Հետեւելով 2003 թ. քաղաքական զարգացումներին ԱՊՀ տարածքումՙ հրաժարականների պահանջներ, ընտրություններ, կարելի է հանգել այն եզրակացության, որ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը նահանջ է ապրել եւ մոտակա 4-5 տարիների ընթացքում դա շարունակվելու է։
Հիմնական մեղավորներն այս իրողությանը աջ գաղափարախոսությանը դավանող ուժերն են, չնայած միշտ գտնվում են քաղաքական վերլուծաբաններ, որոնք «ճշգրիտ» ցույց են տալիս հիմնական մեղավորինՙ իշխանություններին։ Պարադոքսն այն է, որ ԱՊՀ երկրների ճնշող մեծամասնությունը բռնել է տնտեսության շուկայական հարաբերությունների կայացման ուղին, այսինքնՙ նրանց կառավարություններն իրականացնում են լիբերալ քաղաքականություն, եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ որեւէ կառավարություն երկնքից չի ընկնում ու որոշակի քաղաքական ուժի կամ ուժերի հաղթանակի արդյունքում է ի հայտ գալիս, հետեւաբար կստացվեր այնպես, որ նախկին Խորհրդային Միության տարածքում լիբերալները պետք է որ հանդես գային որպես իշխանություն կրողներ։
Այս քաղաքական պարադոքսալ իրավիճակը մի քանի սնուցող աղբյուրներ ունի, որոնք միմյանց հետ սերտ կապի մեջ են, երբեմն էլ ածանցյալ են մեկը մյուսից։
Դեմոկրատիան հաստատվեց մասամբ, այն էլ առանց քաղաքացիական հասարակության
Պոստսովետական երկրների ստեղծման առաջին օրվանից ազատությունների պարտադրման գործընթաց սկսվեց թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական համակարգում։ Տնտեսությունը տարերայնորեն ազատականության արդյունքում ստացավ ծայրահեղ դրսեւորումներ, իսկ հասարակական-քաղաքական ազատականությունը բերեց անպատասխանատվության, տեղ-տեղ էլՙ լպիրշության։ Սրա արդյունքում վերջնականապես այլասերվեց լիբերալ-դեմոկրատիան, եւ ծայրահեղ լիբերալիզմը մեծ փորձությունների առաջ կանգնեցրեց շատ ժողովուրդների ԱՊՀ տարածքում։ Ազատականությունը, որպես մարդկության բարեկեցության բանալի էր ներկայացվում զարգացած երկրների, հիմնականում ությակի «ծաղկող» տնտեսությունը, սակայն մոռանում էին ներկայացնել ամեն մեկի տնտեսական հաջողության պատմությունը, մասնավորապես քչերը գիտեն, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում ժողովրդի մեջ մեծ հեղինակություն էին վայելում սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները, եւ եթե ԱՄՆ-ի կառավարությունը չիրականացներ Մարշալի ծրագիրը, ապա դժվար կլիներ ենթադրություններ անել Իտալիայի ներկա տնտեսական եւ քաղաքական կշռի վերաբերյալ ոչ միայն որպես Եվրոպայի մաս կազմելու, այլեւ աշխարհի զարգացած երկրների շարքում գտնվելու տեսանկյունից։
Դեմոկրատիայի զարգացումն ԱՊՀ տարածքում կրեց տարերային բնույթ, եւ ամեն մի պետության ղեկավար սկսեց անձամբ «ղեկավարել» այդ գործընթացըՙ հարմարեցնելով իր կրթության մակարդակին եւ ճաշակին։ ԱՊՀ-ական դեմոկրատիայի հաստատման «փայլուն» օրինակներից է միջինասիական պետություններում տիրող հասարակական-քաղաքական վիճակն իր «քաղաքացիական հասարակությունով»։ Վերջին բառակապակցությունը շատ մոդայիկ է ԱՊՀ տարածքում շուրջ 10 տարի, սակայն ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը, ինչո՞վ են այն «ուտում», ժողովրդի լայն զանգվածն այդպես էլ չիմացավ եւ, հաշվի առնելով քաղաքական զարգացումները ողջ ԱՊՀ տարածքում, հայրենասիրության անվան տակ ազգայնամոլ ուժերի վերակենդանացումը հիմք է տալիս եզրակացնելու, որ դեռ երկար ժամանակ չի հաստատվի հասարակ մահկանացուների գլխում քաղաքացիական հասարակության անհրաժեշտությունը, մանավանդ ԱՄՆ կառավարությունը չի էլ պատրաստվում նույնիսկ փոքր մասշտաբի Մարշալի ծրագրեր իրականացնել ԱՊՀ տարածքում (բացառությամբ Վրաստանի, որտեղ առայժմ կան միայն միլիարդ դոլարների հասնող խոստումներ...)։ Իսկ ազատականությունը եւ դեմոկրատիան չեն կարող առանց մեկը մյուսի կայանալ, քանի որ ածանցյալ են իրարից։
Կոռուպցիան որպես չկայացած դեմոկրատիայի արդյունք
Ինչպես վերը նշեցինք, դեմոկրատիայի հաստատումն իրենց ձեռքը վերցրին ԱՊՀ երկրների ղեկավարները, ավելի ճիշտՙ սկսվեց մի գործընթաց, որտեղ սովետական հոգեբանությամբ դաստիարակված ղեկավարները սկսեցին լիբերալ-դեմոկրատիան հարմարեցնել իրենց եւ իրենց շրջապատին։ Այստեղ էր, որ դրվեցին կոռուպցիայի հիմքերը, եւ այն, ինչ ունենք հիմաՙ ճյուղավորված կոռումպացված տնտեսություն, ինչու չէ, նաեւ քաղաքական համակարգում, համեմատելի չէ խորհրդային տարիների քիչ թե շատ, կոռումպացված համակարգի հետ։
Հեռու չգնանք, այն, որ Հայաստանում, պետական կառավարման համակարգում կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է դարձել, կարծում եմ, նորություն չէ։
Նորությունը կոռուպցիայի ճյուղավորումն էր հայկական քաղաքական համակարգում վերջնականապես եւ դեռ երկար ժամանակ կունենա իր «քաղաքական» հենարանը կամ հենարանները։
Ստվերային տնտեսության կապիտալի զգալի մասն ուղղվում է այդ հենարաններինՙ ստեղծվում են կուսակցություններ մեծ զգացմունք առաջացնող անուններով, եւ զարմանալին այն է, որ այդ նորաթուխ «քաղաքական միավորները» միշտ խոսում են ժողովրդի շահերից, իսկ գաղափարախոսության մասինՙ ոչ մի ծպտուն։ Այսինքնՙ չեն ասում համաժողովրդական բարեկեցության հասնելու ուղու մասին, այլ միանգամից «խփում» են նշանակետին։
Սակայն հետագայում լայն ժողովրդականություն չվայելելով, կոռումպացված քաղաքական տարրը հենց ընտրությունների ժամանակ օգտագործում է վարչական ռեսուրսը, շրջանառության են դրվում ստվերում «վաստակած» գումարները, որ ըստ էության դառնում է ներդրումՙ ուղղված իշխանության պահպանմանը։ Եվ, ինչպես միշտ, այդ ներդրումները վերադարձվում են իրենց բարձր տոկոսային արտահայտությամբ։
Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։ Մեկ, շատ պարզ պատճառով. քաղաքական համակարգում բացակայում են ժողովրդավարական, քաղաքական մշակույթի ավանդույթները, իսկ իշխանություններին չի էլ հետաքրքրում այլեւս ստանձնել ոչ թե հեգեմոնի, այլ գոնե ազդակ տվողի դերակատարությունը, քանի որ իրեն պետք չէ կոռուպցիայի արդյունքում ստեղծված ավանդույթներից բացի ուրիշ ավանդույթներ։
Ի՞նչ անել
Մարդկությունը հազարամյակներ շարունակ միշտ այս հարցն է տվել, ի՞նչ անել։ Ամեն մեկս առանձին, մեր «լապտերը» բռնած, գիտակցական ողջ կյանքի ընթացքում ճշմարտությունն ենք որոնում...
Մինչ օրս չեմ լսել, թե որեւիցե մեկը գտել է ճշմարտությունը։ Կա կարծիք նաեւ, որ ճշմարտությունը մեկն է, մնացածն արդարացումներ են։ Չգիտեմ։
Գիտեմ մի բան. այս երկրին հարկավոր է զարգացման հստակ ծրագիր, որտեղ հաստատ տեղ չեն ունենա ստվերային տնտեսությունները, պետական կառավարման համակարգի մանրապճեղ չինովնիկական կոռումպացված համակարգը, ժողովուրդը չի վաճառի ընտրությունների ժամանակ իր եւ երեխաների ապագան մի պարզ պատճառով, որ գնող չի լինի, հետեւաբար հայ հասարակության գենոֆոնդն էլ չի զարգանա անդեմ համակարգում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՌԱԿ ատենապետ