Վառեք լույսեր, շատ լույսեր, ուրախացեք, զվարճացեք անսահման։ Մոտենում է 2004 թվականըՙ տխրություն չսիրող փայտե կապիկի տարին։ Յուրաքանչյուր «կապիկ» սրտի խորքում համոզված է, որ ինքն ամենա, ամենա, ամենան է, ինչը, սակայն, նրան չի խանգարում լինել զարմանալիորեն սիրալիր, հաճելի եւ մարդամոտ։ Այս չարաճճի ու ծիծաղաշարժ էակի տարում ծնվածները, ամեն մի խմբի, հավաքույթի սիրտն ու հոգին են։ Զարմանալի անգնահատելի մի հատկություն ունիՙ ամեն ինչում տեսնել ծիծաղելի մի բան, ամեն ինչ վերածել ծիծաղի եւ ուրախության։
Եկող տարի պետք է զգուշանան զուսպ, մեծամիտ, ինքնահավան մարդիկ։ Տարին հաջողություն է խոստանում հնարամիտ, գործունյա եւ հետաքրքրասեր մարդկանց։ Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք կարող են ավելի անմիջական լինել, մի քանի բան անել ներշնչանքի, ոգեւորության պահի տակ, առանց որեւէ հաշվարկի եւ նախապես մշակված ծրագրի։ Նոր տարին փոփոխությունների տարի է. դուք կարող եք փոխել հետաքրքրասիրությունները բարեկամների, աշխատանքի հանդեպ, նոր մասնագիտություն ձեռք բերել եւ, օ՜, զարմանք, այս ամենը ձեզ անսահման ուժ, եռանդ, ուրախություն եւ ոգեւորություն կհաղորդի։ Առանձնակի ուշադրություն դարձրեք նոր ծանոթություններին, նույնիսկ պատահական. հնարավոր է դրանք վերաճեն մեծ բարեկամության կամ իսկական սիրո։
2004 թ. տարերքը փայտն է, ջրի եւ հողի ծնունդը։ Այն խորհրդանիշ է աճի, զարգացման, բարեփոխումների։ Եթե լուրջ հետեւեք աստղագուշական ավանդույթներին, ապա որքան շատ փայտե իրեր ձեզ շրջապատեն, այնքան այս տարերքն ավելի բարեհաճ կլինի ձեր նկատմամբ։ Փայտե գդալները, ափսեները, զարդերը թող ձեր տանը գրավեն ամենաաչքի ընկնող տեղը։ Իսկ եթե ծաղկամանի մեջ դեկորատիվ ծառ եք աճեցնում, ապա Նոր տարվա եղեւնուց հետո այն ձեր տան ամենաթանկագին «էակն» է։ Դրեք երեւացող տեղում, զարդարեք կոնֆետներով, իսկ տակը դրեք մի խորհրդանշական գումար, եւ ձեր շահույթները կաճեն...
Փայտի տարերքի գույներն ենՙ կապույտը, նարնջագույնը, սպիտակը, մոխրագույնը, շագանակագույնը եւ կանաչի բոլոր երանգները։ Իսկ կապիկի տարվա գույն-թալիսմանն է կապույտը (էլեկտրիկ), որը որեւէ իրի, զարդի տեսքով պետք է ունենալ տանը, աշխատասենյակում, կրել։
Եթե ձեր տուն անսպասելի հյուրեր գան, ապա իմացեքՙ դա չարաճճի կապիկի գործն է։ Տոնական սեղանի համար եթե չունեք կարմիր սփռոց, կարելի է փոխարինել սպիտակով։ Սեղանը զարդարեք ոսկեգույն եզրերով ճերմակ սպասքով, շողշողուն բյուրեղապակյա գավաթներով, ծղոտե եւ փայտե իրերով։
Նոր տարվա գիշերը ճաշատեսակները պետք է լինեն նուրբ, ոչ յուղալի, թեթեւակի համեմված եւ գեղեցիկ ձեւավորված։ Առանձին մի ափսեի վրա դրեք մի քանի կտոր սպիտակ հաց մեզ հրաժեշտ տվող այծիկի համար... Սեղանի մյուս ծայրին դրեք ոսկեգույն բանաններ, որքան շատ դեղին, կարմիր, նարնջագույն լինի սեղանը, այնքան ջերմ եւ վառ կսկսվի 2004 թ.։ Իսկ գալիք տարվա երկրաչափականներն ենՙ գունդը, շրջանը, ձվաձեւությունը։ Իսկ եթե որոշել եք ձեր մերձավորներին ու ընկերներին նվերներ ընծայել, ապա ընտրեք նախապես եւ որոշ ժամանակ պահեք դրանք, այլ ոչ թե գնեք հենց Նոր տարվա նախաշեմին։ Երբ սեղանը պատրաստ է, մնում է հագնվել եւ հարդարվել։ Չմոռանաք նաեւ շնորհակալություն ասել խաղաղ հեռացող այծին եւ ողջունել ուրախ, հնարամիտ եւ խաղաղասեր կապիկին։ Բայց սկզբում մի հինգ րոպե հատկացրեք ձեզ, փակեք աչքերը, թուլացրեք մկանները եւ մոռացեք անցած տարվա բոլոր տհաճությունները։ Հավատացե՛ք, կուտակված բացասական էներգիան կանհետանա, եւ դուք պատրաստ եք նոր հանդիպումների, նոր խոստովանությունների եւ ամենափայլուն հաղթանակների
Լրաքաղը «Հրե գունդից»ՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ