«Ոչ մի կազմակերպության չպետք է թույլ տալ շահույթ կորզել Հայոց ցեղասպանությունից։ Մենք պետք է կարողանանք արդարություն հաստատել եւ վերապրողներին վերադարձնել իրենց զոհված հարազատների ունեցվածքները», նշել է Գլենդեյլից ճանաչված իրավաբան Վարդգես Եղիայանը, որի «Եղիայան եւ ընկերություն» իրավաբանական գրասենյակը դատական հայց է ներկայացրել այս անգամ «Վիկտորիա» ապահովագրական ընկերության դեմ։ Այս մասին է տեղեկացնում էլ. փոստով ստացված հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ «Վիկտորիա վերսիչերունտը» տասներորդ ընկերությունն է, որի դեմ դատական գործ է հարուցվում նույն նպատակով։
«Վիկտորիա» ընկերությունում ապահովագրական վկայականներ ունեցող բոլոր զոհված հայերի անունից բազմամիլիոնանոց դատական հայցը ներկայացրել են Վազգեն Մովսեսյանն ու չորս այլ հայցվորներ, որոնք բազմիցս դիմել են ապահովագրական ընկերությունՙ իրենց հարազատների գումարները ստանալու, ու մերժվել։
Հայտնի է, որ 1880-1915 թթ. Օսմանյան Թուրքիայում ապրող բազմաթիվ հայեր օգտվել են «Վիկտորիա» ընկերության ծառայություններից։ Ընկերության աշխատակիցները մինչեւ վերջերս անընդհատ մերժել են վերապրողների դիմումներըՙ անելանելի դրության մատնելով նրանց։
Ավելացնենք, որ Վարդգես Եղիայանը 1970-ից ի վեր ստանձնել է վերապրողների շահերի պաշտպանության պարտականությունը, եւ նրա ընկերությունը մինչ այս արդեն ինն այլ ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործ էր հարուցել։ Դրանց թվում է «Մարությանն ընդդեմ Նյու Յորք լայֆի», «Քյուրքչյանն ընդդեմ «Աքսա եւ Ալի» եւ այլ գործեր։