ, պատմական արժեք ներկայացնող մենագրություններից։
Չծանրանալով այդ աշխատությունների բովանդակության վրա, նշենք, որ Արմենը գրագետ, հարուստ եւ միաժամանակ մատչելի լեզվով մեզՙ հայ մտավորականներիս հաղորդում է արժեքավոր ինֆորմացիա մինչ այժմ չվերծանված պատմական իրողությունների վերաբերյալ։
Պատկառելի գիտնականների հնչեցրած ահազանգին գումարում ենք մեր ցավն ու ափսոսանքն առ այն, որ գիտխորհրդի նիստի «արարը» հիշեցնում է անցյալ դարի 30-ականների խորհրդային ինկվիզիցիայի ժամանակները, երբ գիտական մտքի առաջընթացը տապալվում էր չգիտես ինչից բխող արհեստածին ու սարքովի պատճառաբանություններով։
Չենք ուզում հավատալ, որ պրոթուրքական լիսեռի ատամնանիվները յուղվում են գիտակցաբար։
Բայց առնվազն տարակուսելի է, որ հրապարակային մեղավորներից եւ ոչ մեկը չի ուզում մեզ համոզել, որ, գիտեք, սիրելիներ, այդ մեկնաբանությունները թյուրընկալման հետեւանք են եւ հիմնազուրկ, մենք էլ (իրենք) մեր կողմից ապացուցում ենք, որ ահա այս եւ այս կետերով Արմեն Այվազյանի ատենախոսությունը չի հաղթահարում դոկտորականի շեմը։
Ինչպե՜ս չէ, իրենք էլ գիտեն, որ հաղթահարում է, դեռ մի բան էլ ավելի։
Ակամա մարդու մեջ սողոսկում է մի հարցՙ այս ո՞ւմ է վստահված մեր պատմագրությունը։
Լավ, ընդունենք, թե ելակետը եղել է, մեղմ ասած, գիտական խղճի բացակայությունը, բայց ի՞նչ անուն կարելի է տալ այն ամբիոնականներին, որոնք առանց կարդալու ատենախոսությունը, նույնպես դեմ են քվեարկել եւ ապահովել բացասական կարծիքի մեծամասնությունը։
Արմեն Այվազյանի փայլուն մասնագիտական ապագային չենք կասկածում, բայց այլեւս խորը կասկածներ ունենք, թե մեր պատմագիտության իշխանավորների գործունեության հիմքում սրտացավությունն է հայոց բազմաչարչար պատմության խնդիրների եւ դրանց շուրջ մասնագիտական անաչառ վերաբերմունք դրսեւորող անհատների նկատմամբ։
Ցավոք ավելորդ չենք համարում նաեւ հիշեցնել, թե ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները մեզանից ինչ մաքսիմալ համախմբվածություն են պահանջում։
Եթե սա մոռանանք, ազգային ինքնագիտակցության մերժման հաշվին կուտակած ցանկացած կապիտալ անիմաստ կդառնա։
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ