«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2003-12-23 | #237, 2003-12-24 | #238, 2003-12-25


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՕՐԴՈՒԵՅԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սիրելի հայ ժողովուրդ,

թույլ տվեք ամերիկյան կառավարության եւ ժողովրդի անունից սրտանց շնորհավորել ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ 2004 թվականը լինելու է Հայաստանում իմ պաշտոնավարության երրորդ տարին։ Անցած երկու տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել լինել Հայաստանի բոլոր տարածքներումՙ վերականգնվող Շիրակից մինչեւ պատմական կոթողներով հարուստ Սյունիք, կապուտաչյա Սեւանից մինչեւ գեղատեսիլ Տավուշ, ինչպես նաեւ հասնել Հայաստանի ամենաբարձր կետինՙ Արագած լեռան գագաթին։ Այս շրջայցերի ընթացքում ես կարողացել եմ տեղում գնահատել ամերիկյան օգնության ծրագրերի արդյունավետությունը, ինչպես նաեւ մոտիկից ծանոթանալ մարդկանց խնդիրներին եւ հոգսերին։ Ամենուր ինձ գերել են Հայաստանի ինքնատիպ բնությունը եւ հնադարյան պատմական արժեքները, սակայն առավել խոսուն եւ տպավորիչ եղել են իմ շփումները բազմաթիվ աշխատասեր եւ բանիմաց հայ մարդկանց հետ։ Հետեւում ունենալով երկու տարիների փորձըՙ ես մեծ համոզմունքով կարող եմ ասել, որ հայ ժողովուրդն ունի մեծ ներուժՙ կառուցելու ազատ, անկախ, տնտեսապես զարգացած եւ բարգավաճ երկիր։

Օգտվելով առիթիցՙ ուզում եմ կրկին նշել, որ մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ գերակա խնդիրների ուղղությամբ։ 2004 թվականին առավել մեծ ուշադրություն է տրվելու բիզնեսի խթանմանը եւ ներդրումային միջավայրի բարելավմանը, որի նպատակն է ստեղծել աշխատատեղեր եւ տնտեսական գործունեության հնարավորություն մարդկանց առավել լայն շրջանակների համար։ Անհրաժեշտ է տնտեսական զարգացման արդյունքները հասանելի դարձնել շարքային քաղաքացուն, ստեղծել ամուր հիմք բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի համար։

Ցանկանում եմ, որ 2004 թվականը լինի բեղմնավոր տարի հայոց աշխարհի եւ հայ ժողովրդի կյանքում։ Կրկին շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4