ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իսկական արվեստագետի հայտնությունը որեւէ ժողովրդի կյանքում ուղղակի հրաշք եւ երջանկություն է։ Եվ եթե արվեստագետը դառնում է իր ժողովրդի կյանքի գեղարվեստական տարեգիրը, եթե նրա ստեղծագործությունը ձուլվում է ժողովրդի հոգեւոր հարստությանը, եթե արվեստագետը իր անձով, իր նկարագրով ու արվեստով դառնում է երկրի ու Հայրենիքի էության անբաժանելի մասը, ապա այդ ժամանակ վստահորեն կարող եք ասել, որ արվեստագետը ստեղծագործական սխրանք է գործել։
Հակոբ Հակոբյանը սխրանք գործած եզակի ու բացառիկ արվեստագետ է։
Նրա նկարչությունը, որ ավելի քան կես դար հայկական մշակույթի եւ մեր հոգեւոր կյանքի ուղեկիցն է, ժամանակային եւ տարածական միայն մի սահմանագիծ ունի։ Եվ այդ սահմանագիծը 1962 թվականն է։
Իր կյանքի առաջին շրջանում, մինչեւ 1962 թվականը, Հակոբ Հակոբյանը նկարում է կյանքի ահռելիության դեմ հայտնված միայնակ ու երիտասարդ մարդկանց։ Դրանք վտիտ, նիհարկեկ, ճակատագրի անորոշության եւ կյանքի սարսափների դիմաց հայտնված, առօրյայի ծանրության տակ կքած անձնավորություններ են, որ մեծ մասամբ տրվել են ներանձնական գոյության փրկարար կերպինՙ կա՛մ խոհերի ու մտածումների մեջ են, կա՛մ լուռումունջ գլխովին տարված են իրենց կենցաղային աշխատանքով։ Նկարիչը մարդու արտաքին-ֆիզիկական տեսքը վերածում է հոգեկան աշխարհի պատկերի, մարդու ֆիզիկական կացությունը բացահայտում է նրա հոգեկան ներքին վիճակը։ Հակոբ Հակոբյանը մակերեսից գնում է դեպի խորքըՙ միզերաբլիստների գեղանկարչական ըմբռնումներից եւ էսթետիկայից գնալով դեպի որոշակի իրականությունը եւ ստեղծելով աշխարհով մեկ սփռված իր բախտակիցների եւ հայրենակիցների կյանքի դրամայի գեղանկարչական պատմությունը։ Իրականությանը հառած նկարչի սեւեռուն հայացքը, ի վերջո, առօրեականության մեջ հայտնագործում է առտնին, սովորական առարկաների թաքուն, չբացահայտված հմայքը, կյանքի ներքին կենսական մեծ ուժըՙ իր նկարչությանը տալով թախծոտ քնարականության եւ հուզիչ մարդասիրության յուրօրինակ շունչ։ Իր Ձկնորսը, Դերձակը, Մատուցողը, Կիթառով պատանին, Շորտով պատանին եւ մյուսները, մանավանդՙ «Վիշտ» կտավի հերոսը, միայնակ ու դատապարտված երիտասարդ մարդիկ են, որոնք, վստահաբար, ունեն արդար ու տառապյալ մարդու ներաշխարհ։ Այս շրջանի նրա նկարների մեծ մասի ուղղահայաց ձեւը ավելի անձուկ է դարձնում պատկերված մարդկանց կյանքն ու ճակատագիրըՙ նկարչի հայացքը պահելով գոթական մտածողության սահմանների մեջ։ Առօրյա, կենցաղային, ավելինՙ պարզ խոհանոցային իրեր պատկերող նրա նատյուրմորտները բացահայտում են անսահման մի սեր կյանքի հանդեպ։ Ի՜նչ գուրգուրանքով եւ խանդաղատանքով են պատկերված առօրյա կենցաղային իրերը «Պատշգամբ», «Սխտորըՙ կախված պատշգամբում», «Նատյուրմորտ» եւ այլ կտավներում։ Կյանքի անհուսությանն ու անորոշության սարսափին փոխարինելու է գալիս իրերի առարկայական աշխարհի ճշմարտությունը, բնության հրճվանքը եւ ապրելու գեղեցկությունը փոխարինվում են իրերի ու առարկաների բանաստեղծական գեղեցկությունն ու առօրեականության դրաման հայտնաբերող հայացքի։ Ինչը կարող է ավելի «ոչ գեղարվեստական» լինել, քան սովորական խոհանոցային պարզ իրերը։ Բայց դիտեք այդ տարիների նրա նատյուրմորտները եւ այլ հորինվածքները եւ դուք կտեսնեք, թե ի՜նչ պոեզիա է հայտնագործում Հակոբ Հակոբյանը Պաբլո Ներուդայի խոսքերով ասած պարզ ու քմայքոտ հասարակ իրերի մեջ։
...Բայց «բարձր են օտարի տան աստիճանները», եւ օտար երկինքը կքվում-ծանրանում է մարդու վրաՙ խանգարելով անգամ շնչառությանը։ Եվ Հակոբ Հակոբյանը 1962 թվականից գալիս է բնակվելու Հայաստանում։ Նկարիչը իր պատանեկան երազանքներով, իղձերով, մղումներով վաղուց էր Հայաստանում... Նկարչի կյանքում սկսվում է մի նոր շրջանՙ կրկնակի մակերեսով. մի կողմիցՙ Հայաստան երկրի գեղանկարչական իր հայտնագործումը, որ նկարչի ստեղծագործական սխրանքն է, մյուս կողմիցՙ նոր, իրեն բոլորովին անծանոթ, հաճախՙ նույնիսկ անհասկանալի, իրականության ու կենսակերպի ճանաչումն ու հաղթահարումը, որ մարդկային կյանքի իր դրաման է։ Նույն ճանապարհով եւ այդ նույն իրականության միջով էին անցել ողբերգական կյանքով ապրած ի՜նչ արվեստագետներՙ Պետրոս Կոնտուրաջյան, Հարություն Կալենց, ուրիշներ...
Հայաստանում Հակոբ Հակոբյանը բնակություն հաստատեց Լենինականում։ Այստեղ էլ սկիզբ առավ հեռացող քաղաքը պատկերող բնանկարների նրա հոյակապ շարքը։ Նկարչիՙ սիրով ու խանդաղատանքով լի հայացքը մեղմորեն սահում է Ալեքսանդրապոլ քաղաքի գեղեցիկ տների, իրենց բնակիչներից դատարկ փողոցների, բաց ու փակ դարպասների, քիվազարդ պատուհանների, հատուկենտ ծառերի վրայովՙ սրբագործելով հնամենի ժամանակների քաղաքի եւ նրա պատվարժան բնակիչների հնօրյա առասպելը։ Այս կտավները, կարելի է ասել, սկիզբ դրեցին Հակոբ Հակոբյանի հայտնագործած հայկական բնանկարին։
Բայց Հայաստանի գեղեցկությունը երբեմնի վիթխարի կայսրության ծայրամասային նահանգի գավառական անեղծ քաղաքի փրկված հրապույրները կամ տեւող հիշատակները չեն միայն։ Եվ Հակոբ Հակոբյանը գնում է Վայոց Ձոր։ Սկսվում է մի ուրի՛շ, մի ա՛յլ անպատմելի գեղեցկության հայտնագործումըՙ տոհմիկ ու անաղարտ հայ կյանքի, հայ միջավայրի, հայ իրականության գեղանկարչական հայտնաբերումը։ Հապա դիտեք Մալիշկայի եւ Աղավնաձորի բնանկարներըՙ հարթ կտուրներով գյուղական անշուք տներՙ փայտեսյուն նախասրահներով, խոտի դեզերով, աթարի շարերով, գյուղական կյանքի զանազան իրակություններով եւ մանրամասներով եւ, ամենից առաջ, գյուղական առօրյայի պարզ ու առինքնող հմայքով եւ հայ բնաշխարհի նախնական բանաստեղծականությամբ։
Ճշմարտությունը պահանջում է ասել, որ մինչեւ Հակոբյանը մենք գիտեինք հայաստանյան բնապատկերի հիմնականում մի տեսակըՙ սարյանական տեսահայացքով պատկերված բնանկարներըՙ արեւով ողողված հովիտներ, բոցափայլ տարածություններ, հարավային կիզիչ տապի մեջ տեւող մանուշակագույն եւ կապույտ լեռներ, այրող տոթի մեջՙ թանձր ու կապույտ ստվերներ եւ այլն։ Իրոք, «հեքիաթ արեւի ներքո»... Եվ հանկարծ Հակոբ Հակոբյանի բնանկարներըՙ աշնանային մերկ բլուրներՙ կոր գծերով, սահուն անցումներով, առարկաներՙ դյուրաշրջահոսելի ձեւերով, կլոր ու փափուկ ծավալներ... Եվ օքրայի առատություն, մեղմ, սահուն անցումներՙ բաց դարչնագույնից մինչեւ օքրայի ամենանուրբ երանգները... Վայոց ձորի լանդշաֆտը, գյուղական կյանքի պատկերումը նկարչին հնարավորություն են տվել ստեղծելու արքիտեկտոնիկ հետաքրքիր կառուցումներ ունեցող բազմաթիվ կտավներ։
Նկարիչ Հակոբ Հակոբյանի մեծագործությունը Հայաստանի բնանկարի իր հայտնաբերումն է, հայկական բնապատկերի իր տեսնելու կերպի հաստատումը։ Վստահորեն կարելի է ասել, որ Վայոց Ձորի լանդշաֆտն է ծնունդ տվել Հակոբ Հակոբյանի բնանկարին։ Մի քանի բնանկարների («Առավոտը Աղավնաձորում», «Աղավնաձոր։ Սանդուղք ցանկապատի մոտ» եւ այլն) ետին պլանի լանդշաֆտը, այլ նկարների, մասնավորապես Մալիշկա գյուղը պատկերող կտավների առաջին պլանը հետագայում ձեւավորեցին Հակոբյանի հայտնի բնանկարը։ Կարծում եմ, որ 1968-ին ստեղծված հոյակապ «Հայկական մոտիվը» արդեն միավորում էր Հակոբյանի եղեգնաձորյան բնանկարների առաջին եւ երկրորդ պլանները, ենթարկելով դրանք ներքին կայուն միասնականության եւ վերածելով ստեղծագործական սկզբունքի եւ հայեցակետի։
Հակոբ Հակոբյանի բնանկարը, իբրեւ ստեղծագործական սկզբունքների ամբողջություն եւ իբրեւ աշխարհին ու բնությանը ուղղված գեղարվեստական ու գեղագիտական հայեցակետ, հիմնականում ձեւավորվել է 1970-ական թվականներին։
Հակոբ Հակոբյանի տեսած բնանկարը, իհարկե, կար Հայաստանում եւ կա՛, բայց բանն այն է, որ առաջինը դա տեսել է Հակոբ Հակոբյանը։ Առաջին հայացքից դա անսովոր բնանկար էՙ հորիզոնական տարածություններ, տարածական միջավայրի գրեթե ստույգ երկրաչափական ընկալում, պատկերվող տարածության եւ միջավայրի հորիզոնական եւ ուղղահայաց տրոհումների կշռութավորում։ Այդ բնանկարը անսովոր է թվում նաեւ այն պատճառով, որովհետեւ մեր միակ մեծ հարթությունըՙ մեր լուսավոր Արարատյան դաշտը գրեթե բոլոր դիտակետերից ավարտվում-փակվում է Արարատ լեռով։
Մենք Հակոբ Հակոբյանի բնանկարներից հետո անդրադարձանք, որ այո՛, սա Հայաստա՛նն է, կամՙ սա նույնպես Հայաստանն է։ Եվ այնքան հարազատ, որ մի անգամ Հայաստանի ճանապարհներից մեկով անցնելիս մեր ուղեկիցներից մեկը, մատնացույց անելով մեքենայի պատուհանից երեւացող տեղանքը, երեխայի անկեղծությամբ եւ արվեստասերի հիացումով բացականչեցՙ նայե՛ք, նայե՛ք, ի՜նչ սքանչելի Հակոբ Հակոբյան է։
Ավելի մեծ գովեստ դժվար է պատկերացնել։
Ի՞նչ է պատկերում Հակոբ Հակոբյանը իր բնանկարներում։ Հիմնականումՙ սահուն գծերով մերկ բլուրներ, արձակ դաշտերի անսահման թվացող ամայություն, մենավոր ծառեր, հատուկենտ թփեր ու հեռագրասյուներ... Սահուն կորագծերը, հատուկենտ գլաքարերի փափուկ ձեւածավալները, իրենց հավերժական շարժումիՙ աճի-թափահարումի-ճոճումի մեջ մի վայրկյան, միայն մի վայրկյան,- նկարչի եւ դիտողի համար,- անշարժացած-արձանացած ճյուղատարած ու անօգնական մերկ ծառերը հորինում են սյուրռեալիստական մաքրությամբ մատուցվող բանաստեղծական անկրկնելի մի աշխարհ։ Այդ բնանկարներում անսահման թախիծ կա եւ պայծառ տխրություն։ 1970-ական թվականներին ստեղծված մի քանի կտավներըՙ «Ջրանցք», «Հոկտեմբերյանի ճանապարհին», «Մարմաշեն» եւ այլն, մնալու են իբրեւ մեծ արվեստի չխամրող գեղեցկություններ։ Հակոբյանի բնանկարները մեծ մասամբ գարնան կամ աշնան պատկերներ են։ Աշունը սրբում է բնության թանձր գույները, թողնելով միայն ոսկեգույն նրբին երանգները։ Գեղանկարչության մեծագույն ուժը, իհարկե, արեւի լույսն է։ Հակոբ Հակոբյանի կտավներում այդ լույսը նոսր է, մեղմացված, արծաթավուն... Եվ դրանից չէ՞, որ պատկերված իրերն ու առարկաները թվում են փխրուն, անիրական, երազային։ Հակոբ Հակոբյանի նկարչությունը հիմնական գույների եւ թանձր ներկված մակերեսների նկարչություն չէ, այլ նրբագույն անցումների, նրբերանգների, մեղմասացության, բնության անլսելի շշուկների եւ շրշյունների նկարչություն։ Նրա կտավների տեխնիկական կատարյալ մաքրությունը, պատկերված առարկաների եզրագծերի հստակությունը, թափանցիկ ու անսահման թվացող միջավայրը հմայիչ նրբություն եւ փափկություն են տալիս նրա կտավներին։
Հակոբ Հակոբյանը տրտմությամբ համակված բնանկարի նկարիչ է, այդ նկարչությունը լուռ, ինքնամփոփ, միայնակ ու ներանձնական ապրումների արվեստագետի նկարչություն է։
Հակոբ Հակոբյանի բնանկարը մտածող, խորհող բնանկար է, բնանկարն ինքը մտածում է։ Նրա պատկերած բնությունը թվում է անշարժ, խոհի ու խոկումի մեջ ներսուզված, որովհետեւ այդ նկարչությունը լուռ, ինքնամփոփ, միայնակ եւ ներանձնական ապրումների եւ խոհերի ներաշխարհ ունեցող արվեստագետի նկարչություն է։
Հակոբ Հակոբյանի բնանկարներում մարդը ֆիզիկապես գրեթե միշտ բացակա է, բայց միշտ ներկա է եւ ներկա է կտավի այս կողմում։ Բացառիկ մի վարպետությամբ Հակոբ Հակոբյանը կտավի անշարժ սյուժեն վերածում է գործողությանՙ խոհի, մտածումի, ապրումի եւ ընկալումի մտածողական գործողության, որի գործուն մասնակիցն է դառնում դիտողը։
Արդեն 70-ական թվականների կեսերից տերյանական թախծով համակված նրա բնանկարների կողքին հայտնվում են դրամատիկական բովանդակությամբ պատկերներ։ Կտավը դիտող մարդը հաղթահարում է երկչափ տարածությունը եւ հայտնվում է կտավի պատկերած միջավայրում։ Կյանքի դրամատիզմը փոխանցվում է Հակոբ Հակոբյանի նկարչությանը մարդը, որ պառկած է անհույս եւ անձուկ տարածության մեջ («Մերկ կինը»), մարդը, որի իսկական դեմքը չենք տեսնում («Կինը հայելու առջեւ...»)։ Մարդը հայտնվում է իրականության թակարդում... Մարդը, լինի դա հանճարեղ կինոռեժիսորը թե մեզ անծանոթ մի բժիշկ, դատապարտված է անհույս մենակության, չհասկացվածության, դատապարտված է կեցության եւ գոյության, թվում է, ոչ իրական, այլ մետաֆիզիկական միջավայրում, մի այլ լինելիության մեջ («Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի դիմանկարը», «Բժիշկ Ա. Քելեշյանի դիմանկարը»)։
Գնալով այս դրամատիզմը խորանում է։ Կյանքի ներքին լարվածությունը փոխանցվում է արվեստագետին։ 80-ական թվականներին Հակոբ Հակոբյանը նկարում է նատյուրմորտների եւ հորինվածքների մի մեծ շարք, որ կարելի էր կոչել «Հայկական կապրիչիոս»։ Հակոբ Հակոբյանը նորից դիմում է իրերի աշխարհին։ Մարդուն շրջապատող իրերը հիմա այլեւս չունեն նրա առաջին նատյուրմորտների ջերմությունն ու հարազատությունը։ Հիմա իրերի աշխարհը ուղղակի գրոհում է մարդու վրաՙ ունելիները պատրաստ են կրծելու միմյանց, գազազած աքցանները սոված շնաձկների պես բացել են իրենց երախները եւ պատրաստ են գրոհելու ոչ միայն ձվերով լի զամբյուղի, այլեւ կյանքի ու մարդկայնության ցանկացած դրսեւորման վրա, այնտեղ, կյանքի անկյունում, մի սղոց, միայնակ ու սոսկահար, ճչում է... Չորացած ձկների ահաբեկված աչքեր, սպառնագին բացված մկրատներ, անօգնական մարդկանց անօգնական ու թույլ ձեռքերի պես լքված ձեռնոցներ... Հետո վրա են հասնում ավելի տագնապալի, ավելի սարսափելի ժամանակներ։ Վրա է հասնում դատարկ հագուստների ժամանակը. մարդկային մարմինները լքում են իրենց հանդերձները, եւ հիմա անմարմին հագուստներն են լցնում-զբաղեցնում մեր կենսական տարածությունն ու միջավայրը։ Նկարների այս հոյակապ շարքով արվեստագետը խոսում է մարդկանց հոգեկան դատարկության եւ հոգեւոր աղքատության, կյանքի բարոյական ամայության մասին։ Ինքնին հասկանալի է, որ մարմիններից առավել մարդկային բարոյականությունն ու հոգեւոր էությունն են լքել երկրային կյանքի սահմանները։ Այս կտավները կարծեք աղաղակում են բանաստեղծ Թ. Ս. Էլիոթի հանրահայտ պոեմի հանրահայտ բառերովՙ «Մենք ենք դատարկ մարդիկ...»։
Ինչպես տեսնում ենք, նկարիչը դիմում է հոյակապ այլասացության, պահպանելով իր գեղանկարչության նրբությունն ու հուզիչ մարդասիրական ոգին։ Ճիշտ է, թվում էՙ այլեւս մանեկեններն են բնության միջավայրն ու կենսական ողջ տարածությունը, բայց տեսեք որքան նրբություն, գեղեցկություն ու անսահման կյանք կա դաշտային չորացած ծաղիկներով նատյուրմորտներում... 80-ական թվականների նրա նկարները մեր ներքին ջլատումների, մեր հոգեկան լարվածության, պայթելու եզրին կանգնած իրականության մարգարեական կանխատեսումներն են։ Առհասարակ, հետեւելով Հակոբ Հակոբյանի նկարչության ներքին զարգացմանը եւ ընթացքին, հավաստիությամբ, ինչպես հստակ հայելու մեջ, կարելի է տեսնել վերջին տասնամյակների մեր հոգեկան շարժումների, մեր կյանքի ներքին օրինաչափությունների եւ մեր կյանքի դրամատիզմի ողջ պատմությունը։ Լինելով չափազանց անհատական ստեղծագործություն, Հակոբ Հակոբյանի նկարչությունը վերջին տասնամյակների մեր հոգեկան եւ բարոյական շարժումների գեղարվեստական-գեղանկարչական վավերագրական պատմությունն է։
Ֆրանսիական մշակույթի մեջ մի շատ ուսանելի եւ խրատական պատմություն կա։ Մեծ ճարտարապետ Լե Կորբյուզիեին մոլեռանդորեն նվիրված եւ նրա գաղափարներից կուրորեն կառչած աշակերտները աններելի էին համարում Լե Կորբյուզեի սկզբունքներից ամեն մի շեղում։ Եվ նրանք մինչեւ վերջ մնացին հավատարիմ Լե Կորբյուզիեի արվեստին։ Բայց նրանց կողքին եղան մարդիկ, որոնք գնացին նոր ուղիներ որոնելու, նոր արտահայտչաձեւեր գտնելու, նոր սկզբունքներ մշակելու ճանապարհով։ Եվ պատմությունը Լե Կորբյուզիեի կողքին դրեց ոչ թե նրա արվեստի մոլեռանդ ջատագովներին, որոնք լավագույն դեպքում եղան ու մնացին մեծ ճարտարապետի էպիգոնները, այլ նրա՛նց, ովքեր նոր տեսողականությամբ եւ նոր հայեցակերպով հարստացրին ֆրանսիական մշակույթը։
Այսպես է, որ հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի, մեծատաղանդ Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Առաքելյանի անունների կողքին արդարացիորեն դրվում են մեծ նկարիչ Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի անունները, եւ այսօր, անշուշտ, նաեւ Հակոբ Հակոբյանի անունը...