ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանումՙ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, սկսվել է Լեւոն Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, համաձայնության գալով ներկայումս գործով վկա Արայիկ Նարիմանյանի հետ, 2003 թ. հուլիսից ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ պայթուցիկի գործադրմամբՙ նրա պաշտոնեական գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Ըստ անվտանգության մարմինների, հանցագործության իրականացումը կանխվել է նախապատրաստման փուլում։
Ինչպես հայտնի դարձավ դատաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են գործով վկաները, իսկ առաջիկա դատական նիստում նախատեսվում է, որ ցուցմունքներով հանդես կգա ամբաստանյալ Լեւոն Աբրահամյանը։