Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ծանր կորուստ կրեց, կյանքից անժամանակ հեռացավ մեր թատրոնի հիմնադիրներից մեկըՙ անվանի արտիստ Թորոս Խաչատրյանը, որի ամբողջ հասուն կյանքն անմնացորդ նվիրում էր իր թատրոնին, արդի հայ բեմական արվեստին։ Պրոֆեսիոնալ դերասան, մեղմաբարո անձնավորություն, աշխատասեր ստեղծագործող, իր անմիջական միջավայրի եւ հազարավոր հանդիսատեսների նկատմամբ բարձր պատասխանատվությամբ առլեցուն։
Բեմական գործունեությանը զուգահեռ, թատրոնում նա կատարեց պատասխանատու աշխատանքներՙ դերասանական խմբի վարիչ, ադմինիստրատոր, իսկ վերջին տարիներս թատրոնի տնօրենն էր, գեղարվեստական խորհրդի անդամ։
Թորոս Խաչատրյանն ինքնատիպ տաղանդով մարմնավորել է շուրջ 40 դերեր, այդ թվումՙ «Լավատեսական ողբերգություն», «Ադամ», «Աստվածային կատակերգություն», «Ստվերը», «Մոռանալ Հերոստրատին», «Ավտոբուս», «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներում։ Նա առանձնանում էր շատերից թատերական արվեստի բնականությամբ ու անմիջականությամբ, որի շնորհիվ լայն հանդիսատեսը նրան սիրում ու մտապահում էր իր հուզաշխարհում։
Թորոս Խաչատրյանի հիշատակը, որն իմաստավորված է զգալի վաստակով, երկար կապրի մեր եւ հանդիսատեսի հիշողության մեջ։
ՀՐ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ