Մարզական լրագրողներն անվանեցին 10 լավագույններին
Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է հանրապետության 10 լավագույն մարզիկներին։ Այս անգամ հարցմանը մասնակցեցին մարզական 46 լրագրողներ։ Հարցման արդյունքներով 2003 թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել միջազգային գրոսմայստեր, շախմատի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը։ Նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր։ Հարցման մասնակիցներից 44-ը նրա ազգանունը հարցաթերթիկներում նշել էին առաջինը։ Էլինա Դանիելյանը վաստակեց 395 միավոր։ Հարկ է նշել, որ մարզական լրագրողներն իրոք ճիշտ ընտրություն են կատարել։ Էլինա Դանիելյանն իր թիմակիցներիՙ Լիլիթ Մկրտչյանի եւ Նելլի Աղինյանի հետ գերազանց ելույթ ունեցավ Պլովդիվում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունումՙ նվաճելով աշխարհամասի չեմպիոնի կոչումը։ Հայկական շախմատի տարեգրությունում Հայաստանի կանանց հավաքականի նվաճումն աննախադեպ է։ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի ներդրումն այդ հաջողությունում անվիճելի է։ Ուստի պատահական չէ, որ Լիլիթ Մկրտչյանը 335 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։
Լավագույն մարզիկների ցանկում 2-րդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գեւորգ Դավթյանը։ Կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունում 77 կգ քաշային ծանրորդը նվաճել էր արծաթե մեդալՙ երկամարտում ցույց տալով 355 կգ արդյունք։ Աշխարհի երիտասարդական առաջնությունում էլ Գեւորգ Դավթյանը մրցահարթակը չթողեց առանց մեդալներիՙ նվաճելով բրոնզե պարգեւ։ Հարցման արդյունքներով Գեւորգ Դավթյանը վաստակեց 355 միավոր։
Գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը լավագույնների ցանկում 4-րդն է (248 միավոր)։ Ճիշտ է, Աշոտն անհաջող հանդես եկավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում, սակայն Եվրոպայի առաջնությունում հայ դյուցազնը երկամարտի 447,5 կգ արդյունքով դարձել էր արծաթե մեդալակիր։
Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Արմեն Նազարյանը (ձյուդո, 205 միավոր), Հրաչյա Շահազիզյանը (նավամոդելային սպորտ, 183), Մամեդ Աղաեւը (ազատ ըմբշամարտ, 182), Լեւոն Գեղամյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 141), Ռոման Ամոյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 137) եւ Երվանդ Գրիգորյանը (սամբո, 110)։ Ընդհանուր առմամբ, լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել էին 30 մարզիկի ազգանուն։ Բացի վերը նշված մարզաձեւերից, հարցման մասնակիցները լավագույնների ցանկում անվանել են նաեւ թեթեւ ատլետիկայի, թենիսի, հեծանվասպորտի, բռնցքամարտի, ֆուտբոլի եւ գեղասահքի ներկայացուցիչներին։