Վերջերս շատ է խոսվում հայ թատրոնի, ինչպես նաեւ դրամատուրգիայի ճգնաժամի մասին (հրապարակում է եղել նաեւ «Ազգ» թերթում)։ Որքանով էլ այդպիսի տագնապ հնչեցնողները թատրոնի այսօրվա ու վաղվա բախտով շահագրգռված, ազնիվ մտահոգությամբ ապրող մարդիկ լինեն, այնուամենայնիվ, նրանց տագնապը ծայրահեղություն է։ Հայաստանի գոնե երկու թատրոնՙ Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններն ապրում են լիարյուն կյանքովՙ մշտապես ներկայացումներ ու պրեմիերաներ ունեն։ Իզուր է նաեւ պիեսների, լավ պիեսների ու լավ հեղինակների բացակայությունից բողոքելը։ Երեւանի դրամատիկականում հաջողությամբ բեմադրվում են Պերճ Զեյթունցյանի, իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնումՙ Ժիրայր Անանյանի դրամատիկական բարձրարժեք գործերը։ Անկախ ամեն ինչից, այս թատրոններն ու այս դրամատուրգները հրապարակում են։ Այսօրվա մեր հանդիպումը նրանցից մեկիՙ Ժիրայր Անանյանի հետ է։
25 տարի անընդմեջ, սկսած 1978 թվականից որեւէ շաբաթ չի եղել, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Ժիրայր Անանյանի գոնե մեկ պիեսի բեմադրության ներկայացում չլինի։ 1978-ին, երբ այստեղ առաջին անգամ ներկայացվեց դրամատուրգի «Տաքսի, տաքսի» կատակերգությունը, հանդիսատեսը գոնե Ժիրայր Անանյանի պիեսների ներկայացումների ժամանակ դահլիճում ազատ տեղեր չի թողնում։ Գուցե սա պայմանավորված էր նաեւ Կարպ Խաչվանքյանի ֆենոմենով։ Բայց, ահա, արդեն մի քանի տարի է, ինչ չկա հայ բեմի այս անկրկնելի վարպետը, սակայն Ժիրայր Անանյանի պիեսների բեմադրությունները կրկին ու կրկին մեծ թվով հանդիսատես են բերում թատրոն։ 2000 թվականից հաջողությամբ ընթանում են Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» պիեսի ներկայացումները։
«... Երաժշտական կոմեդիայի թատրոնը նոր բեմադրություն ներկայացրեց, այս անգամ... ողբերգություն։ Այո, հենց ողբերգություն, որքան էլ դա զարմանալի թվա,- գրել է «Ազգը» 2000 թ. հունիսի 16-ի համարում։ - Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» պիեսը, որ ներկայացման ազդագրերում կոչվում է կատակերգություն, կոմիկական է սոսկ «արտաքին» տեսքովՙ ծիծաղելի իրավիճակներ, երկխոսություններ, որոնք շռայլորեն ծիծաղ են տանում դահլիճից։ Իսկ ներկայացումից հետո մնում է այն միտքը, որ մենք մեր ողբերգության, մեր խեղճության վրա էինք ծիծաղում...»։
Այս կատակերգության բեմադրությունը Հայաստանի թատերական կյանքում իրադարձություն համարեցին մեր անվանի մտավորականներըՙ Սիլվա Կապուտիկյանը, Լեւոն Հախվերդյանը, Անահիտ Սահինյանը, Ժորա Հարությունյանը եւ ուրիշներ։
2002 թ.-ին Երեւանի «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոն-թատրոնն օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ ներկայացրեց Ժիրայր Անանյանի «Կեսգիշերին» պիեսը, որն ավելի շուտ մենախոսություն է, խաղ մեկ արտիստով (գլխավոր դերումՙ Հարություն Մովսիսյան)։ Ժիրայր Անանյանին եւ կոմեդիային սովոր հանդիսատեսն այս անգամ եւս ողբերգության ներկայացման ականատեսն ու ունկնդիրը եղավ, սակայն այնպիսի ողբերգություն, որը չի սպանում մարդուն, այլ օգնում է փրկվել։
... Առանց լույսի մնացած գրողն այսպիսի խոսքեր է ասում. «Եթե գոյացել ենք, մենք սիրո՞ւց չենք գոյացել։ Ուրիշ էլ ինչի՞ց։ Բա ինչի՞ համար եք իրար ատում։ Եթե չեք սիրում, ո՞նց եք իմանում, որ ապրում եք, դա ինձ բացատրեք։ Ձեզ էլ թվում է, թե ապրո՞ւմ եք...»։ Այսպիսի հատվածներ շատ կարելի է մեջբերել պիեսից եւ պիեսի բեմադրությունից։
Կա նաեւ այսպիսի տեսարան. ցուցադրվում է հեծանիվ նստած փոքրիկ մի տղայի լուսանկար, որին նայելովՙ պիեսի հերոսն ասում է. «... Էս երեխան ո՞վ էՙ երեքանիվանի հեծանիվ նստած... Ե՞ս եմ... Ես եմ... Ուրեմն ես երեխա՞ էլ եմ եղել... Մանկությունից բաժանվում եք, դրա համար եք մեղք գործում։ Եթե չբաժանվեք, մեղք կգործեի՞ք։ Մանկությունս թողնեմ, անհեծանիվ ո՞ւր գնամ...»։
Սա ո՞ւմ ստեղծագործությունից է. Ժիրայր Անանյանի՞։ Անպայման։ Կատակերգությո՞ւն է։ Ոչ, ողբերգություն է, մեր ողբերգությունը։
Մի քանի ամիս առաջ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Ղազանչյանն իր ղեկավարածՙ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ներկայացրեց Ժիրայր Անանյանի նոր պիեսըՙ «Մեր տան տերերը», որը կատակերգություն լինելով հանդերձ, նույնպես ողբերգություն է ծիծաղաշարժ ռեպլիկներով ու իրավիճակներով, բայց ողբերգություն ըստ էության։ Վաճառվում է ամեն ինչ, ամեն ոք. սա մեր ժամանակների արձագանքն է։ Բայց ո՞ւր ենք հասնելու, ո՞ւր ենք գնում։ Սա արդեն գրող, դրամատուրգ, մտավորական Ժիրայր Անանյանի ճիչը չէ։ Մեր բոլորի բողոքը պիտի լիներ։ Չէ՞ որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, չէ՞ որ պիտի զգանք անորոշություն տանող մեր այս ճանապարհը։ Տեսնում է, լավ է տեսնում նաեւ Ժիրայր Անանյանը։ Բայց, փառք Աստծո, ողբասաց չի դառնում, այլ մեզանով մտրակահարում է մեզՙ մեր զգոնությունը, մեր կերպը չկորցնելու համար։ Մեկը տեր պիտի կանգնե՞ր։ Ժիրայր Անանյանը դա անում է, անում է մտրակահարի նման, բայց ոչ դաժանությամբ, որովհետեւ գիտե, համոզված էՙ այսօրվա մարդուն պետք է փրկել, բայց պետք է փրկել նրան մեծացնելով, մեծարելով, անում է ճշմարիտ արվեստագետի կրքով։
Մի քանի տարի առաջ Ժիրայր Անանյանի «Կարուսել» պիեսի բեմադրությունն իրականացրեց Թեհրանի «Սամանդարյան» պարսկական թատրոնը։ Իսկ Իրանի ռադիոյով ներկայացվեց հեղինակի «Սրբապատկեր» եւ «Ես եմ, եկել եմ» պիեսները։ Ռադիոբեմադրությունների հեղինակ, Իրանի հանրածանոթ ռեժիսոր Սադրեդին Շաջարեն, վերլուծելով Անանյանի ստեղծագործությունները, նրա ոճը համեմատեց Չեխովի ոճի հետ։ Այո, Ժիրայր Անանյանի բոլոր պիեսներում սովորական, այսպես ասած «փոքր մարդն» է։ Բայց ո՞վ է որոշում մարդու մեծությունը կամ փոքրությունը։ Ժիրայր Անանյանի ստեղծագործություններում «փոքր» մարդիկ չկան, կա մարդըՙ իր հույզերով, հույսերով, տառապանքներով, երազներով։ Բոլորս ենք Ժիրայր Անանյանի գործերում։
Այս ամենը հաստատապես կարելի է նկատել, երբ ծանոթանում ես վերջին երկու-երեք տարվա նրա գրական «հունձքին»։ «Լույս 27-ի գիշերը» (Երեւան, 2002 թ.), «Ընդունելությունըՙ երկուսից մինչեւ վեցը» («Վան Արյան» հրատարակչություն, 2003 թ.), «Լույս քեզ տեսնողին» (ՀԳՄ հրատարակչություն, 2003 թ.), ինչպես նաեւ Թեհրանում պարսկերենով հրատարակված «Ես եմ, եկել եմ» գրքերը սոսկ պիեսների ժողովածուներ չեն, գրական բարձրարժեք գործեր են, որոնցում ներկայացված պիեսների բեմադրությունները կարող են պատիվ բերել ամեն մի խստապահանջ թատրոնի։
Մեր զրույցներից մեկի ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ասաց. «Առանց ժամանակակից պիեսի ազգային արդիական թատրոն գոյություն ունենալ չի կարող։ Իսկ ժամանակակից դրամատուրգներից Ժիրայր Անանյանը ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ փնտրված հեղինակ է»։
Դե ինչ, վերցրեք ու վայելեք Ժիրայր Անանյանի պիեսները։ Նա ձեր ողբերգություններն ու ձեր կոմեդիաները ծիծաղով եւ արցունքով լեցուն թատերական տոն է դարձրել։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ