Դեկտեմբերի 19-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Տ. Շահե արք. Աճեմյանի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի երկու միաբան հայրերի վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն։
Մասնավոր վարդապետի աստիճանի արժանացան Տ. Արմաշ աբղ. Նալբանդյանը եւ Տ. Եղիշե աբղ. Ավետիսյանը։
Հայր Արմաշի ուսումնասիրության թեման էր «Ակնարկ Սբ. Գրիգոր Լուսավորչին եւ Աթանասին վերաբերվող հայերեն Պատարագների առ այսօր եղած հետազոտությունների մասին»։ Հայր Եղիշեի վարդապետական թեզը «Աբասի որդի Գրիգոր վրդ. Սանահնեցու «Գիրք Պատճառացը» թեմայով էր։
Դեկտեմբերի 23-ին, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանների տվչության արարողությունՙ ձեռամբ Տ. Ներսես արք. Պոզապալյանի։ Եկեղեցական արարողության ընթացքում նորընծա վարդապետներին տրվեցին օձագլուխ գավազաններՙ իբրեւ վարդապետական աստիճանի եւ իմաստության խորհրդանիշ։
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վարդապետներինՙ Ներսես Սրբազանի ուղեկցությամբ։ Իր օրհնությունը տալով նորընծաներինՙ Վեհափառ Հայրապետը նրանց շնորհեց լանջախաչեր։