Նոր տարվան պատրաստվում են բոլորըՙ անկախ տարիքից, զբաղմունքից, պաշտոնից ու դիրքից։ Ամեն մեկը հոգս եւ մտածմունք ունիՙ գուցե յուրովի, գուցե տարբեր, բայց ամանորյա։ Պարզվում էՙ երիտասարդները, որ սովորաբար աչքի են ընկնում անհոգությամբ, իրականում նույնպես բազմազբաղ են։
Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա բուհերում գերակշռողը քննական տրամադրությունն է։ Առաջին կուրսեցիների համար այս ամենը նոր եւ անսովոր է։ «Մինչեւ քննությունները ամեն օր պարապելու եմ, միայն կհանգստանամ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին, - ասաց Լուսինեն, որ պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետից է, - հյուր չեմ գնա, կմտնեմ սենյակ եւ դուրս չեմ գա։ Չէի պատկերացնում, որ ստուգարքներս այսքան դժվար կլինեն»։ Բարձր կուրսերի ուսանողները արդեն մի քանի անգամ իրենց այդ խոստումը տվել են, բայց քանի որ չեն կատարել, այժմ արդեն չեն էլ խոստանում։ «Միեւնույն է, վերջին երկու օրերին եմ պատրաստվելու, ավելի լավ է հանգստանամ, ժամանակս ուրախ անցկացնեմ», ասաց մի չորրորդ կուրսեցի աղջիկ։
«Այս տարի լավ է, եղանակը մեր կողմից է։ Շատ ձյուն, անձրեւ չի գալիս, հանգիստ կանգնում ենք, խաղալիքներն էլ չեն կեղտոտվում։ Որքան տոները մոտենում են, այնքան հաճախորդների տրամադրությունը բարձրանում է։ Մի փոքրիկ կապիկ կգնեն, մի կտոր փայլ, տոնածառի մի խաղալիք, բայց ուրախ են», ասաց Կարենը, որ Ֆիրդուսիի տոնավաճառի մոտ խաղալիքներ է վաճառում։ «Դեկտեմբերի 31-ին, մինչեւ ժամը 17.00-18.00-ը կաշխատենք, հունվարի 1-ին երեւի առեւտուր չի լինի, հունվարի 2-3-ից նորից կաշխատենք։ Ընկերներիս հետ եմ աշխատում, մի օր մեկս կգա, մի օրՙ մյուսս, կհասցնենք նաեւ լավ ժամանակ անցկացնել, - հետո մի քիչ մտածեց ու ասաց.- չէ, բայց երեւի ավելի լավ կլիներ, որ չաշխատեինք, մի քանի օր հանգստանայինք»։
«Տոներն ուրախ անցկացնելու համար փող շատ պետք չէ, - ասաց 24 տարեկան Անահիտը, որ արդեն մի քանի տարի կարկանդակ է վաճառում։ - Մենք շատ լավ չենք ապրում, հանրակացարանում իմ հասակակից էլի տղաներ, աղջիկներ կան, որոշել ենք շենքի միջանցքը զարդարել, մագնիտոֆոն միացնել, ուրախանալ, պարել։ Սեղանին անպայման այս կարկանդակներից կդնենք, արդեն մի քիչ հյութ ենք գնել, ընկերուհիներիցս Տաթեւն էլ երշիկով, պանրով համեղ աղցանի ձեւ է սովորել, դա կպատրաստի։ Երկու օր կուրախանանք, հետո նորից գործի կգամ»։
Արինան, որ 5 տարի առաջ ավարտել է դպրոցը եւ աշխատում է կոնֆետի արտադրամասում, Նոր տարվա հետ մեծ հույսեր է կապում։ «Կոնֆետ շատ եմ սիրում, - ասում է, - սկզբում մեծ ուրախությամբ էի աշխատանքի գնում, բայց արդեն հոգնել եմ։ Տոներից հետո անպայման նոր աշխատանք եմ փնտրելու, երեւիՙ գրասենյակային մի գործ»։
«2003-ը ուրիշի տանն եմ դիմավորել, մի փոքրիկի շնորհավորելու էի գնացել, - ասաց մի երիտասարդ, որն անցյալ տարի Ձմեռ պապ է եղել։ - Հիմա արդեն զգեստապահարանիցս հանել եմ քուրքս, գլխարկս, պատրաստել եմ մորուքս, որ կրկին ասեմ. «Շնորհավոր ձեր Նոր տարին, էյ մանուկներ իմ թանկագին»։
Թող որ երիտասարդներս էլ հավատայինք Ձմեռ պապին, տոներն ավելի գեղեցիկ կլինեին։ Շնորհավոր Ամանոր։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ