Վրաստանի խորհրդարանի «21-րդ դար» խմբակցությունը երկրի գլխավոր դատախազի անունով հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի։ Վերջինս մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվումՙ Աբխազիա զորքեր մտցնելու եւ պատերազմ սանձազերծելու, 1992 թ. Գամսախուրդիայի օրինական իշխանությունը տապալելու, կանխամտածված երկրի տնտեսությունը քանդելու, տասնյակ ձերբակալությունների, 1985 թ. ավելի քան տասը երիտասարդների գնդակահարման հրաման տալու մեջ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։
1985 թ., երբ Շեւարդնաձեն Վրաստանի կոմկուսի առաջին քարտուղարն էր, երկրում տեղի ունեցավ մի դեպք, որի մասին այդ տարիներին մամուլն իրավունք չուներ գրելու։ Մոտ տասը երիտասարդներ, հիմնականում մտավորական խավի ներկայացուցիչների զավակներ, առեւանգեցին Թբիլիսի-Բաթում մարդատար օդանավըՙ պահանջելով թռչել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Պատահարի ընթացքում տեղի էր ունեցել փոխհրաձգությունՙ սպանվել էր ուղեկցորդուհին, իսկ առեւանգիչ երիտասարդներըՙ ձերբակալվել, ապաՙ գնդակահարվել էին։
Այդ երիտասարդներն առեւանգումից առաջ վրաց մի քահանայի խնդրում են աղոթել եւ կանխավ ներել իրենց արարքը։ Քահանան ներում է նրանց, աղոթք անում եւ հորդորում չդիմել նման քայլի։ Շեւարդնաձեն հետագայում պարզում է քահանայի ինքնությունը, նրան նույնպես դատապարտում են գնդակահարության։
Շեւարդնաձեի համախոհներին հետապնդում են
Երեկ սրտի տագնապով հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախկին նախարար Դավիթ Միրցխուլավան։ Նախկին նախարարի առողջությունը կտրուկ վատթարացել է այն պահին, երբ հարցաքննվում էր գլխավոր դատախազությունում։ Միրցխուլավան մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։
Սա նախկին նախագահ Շեւարդնաձեի համախոհներից չորրորդն է, ում դեմ հարուցվում է քրեական գործ։ Խարդախության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի Ֆարբոլի ֆեդերացիայի նախագահը, իսկ Քվեմո Քարթլիի նախկին լիազոր Լեւան Մամալաձեն եւ «Վրացական երկաթուղի» ընկերության նախկին ղեկավար Ակակի Չխեիձեն փախուստի մեջ են։
Վրացական նոր իշխանությունները վերջին շրջանում ձերբակալել են նաեւ պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի մի քանի համախոհների։ Վերջինս մեղադրվում է Շեւարդնաձեի դեմ 1995 թ. իրագործված մահափորձի մեջ։