«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2003-12-20 | #236, 2003-12-23 | #237, 2003-12-24


«ՆԱՅԵՔ, ՄԱՏԻԿՆԵՐԵՆ ԼՈՒՅՍ ԿՃԱՌԱԳԻ...»

Անկեղծ ասած, կզարմանայի, եթե աշխարհում գտնվեր մի հայ ու չհպարտանար իր հայ լինելով ու Գոհար Գասպարյանով։ Կզարմանայի։ Բայց վերջին տարիներս նաեւ այդպիսի հայեր տեսանք մեզանում։ Փառք Աստծո, որ իրենք միայն իշխանավորներ են, աթոռի վրա նստողներ։ Ու փառք Աստծո, որ մեր այսօրվա գերագույն հոգեւոր հովիվը, մեր կաթողիկոսն ի պատշաճն է մատուցում Գոհար Գասպարյանին։ Շնորհակալ լինենք նաեւ Անահիտ Մխիթարյան երգչուհուն, ով մեծագույնն ու ճշմարիտը գնահատելու համարձակություն ունի։

Կասեքՙ Գոհար Գասպարյանին մեծարելը մեզանից ամեն մեկի պարտքը պիտի լիներ։ Բայց չէին անում, չէ՞։ Չէին անում, որովհետեւ իրենք ջարդված հայելու փշրանքները գոհարից զանազանել չէին կարող, որովհետեւ... Հազար ու մի որովհետեւ կարելի է գտնել ճշմարիտ մեծությունը չճանաչելու, չհասկանալու համար։ Չճանաչողների համար սա մեղք չհամարենք, այլ կարեկցության արժանի հիվանդություն։

Փառք Աստծո, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պես հոգեւոր հայրն այսօր մաքրում է 5-6 տարի տեւած իշխանավորի մեղքը եւ կրկին հիշեցնում Գոհար Գասպարյանի մեծությունը։

Ոչ այս անգամ, մի ուրիշ առիթով իրեն հարցրի. «Տիկին Գոհար, մարդկային չարությանն ինչպե՞ս եք պատասխանել ընդհանրապես»։ «Հետ չեմ դարձրել այդ չարությունը, ասաց նա, որովհետեւ բնավորությամբ ուժեղ եմ»։ Միշտ է այդպես եղել։ Նաեւՙ վերջին տարիներին։

Եթե գտնվել են համարձակ ժուռնալիստներ (համարձա՜՞կ)ՙ Գոհար Գասպարյանի հետ հարցազրույցի են նստել կամ կարողացել են իրենց հարցազրույցը հաղորդել հեռուստատեսությամբ։ Ինքը չի բողոքել, ինքը հանգիստ-հանդարտ-խոհուն, նիրվանայի վիճակի հասած սրբի պես կրկին ու կրկին հիացել է հայով ու Հայաստանով, որովհետեւ հայն ու Հայաստանն իր համար աստվածային պարգեւ են եղել միշտ։ Լրագրողի հարցին, թեՙ «Տիկին Գոհար, Ձեր անթիվ հյուրախաղերի մեջ ի՞նչն է Ձեզ ամենամեծ ուրախությունը պարգեւել. փայլուն գրախոսականնե՞րը, հանդիպումնե՞րը թագավորների, շահնշահի, նախագահների, պրեզիդենտների կամ հայտնի արվեստագետների հետ, հանդիսատեսների բուռն ընդունելությո՞ւնը, թե՞ մեծահարուստների ընծաներն ու մեծ հոնորարները... Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ուրախությունը», պատասխանել է. «Ամենամեծ ուրախությունս եղած է տուն վերադառնալս»։

Այոՙ տուն վերադառնալը, տուն, այսինքնՙ Հայաստան, Երեւան, թեեւ կարող էր ասել Կահիրե քաղաքը (որտեղ ծնվել է), Կահիրեից 20 կմ հեռավորության վրա գտնվող Զագազիկ քաղաքը (որտեղ ապրել է հորՙ Կահիրեում փնտրված փաստաբան Միքայել Խաչատուրյանի ընտանիքը)։ Ինքը միշտ իրեն հզոր է զգացել Հայաստանով եւ միշտ հզորացրել է Հայաստանը։ «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարըՙ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր ե՛ւ իրեն, ե՛ւ իր ժողովրդին», ասել է Մարտիրոս Սարյանը։ Իսկ երբ մեծն Ավետիք Իսահակյանն առաջին անգամ լսել է Գոհար Գասպարյանի երգըՙ հարցրել է իրեն. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզնից»։

Տարիներ շարունակ ինձ թվում էր, թե Ալյաբեւը հայ կոմպոզիտոր է, որովհետեւ... իր «Սոխակը» կատարում էր Գոհար Գասպարյանը։

Այսպես մեզ միշտ պահել է հեքիաթի ու իրականի սահմանագծինՙ կյանքը դարձնելով հեքիաթ։

Ի՞նչ կպատահեր մեզ ու աշխարհին, եթե այսօր Գոհար Գասպարյանի փոխարեն ունենայինք իրավագիտության բակալավր Գոհար Խաչատուրյանին...

«Պապաս այն հազվագյուտ մարդկանցից էր, որ Ղուրանն անգիր գիտեր։ Իսկ արաբներին եթե Ղուրանից մի քանի խոսք ես ասումՙ քո բարեկամն են դառնում։ Կահիրեում Գալուստյան վարժարանը 3-4 տարում ավարտելուց հետո, պապաս ստիպեց, որ փաստաբանական դպրոց գնամ։ Ֆրանսիական փաստաբանական դպրոց գնալու հետ միաժամանակ երաժշտական ակադեմիայում էի սովորում...»։

Խոսում է ամուսինըՙ Տիգրան Լեւոնյանը. «Կահիրեն երաժշտապաշտ քաղաք էր։ Կահիրեն օպերային քաղաք էր։ Կահիրեն սփյուռքի ամենահզոր, ամենամտավորական, ամենաարվեստասեր գաղթօջախի օրանն էր։ Ըստ վաղեմի սովորույթի, ամեն թատերաշրջանում այստեղ հանդես էին գալիս իտալական օպերայի աշխարհահռչակ կուռքերը։ Չէ՞ որ Կահիրեում էր գտնվում աշխարհի լավագույն օպերային շենքերից մեկը, ուր կայացել էր Վերդիի հանճարեղ «Աիդայի» պրեմիերան։ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆաշիստներից հալածական իտալացի օպերային մեծ վարպետներ պատսպարվեցին հենց Եգիպտոսում, ուր ճակատագրի բերումով վոկալ արվեստի խոշորագույն ուսուցիչներիՙ Էլիզ Ֆելդմանի եւ Վինչենցո Կարրոյի մոտ պիտի վոկալ եւ երաժշտական բացառիկ դպրոց անցներ մանկամարդ Գոհարը...»։

Իսկ մինչ այդ, ողջ եգիպտահայությունը հիանում էր փոքրիկ աղջնակով, Գալուստյան վարժարանի իննամյա սանուհով, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր երգեր էր երգում։

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր կատարումներ ու կատարողական, օպերային արվեստ. այս երկուսն իրարից անջատ չեն եղել Գոհար Գասպարյանի համար, եթե անգամ նա ոչ թե Կոմիտաս ու Եկմալյան, այլեւ իտալացի, ֆրանսիացի, ռուս կոմպոզիտորների գործեր է կատարել։ Աստված միշտ իր մեջ է եղել, եթե ասենք բանաստեղծորեն, որովհետեւ այսպիսի ձայն սոսկ Տիրոջ կողմից է տրվում, որովհետեւ այսպիսի մարդուն Տերն է միշտ նայում, եւ անգամ փորձությունների տանելիսՙ կրկին Տիրոջ աջի տակ է մնում, որպեսզի ամեն անգամ փրկվելիս Տիրոջ փառքն ավելացնի։

Պրոֆեսիոնալ երաժշտագետներին հիշեցնենք Արամ Խաչատրյանի խոսքը. «Գոհար Գասպարյանը կոլորատուրային սոպրանոյի դիապազոնին ավելացրեց եւս մեկ օկտավ։ Եվ եթե Գոհարը ժամանակին հողմացրիվ արեց դիապազոնի համաշխարհային ճանաչված սահմանները, ապա այժմ նա մեզ վերանայել է տալիս ստեղծագործական երկարակեցության սահմանները»։

Իսկ ոչ պրոֆեսիոնալների համար հիշենք մի դեպք....Ավարտին էին մոտենում Գոհար Գասպարյանի հյուրախաղերն Իրանում։ Այնքան մեծ էր հաջողությունը, որ նրա շրջագայությունը երկարաձգվեց եւս մեկ, խիստ արտակարգ համերգով։ Երգչուհին հրավիրվեց երգելու Ռզա Փեհլեւի շահի պալատում, ուր հյուրընկալվել էր Սովետական Միությունից ժամանած բարձրաստիճան հյուրըՙ Լեոնիդ Բրեժնեւը։ Պալատական ունկնդիրները, շահը եւ նախագահը մեծ հետաքրքրությամբ լսեցին երկու մասից կազմված համերգը, որի երկրորդ բաժինը բացառապես հայկական երաժշտություն էր։ Երգչուհին երգեց, իհարկե, նաեւ «Կռունկը»։ Ընդ որում ոչ միայն երգեց, այլեւ իր ընտիր անգլերենով, որը թարգմանվում էր նաեւ ռուսերեն, ներկայացրեց երգի պանդխտական բովանդակությունը։ Եվ որքան մեծ էր Գոհար Գասպարյանի զարմանքը, երբ համերգի ավարտին, երգչուհուն արքայավայել ընծան մատուցելու պահին պարսից շահը խնդրեց դարձյալ երգել... հայրենակարոտ «Կռունկը»։ Հայ երգի հաղթանակը պարսից պալատի կամարների տակ...

«Երեւի նաեւ այս համերգի մասին հիշողությունն էր, որ տարիներ անց դրդեց Բրեժնեւին ստորագրելու որոշումը Գոհարին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին, ասում է Տիգրան Լեւոնյանը։ Նա առաջին սովետական երգչուհին էր, որ ստանում էր այդ ոսկյա պարգեւը...»։

55 տարի շարունակ նա եղել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, շուրջ 4 հազար ելույթ է ունեցել, երգել է 27 օպերային ներկայացումներում... Արվեստն, իհարկե, թվաբանության հետ հաշիվներ չունի։ Բայց մի՞թե մեկ ուրիշն այսպիսի ճանապարհ կարող էր անցնել, այսպիսի շքեղ ճանապարհ։ Եվ անցնել այսպես շքեղությամբ։... Նա ծնվել է յոթ ամսական, եւ նրան ստիպված են եղել բամբակների մեջ պահել։ «Չապրիր», ասել են ոմանք, իսկ մշեցի տատը գուշակել է. «Կապրի եւ ցեղիս ալ պարծանքը կըլլա։ Նայեք, մատիկներեն լույս կճառագի»։

Ճշմարիտը տատն է եղել։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4