«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2003-12-23 | #237, 2003-12-24 | #238, 2003-12-25


ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Լեւոն Աբրահամյանը դեկտեմբերի 24-ի դատական նիստում կտրականապես հերքեց իրեն ներկայացված մեղադրանքը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ընթացքում նա հայտարարեց, որ մեղադրանքը սուտ է, սադրանք, եւ դրա հեղինակը գործով վկա Արայիկ Նարիմանյանն է։

Ամբաստանյալը մասնավորապես հայտնեց, որ Նարիմանյանը 2003 թ. հունիսին եկել է իր մոտ եւ հայտնել, որ Արցախում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շրջապատի անձինք դիմել են իրեն Սերժ Սարգսյանին սպանելու պատվերով. դրա հետեւանքով իշխանափոխություն կլինի եւ Բաբայանը դուրս կգա բանտից։ Նարիմանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը Աբրահամյանին էլ է նախկինում նեղացրել եւ բանտ նստեցրել։ Ըստ ամբաստանյալի, ինքը ժխտել է այդ պնդումը, նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն բանտ չի նստեցրել, ավելինՙ դրական դեր է խաղացել իրեն ներում շնորհելու հարցում։ Լեւոն Աբրահամյանը հայտարարեց, որ Նարիմանյանն առաջարկել է «օպերատիվ խաղ» սկսել սպանությունը պատվիրող անձի հետ, մի կողմիցՙ այն կանխելու, իսկ մյուս կողմիցՙ Սերժ Սարգսյանին հաճոյանալու համար։ Նա հերքեց, թե 500 դոլար է տվել Նարիմանյանին պայթուցիկ սարք գնելու համար, սակայն միաժամանակ հաստատեց, որ Նարիմանյանի հետ գնացել է պաշտպանության նախարարության շենքի մոտ, որտեղ խոսակցություն է եղել պայթուցիկ սարքի տեղադրման մասին։

Նախատեսվում է, որ հունվարի 9-ին կայանալիք դատական նիստում մեղադրական ճառով կսկսվի դատական վիճաբանությունների փուլը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4