«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2003-12-20 | #236, 2003-12-23 | #237, 2003-12-24


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սիրելի հայրենակիցներ,
Եղբայրներ եւ քույրեր,

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության անունից եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ ձեզՙ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում։

Անցնող տարին հանրապետության կյանքում նշանավորվեց մի շարք քաղաքական իրադարձություններով, որոնք կանխորոշում են Հայաստանի մոտակա մի քանի տարվա զարգացման միտումները։ Ռուսաստանի, ինչպես նաեւ համայն սփյուռքի հայերը, որոնք բազում թելերով կապված են իրենց մայր հայրենիքի հետ, ապրում են հանրապետության ժողովրդի կյանքով, մեծ հետաքրքրությամբ հետեւում երկրում դեմոկրատական գործընթացների ու քաղաքացիական հասարակության զարգացմանը, տնտեսական առաջընթացի, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու սոցիալական արդարության հաստատմանն ուղղված ջանքերին։

Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ աշխատասիրությամբ, տոկունությամբ եւ կենսունակությամբ, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների կայուն ավանդույթներով եւ բարձր կուլտուրայով կկարողանա լուծել այն բազմաբնույթ խնդիրները, որոնց Հայաստանը եւ հայ ժողովուրդը բախվել են իրենց համար այս բարդ ժամանակներում։

Անցնող տարին հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց մի անչափ կարեւոր պատմական իրադարձությամբ։ Հիմնադրվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը, որի գլխավոր նպատակն է նպաստել աշխարհով մեկ սփռված հայության ջանքերի միավորմանըՙ հանուն մեր ժողովրդի համազգային շահերի պաշտպանության։

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք ռուս-հայկական, ինչպես նաեւ հայաբնակ մյուս երկրների հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, այդ երկրների միջեւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Մեր նպատակն է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ հայ ժողովրդի բոլոր հատվածներիՙ Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միջեւ հետագա բազմակողմանի հարաբերությունների զարգացման, նրանց արդյունավետ փոխգործողությունների համարՙ հանուն ազատ, անկախ Հայաստանի վերածննդի եւ հայ ժողովրդի առաջընթաց զարգացման։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4