Ի դեմս ամբաստանյալներ Գրիգոր Պետրոսյանի, Գեղամ Շահբազյանի...
Զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ երեկ շարունակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի վերաքննությունը։
Դատարանն ավարտեց ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը։ Ֆելիքս Առուստամյանը թերեւս ինքն էլ չընկալելով նախաքննական կամ դատաքննական ցուցմունք ասվածները, ի վերջո հստակ չպարզաբանեց, թե որ ցուցմունքներից է հրաժարվում։ Դատարանում Առուստամյանի հրապարակվող ցուցմունքների կապակցությամբ նրա պաշտպան Զարուհի Բոստանջյանը դատարանին խնդրեց արժանահավատ չհամարել ընթերցված ցուցմունքները, քանի որ դրանք ձեռք են բերվել իր պաշտպանյալի իրավունքների խախտմամբ։
Այնուհետեւ, ըստ ապացույցների հետազոտման սահմանված կարգի, դատարանում ցուցմունք պիտի տար ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանը։ Սակայն նա հրաժարվեց, հրաժարվելով նաեւ պատասխանել հարցերին։
Դատարանը հրապարակեց նաեւ Գրիգոր Պետրոսյանի նախկին ցուցմունքները։ Հրապարակման ժամանակ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նկատեց, որ Պետրոսյանի ցուցմունքները հրապարակվում են ընտրովի։ Գրիգորյանն առաջարկեց հրապարակել բոլոր ցուցմունքները կամ հիմնավորել, թե ինչպես է կատարվել ընտրությունը։ Դատավորն այս կապակցությամբ նշեց, որ հրապարակումն ավարտելուց հետո կողմերը կարող են նշել չհրապարակված ցուցմունքները, որոնք եւս կհրապարակվեն։
Հետաքրքրական է, որ Գրիգոր Պետրոսյանի ցուցմունքներից հրապարակվեցին նաեւ ամբաստանյալների այս խմբի որոշ ներկայացուցիչներին վերաբերող երկու կարճված գործերի վերաբերյալ ցուցմունքներ։ Մասնավորապես այդ գործերից մեկը վերաբերում է Վազգեն Սարգսյանի քեռուՙ Սուրեն Մելքոնյանի մեքենան պայթեցնելու ծրագրին, որը նախաձեռնողը, ըստ ցուցմունքների, եղել է Հովհաննես Հարությունյանը։
Նմանապես ծրագրված է եղել մեկ այլ հանցագործությունՙ այս անգամ գողություն։ Այսինքնՙ այսօր ամբաստանյալների աթոռին նստած Ջոն Հարությունյանը, Գեղամ Շահբազյանը, Գրիգոր Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը մեկ անգամ չէ, որ ձեւավորել են խումբՙ հանցագործություն կատարելու նպատակով։
Ինչեւէ, ապացույցների հետազոտման հերթականությամբ հաջորդ հարցաքննվողն ամբաստանյալ Գեղամ Շահբազյանն էր, որ նախ հայտարարեց, թե պատրաստվում է ճշմարիտ ցուցմունքներ տալ։ Ըստ այդմ, սպանության պատվերը կատարելու համար Ղարաբաղից Ջոն Հարությունյանը եւ Ֆելիքս Առուստամյանը եկել են Ապերի խնդրանքով։ Ի դեպ, հենց Ապերն էլ (Հովհաննես Հարությունյան) Շահբազյանին խոստացել է վճարել սպանության համար։
Եթե այսպես շարունակվի, կարելի է ենթադրել, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի վերաքննությունը կարող է անակնկալներ մատուցել։ Միայն թե տվյալ դեպքում հարկ կլինի պարզել, արդյոք առաջին ատյանի դատարանո՞ւմ, թե՞ վերաքննիչ դատարանում տրված ցուցմունքներն են իսկապես արժանահավատ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ