Իսկ երշիկեղե՞նըՙ ապխտած, կիսաապխտած
Վաշինգտոնի նահանգում կատաղած կովի հայտնաբերումն իրարանցում առաջացրեց ԱՄՆ-ից մսամթերք ներմուծող բոլոր երկրներում (տես էջՙ 5)։։ Ռուսաստանն անմիջապես ներկրումների արգելք հայտարարեց։ «Հայաստանն այս առթիվ անհանգստանալու պատճառներ չունի, Ռուսաստանից մեր հանրապետություն մսամթերք չի ներմուծվում», «Ազգի» հարցմանն այսպես պատասխանեց ՀՀ գյուղնախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը։ Խոշոր եղջերավորների մսամթերք մեր երկիր ներկրվում է մեծ մասամբ Հնդկաստանից։ Ճիշտ է, այն որակական հատկանիշներով զիջում է մեր տեղական արտադրանքին, սակայն սննդային ու անվտանգության ցուցանիշներով, մասնագետների հավաստմամբ, բավարար մակարդակի է։
Համենայն դեպս, հնդկական մսամթերքը մատակարարվում է հիմնականում պաշտպանության նախարարությանը եւ վերամշակող ձեռնարկություններին։ Տեղական արտադրությունն առայժմ ընդամենը 60-70 տոկոսով է բավարարում սպառողների պահանջարկը։ Խոզի միսը եւս ներմուծվում է Իտալիայից, Ֆրանսիայից ու Բրազիլիայից։
Հիշեցնենք, որ կովերի կատաղության հիվանդությունը վերջին անգամ հայտնաբերվել է Անգլիայումՙ 1999 թվականին, հետո անցել Ֆրանսիա ու Գերմանիա։ Փորձագիտական ուսումնասիրությունները հավաստել են, որ հիվանդության պատճառը մորթի ենթարկված եղջերավորների թափոններից պատրաստված մսաոսկրային ալյուրն է, որով կերակրում են իրենց իսկ ցեղակիցներին։ Հիվանդության հայտնաբերումից անմիջապես հետո Անգլիայում դադարեցվեցին բարբարոս այս սննդատեսակով կերակրումները, իսկ հիվանդ կենդանիները ոչնչացվեցին։
Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ չպետք է տրվել ինքնահանգստացման խաբկանքին։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ արդեն Ռուսաստան մտած կասկածելի մսամթերքը, առավել եւս երշիկեղենըՙ ապխտած, կիսաապխտած վիճակում, եւ հատկապես նախաամանորյան խճողված շրջանում սեւ բիզնեսի կանոններով չի թափանցի Հայաստան։ Հիշենք «Բուշի տոտիկների» նախադեպը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ