Չնայած «Արմենտելի» նահանջի՞ն
«Արմենտելի» լրատվական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ ընկերությունը ժամանակավորապես կասեցրել է իր նախորդ որոշումը, ըստ որի 2004 թ. հունվարի 1-ից հեռախոսային խոսակցության 1 րոպեի սակագինը սահմանվում է 8 դրամ, ներկայիս 4 դրամի փոխարեն, իսկ անվճար խոսակցության ժամկետըՙ 120 րոպե, ներկայիս 360 րոպեի փոխարեն։ Միաժամանակ «Արմենտելը» այս տարվա դեկտեմբերի 1-ից դադարեցրել էր կանխավճարների ընդունումը։
Համաձայն ընկերության լրատվական ծառայության հաղորդած տեղեկության, այսօրվանից կընդունվեն հեռախոսային կանխավճարները։ Մինչդեռ երեկ «Արմենտելի» բաժանմունքներում հրաժարվում էին դրանք ընդունել։ Մասնավորապես առավոտյան ժամը 12-ի շրջանում դատական ակտերի հարկադիր կատարման /ԴԱՀԿ/ ծառայության աշխատակիցների ստուգումները բացահայտել են, որ 52, 53, 54, 58, ապա նաեւ 45, 47 ԱՀԿ-ներում ոչ միայն կանխավճարներ չեն ընդունվել, այլեւ թույլ չեն տվել նրանց կատարել ծառայողական պարտականությունները։
Այս կապակցությամբ օրվա երկրորդ կեսին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ նկատի ունենալով «Արմենտելի» ղեկավարությանՙ հերթական անգամ ԴԱՀԿ ծառայության պահանջի չկատարելը, արդարադատության փոխնախարար, գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «ԴԱՀԿ մասին» օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար միջնորդում եմ «Արմենտել» ՀՁ ՓԲԸ գործադիր գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Վասիլակիսին ենթարկել քրեական պատասխանատվության»։ Նշենք, որ համաձայն ՀՀ քր.օր. 353 հոդվածի, դատական ակտը չկատարելը պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով կամ 1-3 ամսվա կալանքով, կամ մինչեւ 2 տարի ազատազրկմամբ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ