«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2003-12-23 | #237, 2003-12-24 | #238, 2003-12-25


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ՄԻՋԻՆԱՍԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Չունենալով մասնակցություն հավասարակշռությունների ձեւավորմանըՙ դուրս է մնում քաղաքական զարգացումներից

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Վաշինգտոնի թեկնածու Իլհամ Ալիեւը։ Դրանց հետեւեց նոյեմբերի 23-ի «թավշյա» հեղաշրջումը Վրաստանում, որն իրականացվեց Վաշինգտոնի անուղղակի մասնակցությամբ։ Հեղաշրջման առումով հատկանշական էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելիՙ Վրաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելու հորդորը Էդուարդ Շեւարդնաձեին։

Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքական զարգացումների առումով էլ հատկանշական է ամերիկահայ հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի «Ռազմաքաղաքական նոր զարգացումներ Կովկասի մէջ» խորագրով «Ազգի» դեկտեմբերի 19-ի համարում հրապարակված հոդվածը։ Այլ կերպ, իշխանափոխության երկու դեպքում էլ ակնհայտ է ԱՄՆ-ի դերն այն տարբերությամբ, որ Ադրբեջանի պարագայում նրա ներկայիս նախագահն էր վայելում Վաշինգտոնի հովանավորությունը, իսկ Վրաստանի դեպքում այդ հովանավորությունը վայելում է ապագա նախագահը։

«Ազգը» դեկտեմբերի 4-ի եւ 19-ի համարներում նույնպես անդրադարձել էր Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանափոխություններին։ Պարզապես մենք դրանց մոտեցել էինք այս երկու երկրներում Թուրքիայի դերակատարության տեսանկյունից, իսկ Ազատյանըՙ ռազմաքաղաքական զարգացումների։ Նա այդ զարգացումներն ընդհանրացնում է եւ վերլուծում դրանց հնարավոր հետեւանքներն արդեն ողջ Անդրկովկասի համար։ Մոտեցումների տարբերությունը, սակայն, չի խանգարում, որ «Ազգի» եւ Երվանդ Ազատյանի վերլուծականները լրացնեն իրար։

Ի՞նչ առումով։ Այն, որ Ազատյանը հանգում է Անդրկովկասում ԱՄՆ-ի ազդեցության հետագա աճի եզրակացության, իսկ «Ազգը» դրա հիման վրա հետեւություն է անում, թե դա չի կարող նպաստել Թուրքիայի ազդեցությանը ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Վրաստանում, քանի որ Անդրկովկասում ԱՄՆ-ի ազդեցության աճի պարագայում վերջիններս նրա հետ ուղղակի կապը նախընտրելու են Թուրքիայի հետ միջնորդավորված կապից։ Սա հիմք էր տվել ենթադրելու, որ Թուրքիայի ազդեցությունը կթուլանա Անդրկովկասում։

Ըստ երեւույթին, ազդեցության թուլացման վտանգը Թուրքիային սպառնում է նաեւ Միջին Ասիայում։ Հարցը տվյալ դեպքում սեպտեմբերի 11-ից հետո սանձազերծված հակաաֆղանական պատերազմի նախօրյակինՙ հանձինս Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի, Միջին Ասիայում ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը չէ, այլ ԱՄՆ-Ուզբեկստան հարաբերությունների սերտաճումը ռազմավարական համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր զարգացումները, որոնք անմիջականորեն նպաստում են համանուն հավասարակշռությունների ձեւավորմանը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հետ Ուզբեկստանի հարաբերությունների սերտաճումը դրական ներգործություն է ունենում նաեւ նրա եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա։ Այսինքնՙ դրանք եւս սերտաճման հունի մեջ են մտնում։ Ուզբեկստանն ԱՊՀ անդամ է, միաժամանակ ներգրավված է Շանհայի համագործակցության խմբում։ Շնորհիվ դրա նա մյուս միջինասիական հանրապետությունների պես կարողանում է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի եւ զարգացնել դրանք Չինաստանի հետ, որպեսզի ամերիկյան ազդեցությունը հակակշռի ռուսական եւ չինական ազդեցություններով։

Այս պայմաններում թեեւ Թուրքիան փորձում է զարգացնել իր հարաբերությունները միջինասիական հանրապետությունների հետ, սակայն չունենալով որեւէ մասնակցություն հավասարակշռությունների ձեւավորմանը, բնականաբար դուրս է մնում տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներից։ Թերեւս այդ առումով հատկանշական էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուզբեկստան կատարած այցըՙ ավելի շուտ դրա իրագործումը երկրորդ փորձից։

Սա, ինչ խոսք, առանձին հարց է, հետեւաբար մասնավոր մոտեցում է պահանջում։ Պարզապես ասենք, որ Թուրքիայի վարչապետը պատրաստվում էր Տաշքենդ այցելել դեռեւս հոկտեմբերի 21-24-ին, Ղրղզստան եւ Տաջիկստան կատարած շրջայցի ընթացքում, սակայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մերժել էր նրան։ Այդ իսկ պատճառով Էրդողանը այցելություն կատարեց դեկտեմբերի 18-20-ին։ Ընդ որում, թուրքական մամուլն ու հանրային հեռուստատեսությունը խուսափեցին պատշաճ ուշադրությամբ լուսաբանելուց։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4