«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2003-12-20 | #236, 2003-12-23 | #237, 2003-12-24


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐ Է ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 22-23-ը Վրաստանում կատարված պետական հեղաշրջումից հետո Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը երրորդ անգամ է ժամանում Բաթումՙ բանակցելու Աջարիայի առաջնորդի հետ։ Ասլան Աբաշիձեն, որ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ ուներ բարդ, երբեմնՙ թշնամական հարաբերություններ, բազմիցս հայտարարել է, որ Աջարիայի տարածքում հունվարի 4-ին նախագահական ընտրություններ չեն անցկացվելու, քանի որ պետական հեղաշրջմամբ Վրաստանում խախտվել է սահմանադրական կարգը։

Դեսպան Մայլսը, որ պետական հեղաշրջման ընթացքում կատարել է առանցքային դեր, փորձում է Աբաշիձեին համոզել, որ ինքնավարության տարածքում անցկացվեն ընտրություններ։ Երեկ Բաթումում տեղի ունեցած հանդիպումից հետո, ինչպես հաղորդում է «Civil.ge» էլեկտրոնային թերթը, Աբաշիձեն լրագրողներին ասել է. «Ժվանիան (պետնախարար) եւ Բուրջանաձեն (նախագահի պաշտոնակատար) այցելելու են Բաթում, եւ մենք շարունակելու ենք բանակցությունները։ Աջարիայի տարածքում ընտրություններ անցկացնելու խնդիր չկա, մենք հորդորում ենք, որ մեր պահանջները կատարվեն»։

Թե ինչ պահանջների մասին է խոսքը, Աբաշիձեն չի հստակեցրել, սակայն ակնհայտ է, որ դեսպան Մայլսին հաջողվում է Աբաշիձեին համոզել մասնակցելու ընտրություններին, մի բան, որ չէր հաջողվել Բուրջանաձեին եւ Ժվանիայինՙ Բաթում այցելությունների ընթացքում։

Դեկտեմբերի 20-ին Ժվանիայի հետ հանդիպումից հետո Աբաշիձեն հայտարարել էր, որ նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունները մասամբ (միայն համամասնական ծրագրով) չեղյալ հայտարարելու գերագույն դատարանի որոշումն անօրինական է, քանզի նման իրավասություններ ունի միայն Սահմանադրական դատարանը։

Երեկ Աջարիայի խորհրդարանը մեկ ամսով երկարաձգեց ինքնավարության տարածքումՙ Վրաստանի պետական հեղաշրջումից հետո, մտցված արտակարգ դրությունը։

Վաղը աշխատանքային այցով Մոսկվա է մեկնում Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն։ Կրեմլում նրան ընդունելու է Վլադիմիր Պուտինը։ Բուրջանաձեն հույս է հայտնել գոնե մասամբ լիցքաթափելու ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4